Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՄԱՎՈՐԵԼԸ ՄԻՇՏ ՀԱՃԵԼԻ Է

Մայիս 14,1999 00:00
hunastan

Հայտնի առած է. «Гостем быть хорошо а дома лучше». Եռօրյա հյուրընկալությունից հետո Հունաստանի Հանրապետության նախագահի մեկնումի ժամանակը եկավ։ Մինչ այդ, օրվա առաջին կեսին Երեւանի պետական համալսարանի գրադարանում կայացավ Հունական սրահի բացումը եւ Հունաստանի նախագահին դոկտորի պատվավոր աստիճանի շնորհման արարողությունը։ Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Ստեֆանոպուլոսի խոսքերով ասած, երբեք չզբաղվելով գիտությամբ, երկրորդ անգամ է արժանանում նման պատվի։ Այս հանգամանքը չափազանց հուզել էր Հունաստանի նախագահին. նա ներողություն խնդրեց կարճ խոսելու համար եւ ընդամենը խոսեց ժամից ավել։

С корабля на бал, կամ հակառակը

Երեկ Հունաստանի դեսպանն ընդունելություն կազմակերպեց ի պատիվ ՀՀ նախագահի։ Սա պատասխան ընդունելություն էր նախորդ օրը Հունաստանի նախագահի պատվին տրված ՀՀ նախագահի ճաշկերույթի, ի տարբերություն դրա, երբ բարձրաստիճան պաշտոնյաները առանձին ճաշեցին, հայ եւ հույն լրագրողներն՝ առանձին, այս ընդունելությունում հրավիրյալներին «տեսակների» չէին բաժանել։ Այստեղից պաշտոնական պատվիրակությունը Հունաստանի նախագահի գլխավորությամբ ուղեւորվեց դեպի Էջմիածին։ Թեպետ լրագրողներն ուղեկցում էին պատվիրակությանը, բայց, ինչպես միշտ, արարողակարգով թույլ չտրվեց մասնակցել որեւէ արարողության։ Ասում են, Մայր աթոռ սբ. Էջմիածնում Հունաստանի նախագահը հանդիպում ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի հետ, փոխադարձ նվերներ հանձնեցին։ Այնուհետեւ Հունաստանի նախագահը (տեսնողներն են ասում) Մայր տաճարում մոմ է վառել հայ ժողովրդի բարօրության համար։ Էջմիածնից էլ պաշտոնական պատվիրակությանը լրագրողներս ուղեկցեցինք դեպի «Զվարթնոց» օդակայան։

Հրաժեշտի դժվարին պահ

«Մեկնում եմ Հայաստանից ջերմագույն զգացմունքներով եւ շնորհակալության զգացումներով։ Կարծում եմ, որ այս օրերին կատարված մեր այցը արդյունավետ է եղել եւ հաջողակ է։ Ռոբերտ Քոչարյանին խնդրեցինք, որպեսզի մոտ ապագայում այցելի Հունաստան։ Հայ ժողովրդին փոխանցում եմ իմ ամենաջերմ բարեկամական եւ անկեղծ մաղթանքներն ու զգացմունքները»,- թռիչքից առաջ հայտնեց Հունաստանի նախագահը։ Ճանապարհելու արարողությունն անցավ արարողակարգի համաձայն։ Ինքնաթիռի թռիչքից հետո միայն ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը նկատեց լրագրողներիս. «Էս ո՞ւմ եք սպասում»։ Ի պատասխան լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես է վերաբերում Պրիմակովի հեռացման փաստին, պրն Քոչարյանը նշեց. «ՌԴ նախագահը իրագործել է իր սահմանադրական իրավունքը։ Ես չեմ կարծում, որ դա հատուկ կոմենտարիաների կարիք է զգում։ Ինչ վերաբերում է կոնկրետ պրն Պրիմակովին՝ համարում եմ, որ մեր աշխատանքը բավական արդյունավետ էր, միայն լավ տպավորություններ եւ լավ գնահատականներ ունեմ մեր համատեղ գործունեության արդյունքներից»։

Կոսովոյի խնդրի կարգավորման վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանը հայտնեց, որ մեր եւ հույների մոտեցումները նման են, բայց հույների ընկալումը շատ ավելի սուր է։ Նախագահը արդյունավետ համարեց Հայաստան-Հունաստան-Իրան եռակողմ համագործակցությունը։ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ «բիզնեսի աշխարհը իրար չի ճանաչում» եւ հարկ համարեց ակտիվացնել տեղեկատվության փոխանակումը, անմիջական շփումները՝ «ուղղակի իրար վստահեն, գործնական իրար մի հատ բարեւեն, իրար հետ նստեն մի բաժակ խմեն… Այդպես են ձեւավորվում հարաբերությունները»,- անկեղծացավ նախագահը։ «Առավոտն» էլ օգտվելով նախագահի անկեղծությունից ցանկացավ ճշտել, թե նախագահի համար որն է առավել հաճելի՝ դիմավորե՞լը, թե՞ ճանապարհելը։ «Փորձեցի համոզել՝ մի երկու օր էլ մնան (ծիծաղեց նա- Լ. Մ.)։ Եվ դիմավորելը, եւ… Դիմավորելը, իհարկե»,- ասաց նախագահն ու ցանկացավ իր հերթին ճշտել, թե որ լրատվամիջոցն եմ ներկայացնում։ Պատասխանս լսելով, ասաց. «Ա՜, միայն «Առավոտը» կարող էր նման հարց տալ»։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հ. Գ. Նախագահի եւ լրագրողների հարցուպատասխանը լսելով՝ նախագահի մամուլի քարտուղար, թարգմանիչ Վահե Գաբրիելյանը դժգոհել է, թե լրագրողները կարգին հարց տալ չգիտեն։ Պրն Գաբրիելյանը հավանաբար մոռացել է «век живи, век учись» հայտնի խոսքը՝ մի օր թող ինքը հարց տա՝ լրագրողներս սովորենք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31