Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք քաղաքականապես ռաբիս ազգ ենք»

Մայիս 14,1999 00:00
Vigen Xachatryan

Ինչպես նաեւ՝ «աբորիգեն, սովորական ազգ»

Թե չէ՝ ինչպե՞ս բացատրել Մասիսի ֆոնի վրա՝ Սասունցի Դավթի կամ երեխաների պատվերով՝ նախընտրական գովազդները։ Այս կարկառուն մտքերի տերը Շահեն Պետրոսյանն է։ Իսկ դրանք նա հնչեցրեց երեկ Լիբերալ դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) կազմակերպած խորհրդարանական ընտրություններին նվիրված բանավեճի ընթացքում։ Բանավեճին մասնակցելու ցանկություն դրսեւորել էին դարձյալ (ու միայն) ընտրությունները բոյկոտած կուսակցությունները։ ԼԴԿ նախագահ Վիգեն Խաչատրյանը նախ նախանձեց նրանց, ովքեր հավատում են 4 մլն ստորագրահավաքին։ Ապա. «Արդյո՞ք բարոյական մարդ էր հանգուցյալը» տոնով պրն Խաչատրյանը տվեց հետեւյալ հռետորական հարցը. «Արդյո՞ք ԿԸՀ-ին ներկայացրած կառավարության 3 թեկնածուները մեզ հայտնի են որպես իրավաբաններ, Ընտրական օրենսգրքի խոշոր մասնագետներ, գիտնականներ։ Ո՛չ։ Նրանք սովորական չինովնիկներ են»։ Պրն Խաչատրյանը նաեւ շեշտեց, որ ընտրություններում մրցակցող կողմերից եւ ոչ մեկը որեւէ պարտավորություն իր վրա չի վերցնում։ Լեւոն Մկրտչյանից եւ Վազգեն Սարգսյանից դժգոհեց Աշոտ Բլեյանը։ Նրանք փոխանակ առժամանակ գոնե թողնեն իրենց պաշտոններն ու նոր մտնեն ընտրապայքարի մեջ, խախտում են օրենքը։ «Սա գալիս է Վազգեն Սարգսյանից»,- եզրակացրեց տիարը։

David Shahnazaryan

«21-րդ դար» կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանը ընտրակաշառքի հայ մեծանուն հիմնադիր համարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. «Հիշո՞ւմ եք նրա կենդանական ատելությունը բոլոր կուսակցությունների դեմ։ Նա էր ասում, որ Հայաստանի դժբախտությունը քաղաքական գործիչներն են»։ Իսկ Քոչարյանի պարզած ձեռքը, ինչպես ասել է մի գործիչ, ոչ թե սեղմելու, այլ համբուրելու ձեռք է (ներեցեք, բայց սա արդեն ճաշակի հարց է- Լ. Ա.)։ Բանավեճի մասնակիցները նստած հարգեցին ԿԸՀ առեւտրի վերջին օրը։ Սա՝ ի դեպ։ Դ. Շահնազարյանը ճշտեց, որ միշտ դեմ է լինելու հեղաշրջումներին, անգամ եթե այն կիրառվի նախագահ Քոչարյանի դեմ։ Օրիգինալությամբ (ինչպես համարյա միշտ) որոշեց աչքի ընկնել Արա Սահակյանը։ (Դավիթ Շահնազարյանը նրա մտքերն ընդունում էր գլխի ինտենսիվ եւ համաձայնական շարժումներով)։ Քաղաքական դաշտը շագրենի կաշվի պես անընդհատ սեղմվում է. «Կամ դու պետք է ուժային նախարարությունների կոնտրոլի տակ լինես, կամ դու դիսիդենտ ես»։ Պրն Սահակյանն ամեն օր տուն է գնում իր ընտրատարածքում քվեարկվող թեկնածուի նոր փռած ասֆալտը ոտնակոխ անելով։ «Չգիտես ինչու,- զարմանալու փորձ արեց պրն Սահակյանը,- հենց 1999-ի մայիսին սկսվեցին իրականացվել փողոցների բարեկարգման եւ ասֆալտապատման բոլոր ծրագրերը»։ Արա Սահակյանի եզրակացությունը հետեւյալն է. «Պետք է խորհուրդ տանք մարդկանց, որ նրանք դեմ քվեարկեն բոլոր առաջադրվող կուսակցություններին եւ թեկնածուներին»։

babken ararkcyan

Սովորականից աշխույժ ու խոսքաշատ էր «Հանրապետություն» խմբակցության նախագահ Բաբկեն Արարքցյանը։ Նախ մեր ընտրական օրենսգիրքը համեմատվեց Ուդմուրտիայի, Լատինաամերիկյան երկրների օրենսգրքերի հետ։ Թե՛ մեզ մոտ, թե՛ այնտեղ, 2-րդ փուլի ինստիտուտը չի գործում։ Ամեն դեպքում, լավ է դա, թե վատ, ԱԺ-ում այս հարցն անգամ չի էլ քննարկվել. «Այս օրենքը «պալաժենի է» ԱԺ պատգամավոր նշանակելու մասին»։ Հետո առաջարկեց բացել օրենսգրքի ցանկացած էջ եւ խոստացավ յուրաքանչյուր էջի վրա գտնել առնվազն մեկ դրույթ, որը 2-3 մեկնաբանություն «կպարունակի»։ Պրն Արարքցյանը չի կասկածում, որ Դեմիրճյան-Սարգսյան շարասյունը մտնելու է ԱԺ։ Կանխատեսեց, որ «Միասնություն» դաշինքը համամասնականով կստանա 60-65%։ Իսկ այն, որ «կաշառակեր սրիկաները (տես՝ Արտաշես Գեղամյանին) հաչում են իմ հասցեին», պրն Արարքցյանի վրա (չգիտես՝ ինչու) չի ազդում։ Վահագն Խաչատրյանը չարագուշակ հայտարարություն արեց, որ ընտրություններից հետո 6-րդ վարչությունը ստուգումներ է անցկացնելու տպարաններում։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Հ. Գ. Աշոտ Բլեյանը վերջում ցանկություն հայտնեց գոնե մի փաստաթղթի տակ իր եւ այլ կուսակցությունների ստորագրությունը տեսնել։ Այլ կուսակցությունների համար առայժմ չենք կարող ասել, բայց որ տխուր Բլեյանը դեռ շատ փաստաթղթերի տակ պիտի ստորագրի, փաստ է։ Թող որ՝ տհաճ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31