Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական խորհրդանիշ՝ Ղարաբաղ ու Մասիս

Մայիս 13,1999 00:00
Alvard Barxudaryan

Մայիսի 12-ին լրացավ ղարաբաղյան հրադադարի 5-րդ տարին. 1995 թ. Բիշքեկում ԱՊՀ երկրների գագաթաժողովը նշանավորվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարով: Տարօրինա՞կ է, արդյոք, որ մեր հայրենակիցները 1999-ին բնավ չհիշեցին այդ մասին, թե՞ օրինաչափ: Նկատի ունենք 1998-ի իշխանափոխությունից հետո ստեղծված եւ նախընտրական այս օրերին էլ ավելի ընդգծված հասարակության վերաբերմունքը ղարաբաղյան խնդրի հանդեպ: Նախընտրական պաստառներում եւ հոլովակներում խորհրդանշական կապը Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ արդյո՞ք այն ամենն է, ինչ մնաց նախորդ տարիների հերոսական ջանքից, որ գործադրվեց մեր ժողովրդի եւ երկրի ղեկավարության կողմից եւ որն այսօր աճուրդի է հանվել: Թվում է, թե բոլորի կողմից՝ ե՛ւ նրանց, ով Հաղթանակը նվաճեց ու զենքը վայր դրեց մայիսի 12-ին, ե՛ւ նրանց, ովքեր մոսկվաներում, այլ հեռուներում «հայրենիքի ու ժողովրդի ճակատագրով մտահոգված», այլեւս անպատերազմ հայրենիք վերադարձան: Վերադարձան, համալրելով «ռեժիմի դեմ պայքարող» շարքերն ու կյանքի նպատակ դարձնելով նրա տապալումը:

Զուգահեռաբար ստորագրություններ հավաքելով Հայաստանին սլավոնական դաշինքին միացնելու օգտին ու դարձյալ կյանքի նպատակ դարձնելով «ռեժիմի տապալումը»: Արդյունքում հասանք մի իրավիճակի, երբ Ղարաբաղը, մղվելով մեր գիտակցությունից, հետզհետե դառնում է ընտրապայքարի պաստառահոլովակային պարտադիր տարր: Ճիշտ այնպես, ինչպես Մասիսը, որը խորհրդանիշ դարձավ դարասկզբում Եվրոպայի ներսում բորբոքված պատերազմի մեր ազգային ընկալումից հետո:

Վերադառնալով 1994-ի հրադադարին, ասենք, որ մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը, երբ Մոսկվայի հեռուստատեսությամբ հայտարարվեց ղարաբաղյան հրադադարի մասին, դժվարությամբ ընկալեցինք լուրը: Առավոտյան Ստեփանակերտի փողոցներում, պետական հիմնարկներում, զինվորների շրջանակներում հարցում անցկացրի. զրուցակիցներիցս գրեթե ոչ ոք հրադադարին, առավել եւս՝ պատերազմի ավարտին, չէր հավատում:

Հավատո՞ւմ էր արդյոք դրան Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը. դժվար է ասել, բայց մեր պետության զարգացման հետագա ընթացքը թույլ է տալիս ենթադրել, որ պետականաշինության գործընթացը ենթարկվեց ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն տրամաբանությանը, ինչը եւ հանգեցրեց 1998-ի իրադարձություններին: Հրադադարի հաստատումից մեկ տարի անց տեղի ունեցան խորհրդարանական, 1996-ին՝ նախագահական ընտրություններ /Հայաստանում, Ղարաբաղում/, իսկ հաջորդ տարին, ըստ էության, իշխանափոխության նախապատրաստման շրջան էր, որը եւ «պսակվեց հաջողությամբ»: Այսպիսով, 5 տարի մենք նույն շրջապտույտն ենք անում, պատրանք ստեղծելով, թե պետության կայացման գործում հաջողությունների ենք հասել եւ ապացույց բերելով ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակի պահպանումը:

Կարդացեք նաև

Մինչդեռ ժամանակն է ընդունելու, որ հրադադարից խաղաղություն «անցումային փուլն» ավարտվել է, իսկ Եվրոպայի ներսում բորբոքվող պատերազմը այնքան էլ չի տարբերվում մի պատերազմից, որից հետո Մասիսը դարձավ ազգային խորհրդանիշ եւ 21-րդ դարի նախաշեմին մնում է որպես հայոց նախընտրական թեժ պայքարի սիմվոլիկայի առանցքային տարր: Շեշտենք՝ Լեռնային Ղարաբաղի հետ մեկտեղ:

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31