Մայիսի 13-ի հեռուստաքարոզարշավը մոտավորապես հիշեցնում է առավոտյան ժամերին ձկնավաճառների վերոնշյալ բացականչությունը։ Վստահված անձինք՝ իրենց թեկնածուի առավելություններն ավելի ցայտուն դարձնելու համար, դիմում են այնպիսի գրոտեսկային «էպիտետների», որ «աչքը շինելու տեղը ունքն են քանդում»։ Օրինակ՝ Հայաստանի առաջադեմ կոմկուսի անդամ Ռոբերտ Հովսեփյանը սոցիալիստ թեկնածու Սարգիս Խաչատրյանի արժանիքներն այսպես գնահատեց. «Լեգենդներ, առասպելներ են պատմում ընկեր Խաչատրյանի… երկար ճտքավոր կոշիկների, սապոգների մասին»։ Վերջինս էլ՝ ի նշան երախտագիտության ավելացրեց. «Ինձ համար ամենադժվարն այն է, երբ իմ մասին գովասանքով են խոսում։ Ես դրան սովոր չեմ»։ (՞) «Ազատ Հայք Առաքելություն» կուսակցության անունից հանդես եկավ մի անուշիկ աղջնակ՝ ասելով. «Հայրիկս իր ընտրությունը կատարել է»։ Ափսոս մեր հարցը՝ «Բալիկ ջան, հայրիկդ ո՞վ է», անպատասխան մնաց։
ՀՌԱԿ-ը համամասնական ցուցակներում իր «այիբը»՝ 13-րդ հորիզոնականը գրավելու չարագուշակ փաստը կոծկելու փոխարեն, պարբերաբար հիշեցնում է սույն թիվը։ Լավ է գոնե մայիսի 30-ը ուրբաթ չէ։
«Արժանապատիվ ապագան» գովազդող ծերունին՝ կասկադյորին վայել հմտությամբ կանգնում է բարձր ժայռի կատարին ու համառորեն ցած չի նետվում։ Ուզում է ասել՝ անդունդի եզրին ենք, բայց ինչ ուզում եք արեք՝ չեմ թռչի։ Է՜, պապիկ, պապիկ… ՀՅԴ-ի Գերագույն մարմնի անդամ Վահան Հովհաննիսյանը ձեռքով է անում մեզ եւ ժպտում… վանդակից։ Մի հարցնող լինի, որ այդքան ուրախ ու լավ էր, էսքան պատմությունն ինչի սարքեցիք։ Իսկ կագեբեի պադվալներում «Դրոյի» գործով դատապարտվածներին հարցրեք՝ հին ընկերները դավաճանո՞ւմ են, թե՞ ոչ։