Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ԳԼԽԱՇՈՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Մայիս 14,1999 00:00
Menuhi

Թուրքիայի խորհրդարանի իսլամական գլխաշոր կրող պատգամավորուհու պատմությունը, զարգանալով, աստիճանաբար ձեռք է բերում լատինաամերիկյան լավագույն սրտաճմլիկ սերիալներին բնորոշ բոլոր հատկանիշները, տարբերակվելով միայն մեկ առումով՝ թուրքական սցենարը փոքր-ինչ միջազգայնացված է։

Ինչպես ընդունված է, սերիալի հերթական մասը ներկայացնելիս անհրաժեշտ է հիշեցնել նախապատմությունը։ Ահա այն։ Ապրիլի 18-ին Թուրքիայում տեղի ունեցած պառլամենտական ընտրություններում իսլամական «Առաքինություն» կուսակցության ցուցակով Ազգային Մեծ Ժողովի պատգամավոր է դառնում 31-ամյա կոմպյուտերային ինժեներ Մերվե Կավակչին։ Մայիսի 2-ին տիկին Կավակչին նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստին է ներկայանում՝ կրելով իսլամական գլխաշոր։ Պատգամավորուհուն դուրս են հրավիրում դահլիճից՝ թույլ չտալով մասնակցել խորհրդարանի անդամների երդման արարողությանը։ Այդ մասին մեր թերթն արդեն պատմել է նախորդ համարներից մեկում։ Այնուհետեւ սերիալը շարունակվում է, իսկ հանուն գլխաշորի պայքարը՝ թեժանում։ Իսլամականները չեն հրաժարվում իրենց սկզբունքներից։ Ավելին, իրենց հետադիմական արժեքները պաշտպանելիս նրանք հանդգնում են օգտագործել ժամանակակից կարգախոսներ՝ պնդելով, որ գլխաշորի արգելքը ոտնահարում է մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը։ Իշխանությունների բոլոր ճյուղերը գրոհի են անցնում։ Գլխավոր դատախազ Վուրալ Սավաշը «Առաքինություն» կուսակցությունն արգելելու հարց է ներկայացնում Սահմանադրական դատարան։ «Վամպիրների նման, որոնք արյունից բացի այլ սնունդ չեն ընդունում, նրանք շահագործում են մարդկանց կրոնական հավատքը»,- հայտարարում է դատախազը հայցը ներկայացնելիս եւ համեմատում կուսակցությունը չարորակ ուռուցքի հետ։ Ի պատասխան, իսլամականները Մարմարայում կազմակերպում են երկու հազարանոց ցույց, որը դաժանորեն ցրվում է ոստիկանության կողմից։

Դրանից հետո գործին խառնվում է ամենակարող թուրքական բանակը։ Գեներալները, ի դեմս բանակի հրամանատար Սամի Զիգի, զգուշացնում են, որ թուրքական բանակը բավական ուժեղ է իրենց դեմն առնելու համար։ 1997 թ. բանակն արդեն գրանցել է իսլամիզմի դեմ պայքարում լուրջ հաղթանակ, երբ ստիպել է հրաժարական տալ կրոնամետ կառավարությանը եւ քաղաքական ասպարեզից հեռացրել Նեջմեթին Էրբաքանին։ Ի դեպ, ասում են, որ հենց նա է ոգեւորել Մերվե Կավակչիի խորհրդարանական դեմարշը։ Տեսնելով, որ գլխաշորը սկսում է լուրջ վտանգ ներկայացնել երկրի կայունության համար, իր խոսքն է ասում նաեւ երկրի նախագահ Սուլեյման Դեմիրելը։ Նա կոչ է անում «պաշտպանել հանրապետությունը»։ «Այո, Թուրքիան ազատ է,- ասում է Դեմիրելը,- բայց բնական է, որ պետությունը ուշադիր է լինելու, եթե դուք ուզում եք պայթեցնել կարգուկանոնը, վտանգել միասնությունը եւ ներքին խաղաղությունը»։

Միեւնույն ժամանակ Դեմիրելին է պատկանում հակամարտության միջազգայնացման նախաձեռնությունը։ Նա հայտարարում է, որ Մերվե Կավակչիի արարքը եւ, ընդհանրապես, իսլամականների գործունեությունը ղեկավարվում է դրսից։ Մեկնաբանները անմիջապես հասկանում են, որ ակնարկը վերաբերում է Թեհրանին, մանավանդ որ, ելույթի հաջորդ մասում Թուրքիայի նախագահն արդեն բացահայտորեն մեղադրում է Իրանի իշխանություններին՝ քրդական շարժմանն աջակցելու մեջ։ Իրանը, բնականաբար, մեղադրանքները ժխտեց, իսկ առանց այն էլ փխրուն միջպետական հարաբերություններն էլ ավելի լարվեցին։ Ինչպես նշեց Անկարայում Իրանի դեսպան Աթաքանլին, «երկու երկրները հսկայական ջանքեր են գործադրել կապերը վերականգնելու համար։ Երկուսի համար էլ լավ կլիներ՝ չկորցնել դա»։ Մինչդեռ իրանական մամուլը շատ ավելի անկեղծ արձագանքեց։ «Թեհրան թայմս» թերթը, հարցնելով, թե արդյոք իսլամական գլխաշորը այդքան վտանգավո՞ր է Թուրքիայի հասարակարգի համար, պատասխանում է. «Եթե այդպես է, ապա կամ գլխաշորն է ծայրահեղ վտանգավոր զենք, կամ թուրքական կառավարությունն է ծայրահեղ թույլ»։ Թերթը գտնում է, որ ոչ միայն թուրքական բանակը, այլեւ նույնիսկ «Անկարայի արտասահմանյան ամենահզոր հովանավորը չի կարող կանխել Իսլամական հեղափոխության ազդեցությունը»։

Հավատքի եւ սկզբունքների թեժ պայքարի մասին այս պատմության մեջ իր տեղն է գտել նաեւ սիրո թեման. առանց դրա էլ ի՞նչ սերիալ։ Դա մի դրվագ է ամերիկյան բուհի տարօրինակ գլխաշորով մի ուսանողուհու մասին, որը սիրահարվում է հորդանանցի մի երիտասարդի, ամուսնանում, երկու դուստր ունենում… Ինչպես կռահեցիք, խոսքը Թուրքիայի այսօրվա հերոսուհի Մերվե Կավակչիի մասին է։ Ամուսնական երջանկությունը Միացյալ Նահանգներում ընդամենը երեք տարի տեւեց։ Այնուհետեւ՝ ամուսնալուծություն, դատարան եւ դաժան վճիռ, համաձայն որի՝ նա կորցրեց դուստրերին խնամելու իրավունքը։ Սակայն իսլամի զինվորուհին այն ժամանակ էլ չհնազանդվեց։ Նա առեւանգեց աղջիկներին եւ փախավ հայրենիք։ ԱՄՆ ոստիկանությունը մինչ օրս «փնտրում է» նրան։ Այնպես որ, եթե թուրքական ողջ վարչակարգը չկարողանա սաստել պատգամավորուհուն, ո՞վ գիտի, գուցե չի բացառվում, որ ԱՄՆ իրավապահ մարմինները պահանջեն՝ հանցավոր մորը հանձնել Չիկագոյի ոստիկանությանը։ Այդ դեպքում Մերվե Կավակչիի գործը կարող է լրացնել Պինոչետի եւ Օջալանի աղմկահարույց գործերի շարքը։

Ե. Կ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31