Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՐԻՄԱԿՈՎԻ ՀՐԱԺԱՐԵՑՈՒՄԸ՝ ՄԵՐՈՆՑ ԱՉՔԵՐՈՎ

Մայիս 14,1999 00:00
David Shahnazaryan

Ի՞նչ գործընթացների արդյունքում առարկայացավ Ռուսաստանի նախագահ Եվգենի Պրիմակովի հրաժարականը, եւ դա ինչ ազդեցություն կարող է ունենալ մեր տարածաշրջանի, մասնավորապես, նաեւ Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքական գործընթացների վրա։

Այս երկու հիմնական հարցադրումներով եւ զրույցի հրավիրեցինք մի խումբ քաղաքական գործիչների։ Մեր առաջին զրուցակիցն է «21-րդ դար. Ժողովրդավարական-ազգային կուսակցության» նախագահ Դավիթ Շահնազարյանը։

Նրա մատուցմամբ, Եվգենի Պրիմակովի հրաժարականը միանգամայն կանխատեսելի էր։ Նա, իբրեւ քաղաքական վարչապետ, կոչված էր ներքաղաքական կայունություն ապահովելու գործին, ինչը որոշակի ժամանակ, իրոք, հաջողվում էր։ Սակայն ներռուսաստանյան վերջին քաղաքական զարգացումներում, Դավիթ Շահնազարյանի բնորոշմամբ, Պրիմակովն առավել քան տարօրինակ վարքագիծ դրսեւորեց՝ թե՛ գլխավոր դատախազ Սկուրատովի հարցում եւ թե՛ Պետդումայի հետ հարաբերություններում։ Դրա արդյունքն առարկայացավ Եվգենի Պրիմակովի կողմից ներքաղաքական կայունության առանցքի գործառույթներ իրականացնելու հնարավորության կորստով. «Ըստ էության ունենալով կոմունիստամետ կառավարություն, Պրիմակովը Պետդումայում կոմունիստների լուրջ դիմադրությանն էր արժանանում որեւէ հակաճգնաժամային լուրջ ծրագիր անցկացնելիս»։ Այսինքն՝ Պրիմակովն այլեւս չէր կարողանում լուծել ներքաղաքական կայունության խնդիրը, իսկ տնտեսության մեջ էլ տեղաշարժեր չկային։

Այս ամենից Դավիթ Շահնազարյանը եզրակացրեց, որ Ռուսկոմկուսը Պետդումայում առաջնորդվելով բացառապես իր նեղ խմբակային շահերով, Պրիմակովին ներքաշեց սեփական խաղի մեջ, ստիպելով, որ նախագահ Ելցինը պահանջի նրա հրաժարականը։ Դավիթ Շահնազարյանը չբացառեց Պետդումայի լուծարումը, եթե այնտեղ չհաստատեն վարչապետ Ստեպաշինի թեկնածությունը եւ շարունակեն իմպիչմենտի գործընթացը։

Մեր արտաքին քաղաքականության վրա տեղի ունեցածի ներազդեցության մասին ասվեց հետեւյալը. «Հայաստանի արտաքին քաղաքականությունն այնքան խղճուկ է, որ որեւէ լուրջ անդրադարձ լինել չի կարող։ Սակայն, իհարկե, չես բացառի, որ այն ինչ-որ կերպ անդրադարձ ունենա ներիշխանական խաղերի վրա»։

Դավիթ Շահնազարյանի դեպքում, նկատի առնենք, կա եւս մեկ հանգամանք։ Լինելով Ազգային անվտանգության վարչության պետ, նա, ըստ էության, աշխատանքային հարաբերություններ է ունեցել Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար Պրիմակովի եւ Անվտանգության դաշնային ծառայության պետ Ստեպաշինի հետ։

Դավիթ Շահնազարյանն ասաց, թե անձամբ առնչված լինելով, բարձր է գնահատում թե՛ Պրիմակովին, եւ թե՛ Ստեպաշինին, բայց, այնուամենայնիվ «որքան էլ լավ կարծիք ունենամ Ստեպաշինի մասին, միեւնույն է, չեմ կարծում, որ նա երկար ժամանակ կլինի վարչապետ։ Նա կլինի անցումային վարչապետ, որովհետեւ Ռուսաստանն այն փուլում է, երբ անհրաժեշտ է տնտեսական հետեւողական, երկարատեւ ծրագրերի իրագործում»։

Դավիթ Շահնազարյանն իր խոսքն ամփոփեց այսպես. «Ռուսաստանի նախագահ Ելցինը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը շատ լուրջ եւ վճռական քաղաքական գործիչ է եւ կարողանում է անհրաժեշտ պահերին որոշումներ ընդունել»։

Ktrich sardaryan

Ըստ էության շատ ավելի ընդգծված շեշտադրմամբ իր խոսքը սկսեց ԱԺ պատգամավոր Կտրիճ Սարդարյանը. «Պրիմակովի հեռացումը նաեւ ցույց է տալիս, համենայնդեպս, ռուսական կողմնորոշում ունեցող երկրները պիտի տեսնեն եւ հասկանան, որ վճռական պահերին նախագահից բացի հայտնի ուժեր չեն լինում»։

Տեղի ունեցածը նա պայմանավորեց Ռուսաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության գործոններով։

Հետաքրքիր են նրա դիտարկումները հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում։ Պարոն Սարդարյանի մատուցմամբ, Պրիմակովի հրաժարականը կապված է նաեւ հարավսլավական ճգնաժամի հետ, որը «Ռուսաստանում նոր լիցք հաղորդեց ձախ ռադիկալներին, ազգայնականությանը, որոնք փորձելու են բարձրացվելիք ազգայնականության ալիքի վրա Ռուսաստանը ներքաշել ընդհուպ մինչեւ պատերազմի մեջ»։

Սակայն, ինչպես նշեց Կտրիճ Սարդարյանը, Ելցինը պինդ եւ ամուր գտնվեց եւ «չտրվեց ծանր ժամանակաշրջանում թեթեւ հաղթանակ տանելու ռուսական հին ավանդույթներին։ Կարծում եմ, որ այս հրաժարականը կապված է նաեւ դրա հետ։ Եթե Ռուսաստանը ներքաշվեր հարավսլավական ճգնաժամի մեջ, որպես հոգեհարազատ ժողովրդին պաշտպանող պետություն, մոտավորապես նույնությամբ կրկնվելու էր դարասկզբի սցենարը՝ իր ողբերգական հետեւանքներով՝ նաեւ Անդրկովկասի, մասնավորապես՝ մեզ համար։

Իսկ ընդհանրապես, չեմ կարծում, որ Ռուսաստանում նախագահի կամ վարչապետի փոփոխությունը որեւէ նշանակություն կունենա կոնկրետ դեպքում Ղարաբաղի հարցի լուծման վրա։

Այն խայծը, որ մեր լիբերալները կուլ տվեցին 90-ական թվականներին, թե դեմոկրատական Ռուսաստանը կլուծի մեր ազգային հարցերը, ավազի վրա կառուցված հաշիվ է, եւ պետք է այդ մոլորությունից իշխանություններն ազատվեն։ Որքան՝ շուտ, այնքան՝ լավ»։

Gagik Tadevosyan

Բնականաբար, Ռուսաստանին վերաբերող դատողությունները մեզանում, կարող են ամբողջանալ միայն Հայկոմկուսի մասնակցությամբ։ Կոմկուսի կենտկոմի քարտուղար Գագիկ Թադեւոսյանի տեսակետն այն է, որ «Ռուսաստանում տեղի է ունենում անօրինական հերթական հեղաշրջումը»։

Նրա բնորոշմամբ, անհեթեթ է, երբ ազատվում է ազգային համաձայնությամբ հաստատված վարչապետը «այն մարդու կողմից, որը մեղադրվելու է իր ազգի, իր պետության նկատմամբ կատարած տարբեր հանցագործությունների մեջ։ Ով է ում դատում։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի վարչապետի վարկանիշը վերելք էր ապրում»։

Պրիմակովը, Գագիկ Թադեւոսյանի մատուցմամբ՝ վարչապետ դարձավ խիստ դժվարին պայմաններում, իսկ իր գործունեության արդյունքում լուծեց 2 հարց՝ կարողացավ կայունացնել վիճակը Ռուսաստանում եւ գրեթե ամբողջապես հաղթահարեց խնդիրները Միջազգային արժութային հիմնադրամի հետ։ Ուստի, ինչպես մատուցեց Գագիկ Թադեւոսյանը, ռուս ժողովուրդը ողջախոհ կլինի եւ թույլ չի տա, որ իր արժանապատվության հետ խաղա մի մարդ, «որին սպասվում է իմպիչմենտ, որը զրոյական ռեյտինգ ունի, որը բարոյական անկման մեջ է, էլ չեմ ասում, որ վերջին տարիներին, ըստ էության, կենդանի դիակի է վերածվել, որովհետեւ իր ամբողջ աշխատանքային գործունեությունն իրականացնում է կամ Բարավիխոյում կամ հիվանդանոցում։ Ռուսաստանի աջ փոքրամասնությունն այսօր՝ Գայդար-Չուբայս եւ այլն, արդեն ատամներ է կրճտացնում, համարելով, որ Դուման պիտի ցրվի։

Իսկ դա իսկապես կնշանակի պետական հեղաշրջում»։ Իսկ ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանը թվարկելով ներռուսաստանյան զարգացումների մի քանի տարբերակ, ասաց, որ դրանցից կախված էլ տարբեր ազդեցություններ են հնարավոր մեր տարածաշրջանում։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31