Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԹՇՆԱՄԻՆ ԵՆ

Մայիս 13,1999 00:00
turq

«Առավոտի» տրամադրության տակ է ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյանի «Ազգային գաղափարախոսության էությունը եւ բովանդակությունը» 11 էջանոց աշխատությունը, որը որպես ուսումնական ձեռնարկ, բաժանվում է պատմության ֆակուլտետի ուսանողներին եւ որով այդ ուսանողները քննություն են հանձնում։ Ստորեւ ներկայացնում ենք այդ աշխատության վերջին՝ 10-րդ մասը, որը կոչվում է «Ազգային թշնամու կերպարը»։

Պատերազմները, նվաճումները, հարստահարությունները ժողովուրդների հազարամյակների պատմության մեջ սովորական երեւույթ են։ Բնականաբար, պարտված ժողովուրդը ատելությամբ եւ վրեժխնդրությամբ է լցվում հաղթող ժողովրդի նկատմամբ։ Սակայն, որպես կանոն, եթե հաղթողը ինչ-որ ժամանակահատվածից հետո հեռանում է նվաճած երկրից, ապա պարտված ժողովուրդը ժամանակի ընթացքում բուժում է վերքերը եւ ամենակարող ժամանակը ժողովրդի հիշողությունից ջնջում է ատելության եւ վրեժխնդրության զգացումը։ Ժողովուրդները չարություն չունեն, նրանք անհիշաչար են։ Եթե այդպես չլիներ, ապա բոլոր ժողովուրդները հիմա թշնամիներ կլինեին։ Ժողովուրդների համար հավերժական թշնամիներ գոյություն չունեն։ Թշնամու գաղափարը ժողովուրդների համար ունի մարտավարական եւ ոչ թե ռազմավարական նշանակություն։ Սակայն կան հիմնախնդիրներ, որոնք հավերժ մնում են ժողովուրդների պատմական հիշողության մեջ։ Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է մի ժողովրդի կողմից մյուսի ցեղասպանությանը եւ Հայրենիքի զավթմանը։ Որեւէ ժողովրդի ցեղասպանություն կազմակերպած եւ հայրենիքը զավթած դահիճը զոհի մոտ ստանում է ազգային թշնամու կերպար եւ հավերժ մտնում նրա պատմական հիշողության մեջ։

Այս անվիճելի թեզի մասին միջազգային սոցիալիստական շարժման ականավոր գործիչ, ազգային հարցի խոշոր տեսաբան Կարլ Կաուցկին դեռ 1908 թ. գրել է. «Եթե մի ժողովուրդ նվաճում է մի այլ ժողովրդի ազգային տերիտորիան, հաստատում է այնտեղ իր տիրապետությունը, շահագործում է այն, ապա նա դառնում է ազգային թշմանի»։ Եթե Կաուցկու այս թեզին, որը պարունակում է միայն մի ժողովրդի կողմից մյուսի հայրենիքի գրավումը, ավելացնենք նաեւ ցեղասպանությունը, ապա պարզ է, որ այն ոչ մի հակաճառություն չի ընդունի։

Հայաստանի ոչնչացման քաղաքականությունը այսօր էլ հանդիսանում է թուրքերի ազգային ծրագրի առանցքը, այն ելնում է պանթուրքիզմի գաղափարախոսությունից, որը Թուրքիայի ազգային իդեալն է, ազգային գաղափարախոսությունը։ Քանի դեռ գոյություն ունի պանթուրքիզմը՝ Միացյալ Թուրանի գաղափարը, Հայաստանի Հանրապետության ոչնչացման ծրագիրը գտնվելու է օրակարգում։ Հետխորհրդային շրջանում Թուրքիայի վարած հակահայկական քաղաքականությունը գալիս է մեկ անգամ եւս հաստատելու այդ անվիճելի ճշմարտությունը։

Թուրքիայի պետական քարոզչությունը դարերի ընթացքում կերտել է թուրքերի թիվ առաջին ազգային թշնամու՝ հայի կերպարը։ Այդ են հաստատում Թուրքիայում բազմիցս անցկացված հարցումների արդյունքները։ Գերմանական «Հանդես բլատ» թերթը 1998 թ. հուլիսի 9-ի համարում հարցազրույցից հետո գրել է. «Թուրքիայի համար հայկական գործոնը կենդանի է, հայը թշնամու խորհրդանիշ է»։

Ստեղծված իրավիճակում Հայաստանի ապազգային ուժերը (ՀՀՇԿ-ն եւ նրանից ծնված ու գունափոխված կազմակերպությունները) բոլշեւիզմից ժառանգած «ինտերնացիոնալիզմի եւ ժողովուրդների բարեկամության դրոշով», ՆԵՈԲՈԼՇԵՎԻԶՄԻ դիրքերից գործադրում են բոլոր միջոցները հայ ժողովրդի գիտակցությունից թուրքերին՝ որպես ազգային թշնամու կերպար հանելու համար, որով թուլացնում ու բթացնում են հայոց ինքնապահպանման բնազդը, ապակողմնորոշում ժողովրդին եւ դատապարտում ոչնչացման։ Դա դավաճանություն է հայ ժողովրդի դեմ։

Թուրքերը հայոց ազգային թշնամին են։ Թուրքերը կդադարեն հայոց ազգային թշնամի լինելուց, հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն միայն, թեկուզ փոխզիջումային տարբերակով, Արեւմտյան Հայաստանը հայ ժողովրդին վերադարձնելու դեպքում։ Այդ պատմական կնճիռը վերացնելու այլ ուղիներ գոյություն չունեն։

ԼԵՆԴՐՈՒՇ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ

Առայժմ զերծ մնալով մեկնաբանություններից, ակնկալում ենք ընթերցողների արձագանքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31