Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿԵՆՍԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

Մայիս 13,1999 00:00
aydin

Երեւան-Բոմբեյ-Լոնդոն թունելը

Սկիզբը՝ թիվ 86

Կոմունիստական հասարակարգը, որը միակ ազգային-պետական կառույցն է բոլորիս հիշողության մեջ, կարոտախտով է հիշվում բնավ էլ ոչ էժան երշիկի շնորհիվ: Հիշվում է արժանապատիվ կյանքի գոնե հնարավորությամբ, հետեւողական զարգացմամբ ու առաջին հերթին՝ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ: Ճիշտ թե սխալ, լավ թե վատ՝ այս պարագայում էական չէ: Որովհետեւ լավ թե վատ, ճիշտ թե սխալ ՀԱՄԱԿԱՐԳԻ, ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ, ԱՐԺԵՔՆԵՐԻ երկրից այսօր դարձել ենք մանր-մունր ինտրիգների երկիր: Երկիր, ուր բազմաթիվ են չժխտված, բայցեւ, միաժամանակ, չընկալված ու չգիտակցված մտքերն ու գաղափարները: Երկիր, որը ոչ նպատակ ունի, ոչ խնդիր, ոչ հեռանկար: Երկիր, ուր միակ ընդդիմությունը, որքան էլ որ անհեթեթ է, նույն այդ երկրի իշխանություններն են, որոնք լուրջ եւ անհաշտ ընդդիմություն են առողջ բանականությանը, սթափ տրամաբանությանը եւ, ընդհանրապես՝ ՄՏՔԻՆ: Երկիր, ուր ոչ ոք պատասխանատվություն չունի հողի, ազգի, պետության հանդեպ: Երկիր, որն աճեցնում, խրախուսում եւ արժեւորում է ոչ թե ստեղծողին, այլ սպառողին: Երկիր, որի «երեկը» միշտ ավելի լավն է: Երկիր, որն իր՝ ԼԵՌԱՆ ՔԱՐՈԶԻ, ժողովրդին այսօրվա ապրելավայր-վիհի ողբին է հասցրել: Երկիր, ուր ճշմարտությունը հավասարարժեք է դարձել անհրաժեշտ-օգտակար-հաճելիին: Երկիր, ուր ընտրություններն արդար են միայն նրա համար, ում օգտին կեղծվել են: Երկիր, որ ոչ միայն կարգին տոն չունի, այլեւ տոն կազմակերպել էլ չգիտի: Երկիր, ուր սկզբունքը մեկն է՝ եթե էսինչը էնինչ բարձր պաշտոնի կարող է լինել, ես նրանից ավելի բարձր պաշտոնի պիտի լինեմ, ու կարողության չափանիշն էլ ծառայողական մեքենայից վայր չընկնելն է: Երկիր, ուր պաշտոն ունենալը ոչ թե ինչ-որ ծրագիր իրականացնելու, ինչ-որ համապետական ու ազգանպաստ գործ անելու համար է, այլ, ծայրահեղ դեպքում, գոնե՝ ոչ աղքատ ապրելու: Երկիր, որը ոչ միայն իրեն շրջապատող աշխարհը չգիտե, այլեւ ինքն իրեն՝ իր հողը, իր ժողովրդին, իր հացը: Ու ջանք էլ չի թափում իմանալու: Երկիր, ուր մոլեգնում է, արդեն կարեւոր չէ՝ ում եւ որ «տերտերը»:

…«Ապաշխարանք» ֆիլմում Միխայիլ Կորիշելին՝ վերեւի ուշադրությունը ներքեւներում կատարվողի վերաբերյալ սրելու նպատակով, հորինել էր Բոմբեյ-Լոնդոն թունելի շինարարության «փաստը» եւ դա բացատրում էր հետեւյալ կերպ. «Ամեն ինչ պետք է անհեթեթության հասցնել: Անհրաժեշտ է որպես ժողովրդի թշնամիներ որքան հնարավոր է շատ մարդկանց անուններ տալ, որպեսզի վերեւում հասկանան կատարվողի անհե-թեթությունը: Կհասկանան ու վերջ կտան այս ամենին»: Մենք էլ այսօր ճիշտ նույն ճամփան ենք ընտրել՝ ամեն ինչը անհեթեթության հասցնելու ճամփան:

Սակայն չենք գիտակցում, որ ի տարբերություն երեկվա «վերեւների». այսօրվա մեր «վերեւները»՝ Ռուսաստան-Ամերիկա-Եվրոպաները, արդեն մեզ իսկի բանի տեղ էլ չեն դնում… Ու չեն էլ տեսնելու, թե ներքեւներում՝ մեզ մոտ, ինչ է կատարվում. ժամանակ ու ցանկություն չունեն: Բայց մենք, միեւնույն է՝ շարունակում ենք մեր անհեթեթությունների շքահանդեսը:

Հեռուստատեսությամբ ժամերով ու ամենայն մանրամասնությամբ մեկնաբանում ենք Սահմանադրությունը, բայց նրա ընդունման օրը, որ նույն այդ Սահմանադրությամբ տոն է հայտարարված՝ չենք նշում: Ազգային ռադիոյով ասում ենք մի բան, իսկ հետո նույն այդ ալիքով հեռարձակվող «Ամերիկայի ձայնով» եւ «Ազատությունով» նույն ռադիոունկնդիրներին արդեն ասվածի կամ ասվելիքի հակառակն ենք մատուցում:

Նշում ենք, որ հաղթել ենք պատերազմում եւ մեր հետագա դատողությունները կառուցում այդ հենքի վրա, առանց հասկանալու, որ հնարավոր չէ հաղթել մի բանում, որն, ուղղակի, դեռեւս ավարտված չէ: Եվ այդ պատճառով էլ մեր հետագա բոլոր դատողություններն էլ հենց հիմքից անհեթեթ ու սխալ են:

Նախագահի խորհրդականները պիկետներ ու հայտարարություններ են անում նախագահի ընդունած որոշումների դեմ՝ փոխանակ իրենց անմիջական պարտականությունների կատարմամբ նպաստեն որոշումների փոփոխմանը: Գուցե այդ պատճառով է, որ հիմա բոլորն էլ (օրենքի պահանջները բավարարողները) որոշել են պատգամավոր դառնալ ու նախագահին թողնել մենակ՝ անխորհուրդ ու անխորհրդական:

Այն հարցին, թե որտեղ կուզենար ապրել բացի Հայաստանից, հանրապետության բարձրագույն պաշտոնատար անձը պատասխանում է՝ «Ղարաբաղում»՝ մոռանալով, որ ընդամենը մեկ տարի առաջ ինքներս մեզ ու ողջ աշխարհին համոզում էինք, որ Ղարաբաղն էն գլխից Հայաստան է: Իսկ այն հարցին, թե՝ հավատո՞ւմ եք, արդյոք, Աստծուն, պատասխանում է. «Ես երբեք այդ հարցը ինձ լուրջ չեմ տվել», եւ դա՝ շուտով արդեն 45 տարեկան հասակում…

Ի լուր աշխարհի հայտարարում ենք անձի հանդեպ բարեգործության փորձ կատարելու մասին, մոռանալով, որ բարի գործը ծնծղաներ չէ, որ պահանջում է, այլ արժանապատիվ, ակնածալից եւ հոգատար լռություն:

Խուլ անտարբերությամբ չենք նշում մեր երկրորդ հանրապետության ծննդյան օրը՝ դեկտեմբերի 2-ը, մոռանալով, որ մեր այսօրով ու գոյատեւմամբ միայն ու միայն այդ օրվան ենք պարտական: Պատրաստվում ենք քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակը տոնել, բայց 1698-րդ տարում անգամ պատշաճ հոգեւոր քարոզչություն իսկ ի վիճակի չենք իրականացնել, Տիրոջ խոսքը տեղ չենք կարողանում հասցնել: (Աշխարհիկ քարոզչության՝ ասել է, թե ընդհանրապես չեղածի մասին խոսելն իսկ ավելորդ ու անիմաստ եմ համարում):

Անկախության ութերորդ տարում դեռեւս «ներքին սփյուռք» ենք կոչում նախկին ԽՍՀՄ, ի դեպ, նույնպես ԱՆԿԱԽ հանրապետություններում ապրող մեր հայրենակիցներին:

Քանի տասնամյակ պահանջատիրությունը հայ ժողովրդի միս ու արյունը դարձնել փորձող կուսակցության կարկառուն ներկայացուցիչներից մեկը հանկարծ ընդամենը վերջերս խոստովանում է. «…Այո, ցեղասպանություն տեղի է ունեցել, բայց դրանից հետեւում է, որ պետք է հատուցվեն բոլոր այն վնասները, որոնք ցեղասպանության հետեւանքով հասցվել են հայ ժողովրդին: Ի՞նչ է հատուցումը՝ հողային, նյութական, ինչպե՞ս պետք է մենք դատարանի առջեւ կանգնեցնենք երիտթուրքերին, ի՞նչ հոդվածով պիտի նրանց մեղադրենք, ինչքա՞ն հատուցում ուզենք, ի՞նչ սահմաններում պիտի հող ուզենք, եւ այլն, եւ այլն… բոլոր այս հարցերը, դժբախտաբար, մենք դեռ չենք լուծել: Կարող եմ ասել՝ նույնիսկ չենք զբաղվել»: («Երկիր», 24 ապրիլի 1999 թ.):

Բա ինչո՞վ ենք զբաղվել:

Բա ի՞նչ էր իրենից ներկայացնում այդ «պահանջատիրություն» կոչվածը:

Բա ի՞նչ էինք անում մինչեւ հիմա: Կարծում էինք իրե՞նք պիտի իրենց դեմ դատարան դիմեն, իրե՞նք իրենց համար հոդվածներ գտնեն, իրե՞նք իրենց ազգովի-անխտիր պիտի մահապատժի ենթարկեն ու էսօրվա նրանց եղած-չեղածը՝ հող ու նյութ, ամբողջովին մնալու էր մե՞զ…

Դե, իսկ եթե հանկարծ տված լինեին կամ հիմի տան՝ ո՞նց ենք որոշելու ճիշտն ու սխալը, շատն ու քիչը… Երեկ այսօրվա նախագահի հիմնական մրցակցի մասին մտքներովդ անցած ցանկացած ստորություն գրվել ու ասվել է, այսօր գովք է արվում:

Նախորդ տարվա ընտրություններում հաղթող դաշինքն իրեն կոչել էր «Արդարություն եւ միասնություն», այս տարվա ընտրություններում հաղթելու ներուժ ունեցող դաշինքը «Արդարություն»-ը դեն է նետել, սոսկ «Միասնություն» է կոչվում, բայց արդար ընտրությունների մասին ավելի հաճախ, ավելի զգացմունքային, ավելի բարձրագոչ է խոսվում…Բայց, ըստ էության, ռեւանշիստների, չկայացածների ու քինախնդիրների խորհրդարան է պատրաստվում:

Եվ հետո էլ դժգոհում ենք, թե երկրի ներքին ու արտաքին իրավիճակը, նրա վարած քաղաքականությունը չի վերլուծվում, կանխատեսումներ չեն արվում եւ դա վերագրում ենք համապատասխան կարող ուժերի բացակայությանը: Անհեթեթություն: Որեւէ մեկն արդյոք իրեն հարցրե՞լ է, թե ինչու, օրինակ, շատ բարեհաջող էլ կարողանում ենք վերլուծել, ասենք, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԳԴՀ-ի եւ այլոց քաղաքականությունը եւ որոշակի կանխատեսումներ անել, իսկ մերը՝ ոչ: Պատասխանն ավելի քան պարզ է. այդ երկրները որոշակի քաղաքական, արժեքային համակարգեր ունեն, ունեն մշակված եւ հստակ սկզբունքներ, նրանց յուրաքանչյուր քայլ պատճառահետեւանքային տրամաբանություն ունի, մինչդեռ մեր երկրում, նայած՝ տվյալ պաշտոնյան որ ոտքի վրա է վեր կացել, ըստ այդմ էլ, կախված պաշտոնյայի իրավասություններից, կընթանա կամ երկիրը, կամ տվյալ ոլորտը: Ու այս պայմաններում արդեն ի՞նչ վերլուծություն, ի՞նչ կանխատեսում, երբ բոլորի հիմնական կարգախոսը դեռեւս «Լեւոն, հեռացիր»-ն է…

Չէ, երեւի իսկապես. «Ոչ մի Ռիո դե Ժանեյրո էլ չկա: Ամերիկա էլ չկա: Եվրոպա էլ չկա: Ոչինչ էլ չկա»: Ու «աշխարհի վերջին քաղաքը Շեպետովկան է, որին զարնվելով փշրվում են Ատլանտյան օվկիանոսի ալիքները»:

Շարունակելի

ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31