Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՐ ԱՅԴՊԵՍ Է՝ ՕՐԵՆՔՈՎ ԵՄ ԴԱՏԵԼՈՒ»

Մայիս 14,1999 00:00
dolar

1100 դրամ խնայբանկ մուծելով՝ անդորրագիրը դրեցի Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Գ. Կարախանյանի սեղանին՝ խնդրելով, որ դատավորը քննության առնի իմ հայցադիմումն առ այն, որ 1997 թ. նոյեմբերի 13-ին Կանարյան կղզիներից որդուս ուղարկած 100 դոլարի փոխարեն «Կրեդիտ-Երեւան» բանկն ինձ առաջակում է 65 դոլար, պնդելով, որ այդքան է ստացել Նյու-Յորքի «Նացիոնալ Ռեսպուբլիկ» բանկից։

Որդիս բազմիցս հեռախոսով ասել էր, որ առաքել էր 100 դոլար եւ նյարդայնանում էր, որ իր յոթանասունվեցամյա կաթվածահար, անկողնային հիվանդ հայրը եւ վաթսունվեցամյա վատառողջ մայրը, որը ստանում էր չորս հազար հինգ հարյուր դրամ նպաստ՝ զրկված են իրենց որդու նյութական օգնությունից։ Ավելի քան մեկ տարի բախեցի «Կրեդիտ-Երեւան» բանկի դռները։ Ընդհանուր բաժնում պրն Գեւորգյանն ինձ բացատրեց, որ շուրջ քառասուն դոլար ճանապարհին կորել է, քանի որ գումարն անցել է բանկից բանկ։ Ըստ նորագույն փոխառության՝ այդ բացատրությունն անվանվում է բլեֆ՝ մեկ բառով եւս հարստացնելով հարյուր հիսուն հազար բառակազմ ունեցող մեր հարուստ լեզուն։ 1998 թ. սեպտեմբերի 18-ին, Վիկտոր Համբարձումյանի ծննդյան իննսունամյա տարելիցին նվիրված աստղաֆիզիկոսների հնգօրյա գիտաժողովին մասնակցելու համար որդիս ժամանեց Երեւան։ Նա նորից կրկնեց, որ Կանարյան կղզիների բանկն անմիջապես վճարել է առաքման վարձը, որ նույնիսկ ամոթ է մեկ տոկոս միջնորդավարձ վերցնել։

Ժամանակին ԿԲ կառավարիչ Բագրատ Ասատրյանի օգնական Դավիթ Ավետիսյանն ինձ ասել էր, որ երբեք չստանամ 65 դոլարը, քանի որ Կանարյան կղզիների բանկը ֆաքսով ուղարկեց փաստաթուղթ առ այն, որ 1997 թվականի նոյեմբերի 13-ին «Կրեդիտ-Երեւան» բանկ է փոխանցել ճիշտ 100 դոլար, ուր նշված էր ե՛ւ հաշվի համարը, ե՛ւ ստացողի անուն-ազգանունը։ Ամիսներ շարունակ բանկի աշխատակցուհիները, ինչպես նաեւ Տիգրան Միրզոյանն ու պարոն Գեւորգյանը պնդում էին, որ չկա հաշվի համարը, չկա ստացողի ազգանունը, եւ որ իբր չգիտեն, թե ում գումարն է։ Խաբում էին։ Օ՜, որքան է ամաչել նաեւ որդիս, հոգեպես տանջվել, որ Հայրենական պատերազմի առաջին կարգի հաշմանդամ հորը խանգարում են օգնելու, որ մայրը կընկնի դժվարին կացության մեջ։ Հետաքրքիր է գիտենալ, թե իրավագետները որքա՞ն կգնահատեին Հայաստանի Հանրապետության բարի անվանը հասցված բարոյական վնասի արժեքը։

Երեւանյան հնգօրյա գիտաժողովի նախօրեին, երբ նրան ասում էի, թե բավական է օտար ափերում մնաս, հետ արի, Երեւանում կաշխատես, մտածում էի՝ ո՞ւր գա…

Շուրջ մեկուկես տարի է, որ բանկը շահագործում է իմ 100 դոլարը եւ հավելյալ օգուտ ստանում, իսկ ինձ՝ վաստակաշատ մանկավարժիս, անարգեցին։ Ի՞նչ եք կարծում, որքա՞ն կկազմի ինձ հասցված բարոյական վնասի հատուցման գինը։ Ես շուրջս էի նայում, որ տեսնեմ՝ ծանոթ մարդ տեսա՞վ, որ ինձ կոպտորեն դուրս վռնդեցին բանկի շենքից։ Ես գրեցի «Մաքրել ավգյան ախոռները» հոդվածը, որը տպագրվեց «Առավոտ» օրաթերթում։ Անհրաժեշտ է պատժել «Կրեդիտ-Երեւան» բանկի ե՛ւ տնօրենին, ե՛ւ նրանց՝ ում շարունակ դիմեցի, գնացի-եկա՝ վատնելով թե՛ նյութական ուժերս, թե՛ տուժելով բարոյապես… Ընկճվեցի, հիվանդացա։

Դատարանը, եթե սիրում է մեր ժողովրդին եւ եթե ձգտում է թեկուզ դանդաղորեն իրականացնել ժողովրդավարության գնալու հույժ անհրաժեշտ, սակայն դժվարընթաց, խորդուբորդ ուղին, պետք է շահագրգռված լինի չարիքն արմատախիլ անելու։ Մինչդեռ դատավոր Գ. Կարախանյանն ասում է. «Պահանջում ես 2560 դոլար նյութական եւ բարոյական արժեքների փոխհատուցում։ Չէ՞ որ խնայբանկ ես մուծել 1100 դրամ։ Ուրեմն, պահանջածդ չես ստանա, քանի որ պետք է վճարեիր 30 հազար դրամ»։ Ես այսօր ստանում եմ վեց հազար հարյուր դրամ։ Եթե դատարանը գտնվի ժողովրդավարական երկրին հատուկ բարձրության վրա, ապա նա մեկ-մեկ պետք է հաշվի բոլոր նյութական եւ բարոյական արժեքների վատնումը, որին ենթարկվեցինք ես, որդիս, ամուսինս, Հայաստան աշխարհը եւ ինձ հետ զայրացող ուսուցիչներն ու հարեւանները։

Ի՞նչ էր ակնարկում դատավորը, երբ սրդողած բացականչեց. «Որ այդպես է, օրենքով եմ դատելու»։ Ուզում էր ասել, թե կստանաս միայն նյութակա՞ն վնասի արժեքը, թե՞ տեղյակ չէր, որ բանական էակ մարդ արարածը բարձր է միայն իր բարոյական արժեքով։ Գուցե կարծում է, որ իսպանացու, ֆրանսիացու կամ գերմանացու արյունն ավելի կարմիր է, քան մերը, թե՞ մենք՝ իբրեւ մարդ, ստորին ռասսայի ենք պատկանում։ Ասացե՛ք, տիկին Կարախանյան, ինչո՞վ մենք քաղաքակիրթ չենք, չէ՞ որ բոլոր երկրների քաղաքացիական օրենսգրքերում առկա է բարոյական վնասի հատուցման մասին օրենքը… Եթե դատարանը ձեռնպահ մնա բարոյական վնասի հատուցման մասին որոշում կայացնելուց, ապա այն ժողովրդական դատարան կոչվել չի՛ կարող, եւ հեռու կլինի արդար դատավճիռ ընդունելու ունակությունից։

Եթե նյութական վնասից զատ բարոյական արժեզրկումս դատարանը չորոշի վերականգնել դրամական փոխհատուցմամբ, ապա մենք հետ կշպրտվենք մինչեւ 19-րդ դարասկիզբ։ Ավելին՝ դրամատերերը կլլկեն, կոտնահարեն հասարակ շարքային մարդկանց. մի՞թե գաղտնիք է, որ առաջընթացը զիգզագաձեւ է եւ հետընթացը կարող է ավելի երկարատեւ լինել։

Ս. ՇԱԹԻՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31