Արձանագրենք, որ իրականացավ շատ-շատերի երազանքը՝ այս խորհրդարանը փաստացի վաղաժամկետ ինքնալուծարվեց։ Ակնհայտ է, որ մայիսի 24-26-ի եռօրյան առավել եւս չի կայանա։ Եվ հարցական է, թե արդյոք դրանից հետո էլ խորհրդարանական ճեպազրույցները կլինեն, քանզի արդեն երեկ խմբեր-խմբակցություններից միայն 4-ը եկան լրագրողների հետ նախավերջին հանդիպմանը։
«Հանրապետություն» խմբակցությունը ներկայացնող Վահագն Խաչատրյանի համար սա իրոք կարելի էր որպես ԱԺ պատգամավորի հրաժեշտի ճեպազրույց համարել, որը նա նախընտրեց էլի իր նախասիրած թեմաներին նվիրել՝ կոնյակի գործարան եւ «ԱրմենՏել»։ Նրա հրապարակած փաստաթղթերին «Առավոտն» առիթ ունեցել է անդրադառնալու, ուստի առանձնացնենք այս մի հետաքրքրական նորությունը, որ Եվրամիությունը ողջունել է Հայաստանի ՍԴ-ի որոշումը, որով «ԱրմենՏելին» տրված 15 տարվա մենաշնորհը պիտի վերանայվեր։ Վահագն Խաչատրյանը նաեւ անդրադարձավ այս նախավերջին նստաշրջանի տապալման պատճառներին. «Պատահական չեմ համարում, քանի որ եռօրյա նիստերում նախատեսվում էին այնպիսի հարցերի քննարկում, որպիսիք էին 1998-ի բյուջեի կատարումը-ֆինանսական հաշվետվությունը, 1999-ի առաջին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը եւ Կենտրոնական բանկի 1998-ի գործունեության քննարկումը»։ Վահագն Խաչատրյանը վստահ էր, որ կառավարությունը մտադրված է տապալել այս նիստերը, քանի որ ձեռնտու չի համարել այս խնդիրների քննարկումը։ Իսկ ԱԺ ղեկավարությունն էլ ի վիճակի չի եղել կազմակերպել նիստերի անցկացումը։ Այնուամենայնիվ, տապալման մեջ չբացառեց նաեւ ընտրարշավի դերը. «Թեկուզ ինձ համար անհասկանալի է, որ այն մարդիկ, ովքեր ցանկանում են ԱԺ պատգամավորներ դառնալ, այսպիսի հնարավորությունն ինչո՞ւ են բաց թողնում»։
Վազգեն Մանուկյանը կարծեմ առաջին անգամ եկավ իր ներկայությամբ պատվելու խորհրդարանական ճեպազրույցները։ Նման աննախադեպ փաստին հարմար է թերեւս փոքր-ինչ բարձրագոչ այս ձեւակերպումը։
Բնական էր, որ ԱԺՄ առաջնորդի խոսքի գլխավոր թեման ընտրություններն էին, որոնք նա նախորդներից էապես տարբեր անվանեց. «Այս ընտրությունների կարեւորագույն հարցը երեւի այն է, որ սպասում չկա ժողովրդի կողմից։ (…) Արմատական փոփոխությունների հարց չկա, որի շուրջ ալիք է առաջանում։ Եվ այդ պատճառով, երբեմն ծիծաղելի է թվում, երբ շարասյուններով, դրոշները ձեռքը գյուղից գյուղ են գնում։ Եվ հանդիպում են ժողովրդի անտարբերությանը, քանի որ չեն կարող ասել, թե կտրուկ ինչ փոփոխության մասին է խոսքը։ Հայաստանում շարժում չկա… Եվ դա պատճառներից մեկն է, որ մենք չենք կրկնում նույնը, ինչ նախորդ տարիներին ենք արել»։ Թերեւս, իրոք, այս ընտրություններին սազական է «հոգնած» բնորոշումը։ Վազգեն Մանուկյանը բնութագրական այլ եզրահանգումներ էլ արեց. «Չկա մի այնպիսի որոշակի հարց, որի շուրջ քաղաքական ուժերը եւ հասարակությունը բաժանված լինեին, եւ դա բերում է նրան, որ բավական ալարկոտ քարոզարշավ է ընթանում»։ Թերեւս մի գործոն էլ կա՝ երկու մասի բաժանումի, սեւ-սպիտակի հակադրության պայմաններում քաղաքական գործիչների համար ինքնադրսեւորվելն ավելի դյուրին է, որի ապացույցը 1996-ն է։
Կարդացեք նաև
Եվ երրորդ բնորոշումն այս ընտրություններին. բոլոր 21 կուսակցությունները նույն հանգերգն են կրկնում՝ ժողովրդավարություն, աշխատատեղերի ստեղծում, արդարություն. «Բոլորը նույն բանն են ասում եւ այդ տեսակետից տարբերություններ չկան։ Եվ այդ 21-ի շարքի մեջ կանգնելն ու նույնն ասելն արդեն նույնպես ծիծաղելի է թվում եւ նույնիսկ վիրավորական»։
«Մյուս կուսակցությունների մասին ինձ նույնիսկ հայտնի չէ՝ իշխանական են, թե՝ իշխանական չեն»,- Վազգեն Մանուկյանի համար լակմուսի թուղթ էր դարձել իշխանական երկու թեւերին էլ չաջակցողների հետ դաշնակցելու իրենց առաջարկի արձագանքները։ Փաստորեն, արձագանքել էին միայն «ՀՀՇ-ական ուժերը», որն էլ պրն Մանուկյանը վերագրեց առավել վիրավորվածությանն ու ինքնապաշտպանությանը եւ ռեւանշիզմի ձգտմանը։ Նաեւ բացատրեց. «Մենք երբեք չենք ասել եկեք հավաքվեք մեր շուրջը։ Մենք երբեք փորձ չենք արել պապայի դեր կատարել։ Մեր կուսակցությունն այդ մանկական հիվանդությունից զուրկ է՝ պապա լինելու»։
Նման հյութեղ արտահայտություններով սովորականի պես առավել հարուստ էր Հայկոմկուսի խմբակցության ներկայացուցիչ, լրագրողների սիրելի՝ Խորեն Սարգսյանի խոսքը։ Այս անգամ Թռչունիչը Սմբատիչին հեռակա խորհուրդ տվեց չվախենալ բանտից, քանի որ դա նախ կոմունիստների ժամանակների բանտը չէ՝ իրենց ստեղծածն է եւ ամենակարեւորը՝ «բանտից ազատվելուց հետո ամենամինիմում պաշտոնը նախագահի խորհրդականն է»։ 30 հազարանոց կուսակցության առնչությամբ Խորեն Սարգսյանն ասաց. «Մեր Հայաստանում ինչքա՜ն շատ վիրուսակիրներ կան, որ «Օրինաց երկիրն» էսքան մեծ թափ ստացավ»։
Նա խարդավալից հարցերին էլ էր կատակով պատասխանում։ Մասնավորապես, այն հարցին, թե պատրաստվում է նոր խորհրդարանում է՞լ խմբակցության իր ընկերների փոխարեն քվեարկել՝ ինչպես այս ԱԺ-ում էր անում, հրացանակիրների պես արձագանքեց. «Կոմունիստները մեկը բոլորի համար են՝ բոլորը մեկի»։
Եվ թերեւս մի լուրջ հարցի էլ անդրադառնանք։ Վազգեն Սարգսյանի այն հայտարարության հավաստիությունը, թե նոր ԱԺ-ում իրենց առաջին նախաձեռնությունը պատգամավորական անձեռնմխելիության դրույթի վերացումն է լինելու, ակամա Խորեն Սարգսյանը հերքեց, երբ հայտնեց, թե «Երկրապահների ուղեղ Վիկտոր Դալլաքյանն անընդհատ մերժում էր այդ եւ պատգամավորների հետկանչի մասին դրույթներն «Ընտրական օրենսգրքի» մեջ ընդգրկել»։
Սոս Գիմիշյանը չնայած ընդդիմադիր «Հայրենիք» խումբն էր ներկայացնում, այնուամենայնիվ, այս ընտրարշավի դրական կողմն արձանագրեց. «Մինչ այսօր պետական լծակները հիմնականում կարծես պասիվ դիրքում են, չնայած լուրջ կասկածներ ունենք, թե դա երկար է տեւելու»։
Եվ թերեւս ամենակարեւորը։ Սոս Գիմիշյանը հայտնեց, որ իրենք այս ԱԺ-ի պատգամավորներից ստորագրություններ են հավաքում սեպտեմբերի 20-ին արտահերթ նստաշրջան հրավիրելու համար, որով էլեկտրաէներգիայի սակագինը պիտի 20 դրամ սահմանվի։ Այս նախաձեռնությանը միանալու համար դիմում են միայն այն 88 պատգամավորներին, որոնք սակագների սառեցման օրինագծի երկրորդ քվեարկության ժամանակ «կողմ» էին քվեարկել եւ մտադիր են մերժել նրանց, որոնք տապալել էին այս նախաձեռնությունը։
Սոս Գիմիշյանը վստահ էր, որ մի 70 ստորագրություն կհավաքեն եւ նրանցից որ մեկն էլ վերընտրվի՝ պարտավոր կլինի այս խնդիրն արծարծել։ Այնպես որ, սակագների հարցը դանդաղ, բայց հաստատուն ռիթմով Հայ դատի խնդրի պես մի բան է դառնում։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ