Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդը զրկվել է հիվանդանալու իրավունքից»

Մայիս 14,1999 00:00
karen demirchyan

Երեկ «Միասնություն» դաշինքը հանդիպեց առողջապահության համակարգի աշխատողների հետ։ Հանդիպումը մեկ ժամով հետաձգվեց, քանի որ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը կարեւոր հանդիպում ունեին, հետո եկան Կարեն Դեմիրճյանը, Դավիթ Զադոյանը եւ Ալբերտ Բազեյանը։

Կարեն Սերոբիչը խոսեց հանդարտ, ռուսերենն ու հայերենը տեղը-տեղին համադրելով. «Հայերենը եւ ռուսերենը խառնում եմ, իրավունք ունեմ», քանի որ երկու լեզվին էլ տիրապետում է եւ հիմա «էդ վախը չկա» (ռուսերեն խոսելու- Մ. Ե.)։ Առողջապահության ոլորտի աշխատողները նախարար Հայկ Նիկողոսյանի գլխավորությամբ համբերատար եւ ուշի-ուշով ունկնդրեցին Կարեն Դեմիրճյանին։ Նա էլ մանրակրկիտ ներկայացրեց բոլոր ոլորտները, դրանցում տեղ գտած սխալները եւ շտկելու ուղիները փորձեց ներկայացնել։ Առողջապահության մասին քիչ խոսվեց, բայց փոխարենը բժիշկներն ահագին բան իմացան արդյունաբերության (թալանված գործարանների, հաստոցների), գյուղատնտեսության (մի գյուղում 80 հա վարած հողի կողքին 600 հա չվարածը կա), էլեկտրաէներգիայի սակագների (հոսանքի իրական գնի եւ շուկայական գնի մասին. «էդ նույնիսկ բուժաշխատողը կհասկանա») եւ այլն։

Կարեն Սերոբիչն ասաց, որ «Միասնությունը» անչափ կարեւորում է կրթության եւ առողջապահության խնդիրները. «Ինչ ուզում է լինի, գոնե յուրաքանչյուր շրջանում պետք է անպայման մի պետական բուժհիմնարկ լինի, ժողովուրդը անվճար բուժում պետք է ստանա, (…) գյուղի ամենալավ շենքը պետք է դպրոցը լինի»։

Դաշինքի ներկայացուցիչը ավագի համբերությամբ խոսեց մեկ ժամ 15 րոպե, խոսեց այնքան ժամանակ, մինչեւ Վազգեն Սարգսյանը եկավ։

Vazgen sargsyan

Բուժաշխատողներին զբաղեցնելու ՀԺԿ-ի ղեկավարի ճիգերը նման էին «Ռուսական կայսրության թագը» ֆիլմի այն տեսարանին, երբ թանգարանի տարեց գիտնականը Աբրահամի ծնունդից սկսած ճյուղ առ ճյուղ թվարկում է բոլոր ծնունդները, մինչեւ որ գողացված թագը վերադարձվում է իր տեղը։ Վազգեն Սարգսյանի գալուն սպասում էին։ Տեսնես ի՞նչ կասի։ Նախ շնորհակալություն հայտնեց բուժաշխատողներին, որ պատերազմի ծանր տարիներին կարողացան այդքան շատ գործ անել։

Այնուհետեւ Վազգեն Սարգսյանը բուժաշխատողներին բացատրեց, թե ինչու է ինքը մտել քաղաքականության մեջ. «Ինձ համար ամենեւին պատահական չէ ձեր կարծիքը, թե ինչո՞ւ ես, պաշտպանության նախարարս, ամբողջ հասակով մտել եմ քաղաքական այս պայքարի մեջ։ Դա հարց է, որը մթնոլորտում կա եւ բացատրության կարիք ունի։ (…) Եթե երկրի տնտեսության վիճակը, սոցիալական վիճակը բարվոք լիներ, չեմ ասում՝ փայլուն լիներ, բարվո՛ք լիներ, ես կզբաղվեի միայն պաշտպանության խնդիրներով։ (…) Բանակը էապես առաջ է անցել մեր արտադրությունից, տնտեսությունից, թե՛ իր ծավալներով, թե՛ իր որակով, թե՛ իր ամբիցիաներով։ Եվ եթե տնտեսությունը չհասնի բանակի հետեւից, ապա մենք մի քանի տարի հետո կունենանք պաշտպանության խնդիր։ Այսօր բանակ են գալիս զինվորներ, որոնք նախ՝ նորմալ կրթություն չունեն, ապա նորմալ առողջություն չունեն, թերսնված են եւ ամենավերջինը՝ թողնում են իրենց թիկունքում ընտանիքներ, ծնողներ, սոցիալապես ծանրագույն վիճակի մեջ են եւ անընդհատ նրանց հայացքը թիկունքում է։ (…) Յուրաքանչյուր զինվոր իր ընտանիքի դառնության կրողն է եւ եթե այդ բացասական տրամադրությունները շարունակեն մտնել բանակ, մենք բանակում կունենանք շատ լուրջ խնդիրներ»։

Հանրապետության խնդիրները բաժանվեցին երկու խմբի՝ արագ լուծումներ պահանջող եւ երկարատեւ լուծումներ պահանջող։ Վազգեն Սարգսյանը եւս երեք օղակ կարեւորեց. «… Սա առողջապահությունն է, կրթությունն է, բանակն է, այս երեք դաշտում պետք է հավասարություն պահպանել»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31