Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄԸ՝ ՎԱՐՔԻ ՆՈՐՄԱ

Մայիս 14,1999 00:00
Toto

«Առավոտ» թերթում տպագրված երկու հոդվածներ («Դեւիդ Կոպերֆիլդի աշակերտուհին» -6.02.99 թ. եւ «Ողբ երեք հասցեով» -4.05.99 թ.) առնչվում են իմ անձին եւ անդրադառնում իմ աշխատանքին։

Հոդվածների հեղինակը Սուրեն Անտոնյանն է։ Հեղինակ, որն իր երկու հոդվածների նախապատրաստման ընթացքում ոչ մի անգամ չի այցելել Գավառի սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ուսումնասիրելու եւ լուսաբանելու ծառայության աշխատանքն ըստ իր հայեցողության։ Հոդվածի հեղինակը սոցիալական ծառայություն է ներկայացել միայն նպաստառու դառնալու համար՝ ներկայացնելով գրավոր ոչ ճիշտ տեղեկություններ։ Մասնավորապես դա վերաբերում է հոդվածի հեղինակի կնոջ՝ այժմ Գավառի թիվ 1 դպրոցում աշխատող վաստակաշատ ուսուցչուհի Ելենա Մաթեւոսյանի չաշխատելու փաստին (փաստաթուղթը տրվել էր ԲՇՏ-ի կողմից)։

Առաջին հոդվածը չի պարունակում ոչ մի անուն։ Ընտանեկան նպաստի համակարգը, որը նոր է ներդրվել եւ ունի իր առավելություններն ու թերությունները, չի աշխատում ո՛չ գրչի մեկ հարվածով եւ ո՛չ էլ համակարգչին համոզելով։ Սեփական ավտոմեքենաներով շրջող, շքեղ կյանքով ապրող, ոչնչի պահանջ չունեցող, բայց ընտանեկան նպաստի ցուցակներում տեղ գտած իմ, ծառայության մյուս աշխատակիցների ազգանվակիցների, ծանոթների ու բարեկամների ոչ մի անուն չի հիշատակում հեղինակը։

Ինչ վերաբերում է հունվար ամսում ցուցակներում եղած մահացածների անուններին, դրանք տեղ են գտել հետեւյալ պատճառներով.

– յուրաքանչյուր ընտանիք «Փարոս» համակարգում փաստագրվել է կամավորության սկզբունքով դեռեւս 1997 թվականից,

– սոցիալական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում ընտանիքում, պետք է ամրագրվեն մեզ մոտ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերով,

– եթե ընտանիքի գլխավորող անդամը մահացած է, ծառայությունն իրավունք չունի այդ պատճառով ընտանիքին ցուցակից դուրս հանելու առանց այդ ընտանիքի կողմից մահվան վկայականի ներկայացման։

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ծառայության կողմից գրություն է ուղարկվել Գավառի «Փոստատուն» դուստր ՓԲԸ-ին, որպեսզի այդպիսի նպաստառուներին չվճարվեն նպաստներ։ Արդյունքում հունվար ամսին նպաստներ չեն վճարվել 74 մահացածներ ունեցող ընտանիքների, փետրվարին՝ 22։

Շատ սրտառուչ է երկրորդ հոդվածում մեջբերված նամակը, որի հեղինակ Անահիտ Հակոբյանը հունվար ամսից ստանում է սահմանված չափով նպաստ՝ ամսական 4800 դրամ։ Վերջինս մշտապես ներկայանում է սոցիալական ծառայություն հարբած վիճակում, անանուն եւ անպատշաճ մեղադրանքներով, հայհոյում է ծառայության աշխատակիցներին (թե կին, թե տղամարդ), փորձում է հարցեր լուծել ուրիշների փոխարեն։ Եվ եթե նրա՝ քրեորեն պատժելի արարքները մնացել են անպատժելի, ապա միայն ու միայն իր առողջական եւ սոցիալական վիճակի նկատմամբ մեր գթասրտությունից։ Կարծում եմ, հետագա բացատրություններն ավելորդ են։

Ինչ վերաբերում է դատախազության ուսումնասիրություններին, որոնք կատարվել են հոդվածագրի բանավոր հայտարարության հիման վրա, մեզ ներկայացված ուսումնասիրության ակտում խախտումներ չեն արձանագրում։ Թե ինչպիսի՞ միջնորդագիր է ներկայացրել Գեղարքունիքի դատախազությունը, ի՞նչ փաստերի հիման վրա՝ կհստակեցվի դեռեւս քննարկումների ժամանակ։

Եվ որոշ թվական տվյալներ, որոնք ակնառու ցույց կտան, թե որքան բնական են ընդհանուր դժգոհությունները ընտանեկան նպաստի համակարգից։

Մեր ծառայությունը սպասարկում է մեկ քաղաքային եւ տասնմեկ գյուղական համայանքներ։ Փաստագրված 7000 ընտանիքից, ապրիլի դրությամբ, նպաստառու է 2331-ը, էլեկտրաէներգիայի փոխհատուցում է ստանում 819 ընտանիք։

Ի դեպ, հունվար ամսվա դժգոհությունների ֆոնի վրա գրված Ս. Անտոնյանի առաջին հոդվածը չի ներառել մի կարեւոր հանգամանք՝ կապված Գավառ քաղաքի ընտանեկան ցուցակների նախապատրաստման աշխատանքների հետ։ Գավառի քաղաքապետարանը 1998 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ նպատակահարմար չգտավ որեւէ ընտանիքի փաստագրված ցուցակներից բարեկեցիկ ճանաչել։ Այդ պատճառով 1999 թվականի հունվարին Գավառ քաղաքում նպաստների ներդրումը անցավ սոցիալական համեմատաբար լարվածության պայմաններում։ Ավելին՝ քաղաքապետարանն անգամ ցուցակից դուրս չհանեց քաղաքապետի օգնական Ռաֆիկ Աղաբեկյանի անունը, որն իր ներկայացրած փաստաթղթերում թաքցրել էր իր աշխատելու հանգամանքը՝ աշխատավարձը։ Այդ բոլոր բացթողումները վերագրվում են, ի վերջո, սոցիալական ծառայությանը։ Ինչո՞ւ…

Սակայն նշենք, որ Գավառի քաղաքապետարանը, այդուհանդերձ, վերջապես ընդունելով գործի կարեւորությունը, համագործակցում է ծառայության հետ։ Համագործակցության առավել ճիշտ քաղաքականություն են իրականացնում գյուղական համայնքներն ի սկզբանե եւ այժմ՝ աշխատանքի ամենօրյա պահանջներին համապատասխան։

Մեր ծառայությունը պատշաճորեն է վերաբերվում մեծ հոգածության կարիք ունեցող այն խնդիրների լուծմանը, որոնք առնչվում են մարդկանց եւ ընտանիքներին։ Եվ առաջնորդվում ենք պատասխանատվության բարձր գիտակցությամբ, ինչը լավ կլիներ, որ դառնար նաեւ հոդվածագրի վարքի նորման։

Հարգանքներով՝

ԱՆՈՒՇ ՇԱՀԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31