«Միասնություն» դաշինքի քարոզարշավի փուլերը, ըստ ժամանակացույցի, եթե բաժանելու լինենք մեծ եւ փոքր էտապների, կարելի է ասել, որ երկրորդ մեծ էտապն ավարտվեց։
Դաշինքին ուղեկցող լրագրողներն արդեն լրիվ անգիր են սովորել թե՛ Կարեն Դեմիրճյանի, թե՛ Վազգեն Սարգսյանի ճառերը, թեպետ կարելի է ասել, որ դաշինքի ղեկավարները, ըստ տեղի պրոբլեմների, բավական համարձակ դիմում են իմպրովիզների՝ պահելով շաբլոնի բոլոր կետերը։
Հետաքրքրությունը դաշինքի քարոզարշավի նկատմամբ չափազանց մեծ է։ Առայժմ ոչ մի տեղ դատարկ կամ կիսադատարկ հրապարակի չենք հանդիպել, թեպետ լինում էին դեպքեր, երբ շեղումը ժամանակացույցից կազմում էր 3-4 ժամ։ Օրինակ, մայիսի 11-ի երեկոյան սեւանցիները 4 ժամ սպասելուց հետո լսեցին Կարեն Սերոբիչի ձայնը, եւ 4 ժամվա ընթացքում բավական քիչ մարդիկ էին հիասթափվել ու ետ վերադարձել իրենց տները։
Գեղարքունիք
Կարդացեք նաև
Մայիսի 11-ն ամբողջությամբ նվիրված էր Գեղարքունիքին։ Առաջին կետը, որտեղ գյուղացիները գցած սեղանով դիմավորեցին ավտոշարասյանը, Արծվանիստ գյուղն էր։ Մեքենայից անմիջապես իջնելուց հետո Դեմիրճյանին եւ Սարգսյանին շրջապատեց գյուղացիների մեծ բազմություն, եւ սկսվեց խանդավառ հանդիպումը։ Բազմության միջից մի մարդ՝ խիստ ոգեւորված, 10 րոպե շարունակ, գոռում էր. «Ցավդ տանեմ, կյանքիդ մեռնիմ»։ Երբ լցված բաժակները մոտեցրին, Դեմիրճյանը փորձեց հրաժարվել խմելուց, Վազգեն Սարգսյանը խորհուրդ տվեց. «Կարեն Սերոբիչ, այստեղ առանց խմել չի լինի, իրար չենք հասկանա»։ Սա Գեղարքունիքում առաջին հանդիպումն էր, եւ հանդիպման այս ձեւն էլ մինչեւ վերջ շարունակվեց Գեղարքունիքի ողջ մարզում։
Գենշտաբը
Կարճաղբյուր գյուղից մինչեւ Վարդենիս մեր մեքենան նստեց տեղացի մի երիտասարդ, որը մեզ համար պարզաբանում էր, թե տվյալ պահին որտեղ ենք գտնվում։ Ճանապարհին, երբ ավտոշարասյունը կանգ առավ ինչ-որ զորամասի մոտ, երիտասարդը պարզաբանեց, որ դա «Դաթոյի շտաբն է»։ Մեր հարցական հայացքներին նա պատասխանեց. «Էս կողմերի գենշտաբն ա»։
Վարդենիս
«Եթե Հիսուս Քրիստոսը գար, երեւի այսքան մարդ չէր հավաքվի։ Դեմիրճյանի նկատմամբ ինչ-որ հավատ կա»,- հավաքված բազմությանը նայելով այսպես մեկնաբանեց միջին տարիքի, մտավորականի կեցվածքով վարդենիսցի մի տղամարդ։ Վարդենիսը հանրապետության ամենաբարդ պրոբլեմներն ունեցող շրջաններից մեկն է։ Միայն ծովի եւ կարտոֆիլի հույսով ապրող մարդիկ խանդավառությամբ հավաքվել էին տեղի մշակույթի տան դիմացի հրապարակում. ոմանք՝ Դեմիրճյանին տեսնելու, ոմանք՝ Վազգեն Սարգսյանին նայելու, ոմանք էլ՝ «բարիացած» Վովա Գասպարյանի հետ շփվելու համար։ Ի դեպ, հավաստում եմ, որ վերջինս քարոզարշավին չէր խառնվում, եթե, իհարկե, նախընտրական քարոզ չհամարենք նրա բարյացակամ «Բարեւ ձեզ»-ն ու «Շեն մնաք»-ը։ Մեզ տեղի իրողություններին ծանոթացնող մտավորականն անկեղծության պահ ապրեց եւ ասաց, որ ինքը Գեղամյանին է ընտրելու: Պատճառը՝ «Որ նա չնստեց շտապօգնության մեքենան»։ Լրագրողներից մեկը ասաց. «Ուրեմն՝ Բազեյանն առաջին գծում կռվի՝ Գեղամյանը հերոս դառնա, ինչ է թե՝ կյանքում մի անգամ հրաժարվել է իր արտոնություններից»։ Կարելի է մտածել, որ Ալբերտ Բազեյանն էլ իր մարտական ողջ կենսագրությունը պետք է նկարահանել տար, եւ այսօր մենք կարող էինք դիտել շա՜տ երկար մի հեռուստահոլովակ։
Հարված՝ գոտկատեղից ներքեւ
Օրվա ամենածանր հատվածը դաշինքի ղեկավարների համար Մարտունի շրջկենտրոնում էր։ Նախ՝ անմիջապես մեր աչքին զարնեցին «Միասնության» տեղական կազմակերպության պատրաստած դարչնագույն ցուցապաստառները։ Դրանց վրա գրված էին լոկ ազգի, միասնության եւ ուժի մասին լոզունգներ, եւ դժվար էր հասկանալ, թե քաղաքական ինչ ուղղվածության ուժի են սպասում մարտունեցիները։ Մի քանիսն արդեն հավաքված բազմությանն ասում էին. «Իզուր եք եկել։ Դեմիրճյանը ձեզ «կալբաս» չի բերելու»։ Ոմանք էլ կարծում էին, որ եթե Դեմիրճյանը եկավ, իրենք նախկինի մայիսմեկյան շքերթի պես պիտի գան ու անցնեն Մյասնիկյանի հրապարակով։ Համենայնդեպս, աչքի էր զարնում «Թիվ 1 մանկապարտեզ» բարձր պահված կարմիր ցուցապաստառը։ Դեմիրճյանի մեքենայից իջնելուց անմիջապես հետո, բազմության միջից մեկը բարձր բղավեց. «Կեցցե՛ Միությունը, կեցցե՛ Դեմիրճյանը»։ Եթե երկրորդ բացականչությունը չլիներ, կմտածեինք, որ բղավողը սպասում էր Աղասի Արշակյանին։
Պատվանդանին մոտենալուց հետո մարտունեցիների բազմությունն այնպես էր խռնվել հյուրերի շուրջ, որ մինչեւ ճառին անցնելը լսվում էին հետեւյալ ձայները.
Դեմիրճյան- Էդ զուռնեն հլը կտրեք, հանգի՛ստ, հանգի՛ստ։
Սարգսյան- Հիմա խնդրում եմ բոլորիդ՝ մի քայլ ետ գնալ, շնորհակալությո՛ւն։ Դե, հիմա այդպես կանգնե՛ք, էլ առաջ չգա՛ք։
Դեմիրճյան- Այ, այսպես, կարգ կհաստատենք, կխոսենք ու գործ կանենք։
Այնուհետեւ արդեն որոշակիորեն ստանդարտ ճառի մեջ գործազրկության վրա մեխը խփվելուց հետո, առաջին շարքերում սկսեցին բղավելով Դեմիրճյանին հարց տալ. «Էդ թալանի համար, որ արեցին, պատասխան տալո՞ւ են, թե՞ չէ»։ Սերոբիչը հանգստացրեց. «Էդ ալան-թալանի համար անպայման պետք է պատասխան տան, սկի չկասկածեք… Հեսա տալիս եմ, թող պատասխան տա»։ Ծիծաղելով Դեմիրճյանը խոսափողը փոխանցեց Վազգեն Սարգսյանին։ Գործընկերոջը գոտկատեղից ներքեւ հասցված հարվածը Դեմիրճյանի համար էլ այդքան հեշտ չանցավ։ Արդեն Սարգսյանի ճառից հետո հարցուպատասխանի ժամանակ բազմության միջից մեկը մեզ համար չլսելի ինչ-որ հարց տվեց, որին Դեմիրճյանը պատասխանեց. «Ոչնչով… Ոչինչ, ոչինչ, գլուխը տաքացել է։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ, այնպես արեք, որ այստեղ խմած մարդիկ շատ չգան»։ Թեթեւակի աղմուկից հետո լսվեց հրամայական բաս, որն ըստ երեւույթին, Վովա Գասպարյանինն էր, ինչից հետո ամեն ինչ խաղաղվեց եւ ընթացավ նորմալ հունով։
Գավառում Դեմիրճյանը ժողովրդին դիմեց «Սիրելի քյավառցիներ» խոսքով, ինչն անմիջապես անմիջականության մթնոլորտ ստեղծեց։ Նույնը շարունակվեց Սեւանում։
Կրասնոսելսկ
Մայիսի 12-ին առաջին հանդիպումը Ճամբարակում էր (Կրասնոսելսկ)։ Մինչեւ տեղ հասնելը, ավտոշարասյանը արդեն կանգնեցրին ճանապարհի մոտերքում գտնվող բոլոր գյուղերի բնակիչները։ Այս շրջանը, թերեւս, Հայաստանի ամենաաղքատ եւ բնակության համար ոչ պիտանի շրջանն է։ Շրջկենտրոն հասնելով, երբ տեղի բնակիչներից մեկին հարցրի, թե այստեղ սուրճ խմելու տեղ կա՞, նա պատասխանեց. «Էստեղ սկի շնչելու տեղ չկա»։ Սկսեցի զրուցել երկու նախկին ազատամարտիկների հետ։ Նրանց պատմածը համառոտ հետեւյալն էր. «Ոչ մի բան չի աշխատում, տեղի ժողովուրդը հայրենասեր, ազգասեր ժողովուրդ է, շատ լավ սահման է պահում, բայց ո՛չ աշխատանք ունի, ո՛չ գոյատեւելու միջոց։ Միակ աշխատող ձեռնարկությունը տեղի հացի գործարանն է։ Երիտասարդությունը սկսել է ձգվել Ռուսաստան։ Մալականներից 10-15 ընտանիք է մնացել ու մի 30-35 ծերեր։ Կրասնոսելսկում սկի կարտոշկան կարգին չի աճում։ Սահմանը գտնվում է շրջկենտրոնից 3-4 կմ հեռավորության վրա։ Գոնե հողի հարկ չպահանջեն, որ ստացած ողորմելի արդյունքը մնա ժողովրդին»։
Դեմիրճյանն այստեղ իր խոսքը սկսեց ճիշտ այնպես, ինչպես դա կաներ, եթե դեռ լիներ կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնին. «Այսպես չի կարելի, նոր գյուղերից մեկում մարդկանց տեսա, 7 հարյուր հեկտար արտերից 80 հեկտարն է միայն մշակված։ Մեր ծրագրի մեջ հատուկ գյուղատնտեսության զարգացման կետ կա։ Մենք կմտցնենք ե՛ւ կոնտրակտային սիստեմ, ե՛ւ որոշակի հարկային արտոնություններ կաշխատենք սահմանել գյուղացիության համար։ Հիշեք, հողն է ամեն ինչի հիմքը։ Բայց եթե չաշխատեք՝ ոչնչի չեք հասնի։ Ոչինչ, կամաց-կամաց ամեն ինչի կհասնենք։ Առաջին տարին բահով կփորենք այդ հողը, արդյունքով տրակտոր կառնենք եւ այդպես շարունակ։ Հրաշքի մի սպասեք, ամեն ինչ կամաց-կամաց կլինի, բայց պետք է աշխատենք ու լավ աշխատենք։ Հիշեք Ավ. Իսահակյանի «Սիրեցի, յարս տարան» երգի տողը՝ «Ճար կա, ճար անող չկա»։ Հիմա մերն է՝ ճար կա, ճարն աշխատելն է, պետք է ճար անենք»։
Քաղաքական այս «լիկբեզը», ըստ երեւույթին, առաջիկայում դառնալու է Հայաստանի ազգային գաղափարախոսության հիմնաքարը, եւ, տա Աստված, որ դա իսկապես այդպես լինի։ Համենայնդեպս, սա Հայաստանում վերջին 10 տարիներին հնչած բահը վերցնելու ու աշխատելու առաջին լուրջ կոչն է։ Այնուհետեւ Դեմիրճյանն անդրադարձավ փախստականների հարցին. «Էլ փախստական բառը չասենք, ասենք՝ ճամբարակցի, որովհետեւ այդ մարդիկ այստեղ ապրելու են հազար տարի, 2 հազար տարի, միլիոն տարի։ Որ այդպես լինի, ինձ էլ պետք է փախստական ասեք, իմ հայրն ու մայրն էլ Արեւմտյան Հայաստանից են»։
Թե՛ Դեմիրճյանի, թե՛ Վազգեն Սարգսյանի, թե՛ Ալբերտ Բազեյանի խոսքի մեջ Ճամբարակում դրված էր առավելագույն օպտիմիզմ եւ չհուսահատվելու կոչ։ Թերեւս, դա տեղին էր, որովհետեւ մալականների երբեմնի սպիտակեցված պատերով, կղմինդրե տանիքով կոկիկ տները, որոնք Կրասնոսելսկի սիմվոլն էին, այսօր խարխլված են այն աստիճան, որ եթե փորձենք այսօրվա Ճամբարակի համար սիմվոլ փնտրել, ապա կգտնենք միայն դրանց փլատակները։
Խոսելով պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու անհրաժեշտության մասին, Կարեն Սերոբիչը նշեց. «Դեպուտատը պետք է «օբրազ» լինի՝ կերպար, մարդկային տիպ, որին վստահեն։ Եթե դեպուտատը գողություն անի, պիտի «տրայնոյ» նստի»։
Տավուշ
Կրասնոսելսկից ավտոշարասյունը շարժվեց դեպի Բերդ շրջկենտրոն։ Մեքենայից դուրս նայելիս, սկսում ես ապշել տեղի բնության հարստության եւ բնակչության չքավորության վրա։ Պատահական չէ, որ Դեմիրճյանը Բերդում շարունակեց ղեկավարի արդեն վերցրած ոճը, արդարացիորեն նշելով. «Այս բնության մեջ դուք պետք է ավելի լավ ապրեիք»։ Ի դեպ, այստեղ Դեմիրճյանը չզլացավ եւ, վերջապես, գովեց Վազգեն Սարգսյանին. «Մենք եղանք մի քանի զորամասերում, փայլուն զորամասեր են։ Դրա համար՝ շնորհակալություն Վազգեն Սարգսյանին։ Ես տեսած մարդ եմ, զորամասեր շատ եմ տեսել, եւ, որ սա ասում եմ, պատահական չեմ ասում»։
Հաջորդ կայանատեղը՝ Իջեւանը, բոլորիս վրա լավագույն տպավորությունը թողեց։ Մաքուր եւ շատ գեղեցիկ քաղաքը մյուսների պես խանդավառությամբ ընդունեց հյուրերին։ 2,5 ժամ ուշացումով Իջեւան հասնելը անմիջապես ծնեց օրվա լեգենդը Իջեւանում։ Մարդիկ պնդում էին, որ Վազգեն Սարգսյանը Իջեւան է եկել ուղղաթիռով։ Տողերիս հեղինակի ասելը, թե նրանք սխալվում են, քանի որ անձամբ երթեւեկել է շարասյան հետ եւ հաստատ գիտի, որ նախարարը մեքենայով է եկել, իջեւանցիների կողմից ընդունվեց բավական թշնամաբար. «Խի, որ վերտալյոտով գար, ի՞նչ կլիներ»։
Թույլ տեղերը
Առայժմ «Միասնություն» դաշինքի նախընտրական արշավն ավելի քան հաջող է ընթանում։ Գոնե արտաքինից դա այդպես է։ Թերեւս, ընտրարշավի ամենաթույլ տեղը «որովհետեւ» բառն է. Կարեն Սերոբիչն արտասանում է «որհետեւ», իսկ Վազգեն Սարգսյանը՝ «որտեւ»։ Հաջորդ թույլ տեղն այցելությունների գրաֆիկն է։ Գրաֆիկով հաշվի չեն առնված, որ ճանապարհի բոլոր գյուղերում ավտոշարասյունը կանգնեցնում են գյուղացիները, մատաղ են մորթում, մի-մի թաս օղի են լցնում, մի քանի խոսք են լսում, մի քանիսն էլ իրենք են ասում։ Ի դեպ, ամենուրեք ժողովուրդն ընդունում է ավելի քան բարյացակամությամբ, նույնիսկ քաղաքական գործիչների համար «ճակատագրական» Պառավաքար գյուղում հյուրերին լավ ընդունելություն ցույց տվեցին։ Ինչեւէ, գյուղերում կազմակերպված ընդունելությունների պատճառով, ավտոշարասյունը օրվա վերջում գրաֆիկից ետ է ընկնում 3,5-4 ժամով, ինչը դժվար թե դրական ազդի ընտրողների տրամադրության վրա։
ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ