Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ ԵՔ ԴՈՒՔ «ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»

Մայիս 13,1999 00:00
iravunq

Եթե անգամ փորձ արած էլ լինեի, միեւնույն է, չէի կարող պատկերացնել, որ Վանո Սիրադեղյանի անձը եւ երեւույթն առհասարակ, այդքան կարեւոր նախընտրական գործոն է։ Սակայն՝ այդպես է, գոնե «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի դեպքում, որը անցյալ օրը քարոզարշավի համար ընտրել էր Արագածոտնի մարզի մի մասը եւ Շիրակի մարզի հարավը։

Հրանտ Խաչատրյանի եւ Արտաշես Գեղամյանի առաջին կայանատեղին Պռոշյան գյուղն էր։ Ի դեպ, վերջինս էական դերակատարություն է իրականացնում հանդիպումների ժամանակ, սկսելով եւ ավարտելով դրանք։ Նրան ուղղված առաջին հարցադրումներից մեկը փոխանցում եմ բառացիորեն. «Բա չկա քո ռիսկի տեր մի ղեկավար, որ Սիրադեղյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին ու մյուսներին ասեղի ծակով անցկացնի»։

Իսկ պատասխանն այսպիսին էր. «Մինչեւ հանցագործը չդատվի, մինչեւ արդարություն չլինի, մեր երկրում ոչինչ չի փոխվի»։ Գյուղերում պարզ, հասարակ մարդիկ Արտաշես Գեղամյանին հիշում են նաեւ հետեւյալ տեսարանով։ «Ես էդ կինոն տեսել եմ, որ դու նստար քու մեքենան, որ ասեցին սպիտակ դրոշակ տնկի գնա տանկերը հետ տուր՝ քաղսովետի նախագահ ժամանակ՝ էդ կինոն լավ եմ հիշում»։

Սակայն Վանոյի հարցը, միեւնույն է, այդքան հեշտ չի շրջանցվում։ Կարճահասակ մի ծերուկ, իսկ այդ դասի ներկայացուցիչներին, Արտաշես Գեղամյանը, առանց որեւէ բացառություն անելու, հալիվոր էր կոչում, պահանջեց, որպեսզի Սիրադեղյանին «դատի համաշխարհային տրիբունալը։ Դրանց դատը ժողդատարանը չպիտի որոշի։ Գիտնական մարդիկ, դատախազ մարդիկ, որոնց գնդակահարել են, հիմա իրենք պիտի գնդակահարվեն։ Դուք ոնց եք թույլ տալում, որ ձեր կողքին ման գան։ Կերան ժողովրդին, թալանին, շորերը հանին, կոշիկները հանին՝ չարուխ են հագցնում, իրանք էլ գնացին արտասահման։ Հըլը հաշվարկ արեք, ինձ ասեք՝ Հայաստանում քանի մարդ է մնացել»։ Վանո Սիրադեղյանի թեման շարունակվեց նաեւ Սամվել Բաբայանի կողմից հովանավորվելու մասին տրվող բացատրություններում. «Երբ Վանո Սիրադեղյանի մասին ելույթ ունեցա Ազգային ժողովում, դահլիճից 2 հոգի ասացին՝ կգյուլլենք քեզ, էս կանենք, էն կանենք։ Գիշերը բազմաթիվ զանգեր եղան մեր տուն՝ եթե 90%-ն ասում էր՝ Գեղամյան ջան, մեջքիդ կանգնած ենք, բայց ՀՀՇ-ական տականքն էլ զանգում էր եւ ասում՝ գլխիցդ ձե՞ռ ես քաշել։ Մի զանգ եղավ գիշերով։ Սամվել Բաբայանն էր, որին հեռվից գիտեի։ Ասաց՝ Գեղամյան ջան, քանի արդարության համար կռիվ ես տալիս, քանի արդարության համար քեզ զոհաբերում ես, մեջքիդ կանգնած եմ։ Էս է ամբողջ պատմությունը։ Էդ հարցում ուրիշ բան մի որոնեք։

Մեր դրոշի վրա գրված է՝ առանց արդարության, առանց իրավունքի հաստատման, առանց հանցագործին բանտ ուղարկելու, մեր երկիրը չի կառուցվի։ Հանցագործը երկնքին ճաղերի հետեւից պիտի նայի»։

Առաջ անցնելով ասենք, որ ավելի ուշ տեղի ունեցող հանդիպումներում պրն Գեղամյանն ամենուրեք ասում էր, թե կոշեցիներին ասել է, որ իրենց մոտի գաղութում տեղ պատրաստեն Վանո Սիրադեղյանի համար։ Կոշը «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի այցելած 48-րդ բնակավայրն էր, իսկ Թալինը, պատահականորեն, թե ճակատագրով՝ 50-րդը եղավ։ Ի դեպ, միայն Թալինում, Պռոշյանում եւ Աշնակում էր, որ հայ կինը հանդես չեկավ իբրեւ մերժված քաղաքական կատեգորիա։ Մյուս բնակավայրերում, նրանք այդպես էլ չերեւացին հավաքվածների մեջ։

Ի դեպ, հենց Աշնակում էր, որ Արտաշես Գեղամյանին հարցրեցին՝ ճի՞շտ է, որ ժամանակին հայտարարել եք, թե ձեր երակներով Կարեն Դեմիրճյանի արյունն է հոսում։ Պատասխանն այսպիսին էր. «Բացարձակապես։ Նման բան չեմ ասել։ Միշտ ասել եմ եւ հիմա էլ ասում եմ՝ այդ մարդը վրաս մեծ ամագ ունի, իրանից սովորել եմ շատ բան, իր հետ շատ լավ էլ աշխատել եմ։ Բայց, այսօրվա շրջապատները տարբեր են։ Իմ երակներում Գեղամյան Մամիկոնի եւ Գեղամյան Սանդուխտի արյունն է հոսում։ Բավարարվա՞ծ եք»։

Հրանտ Խաչատրյանն ընդհանրապես շատ ավելի պասիվ էր եւ իր հիմնական խոսքն ասելուց զատ, շատ քիչ էր խառնվում ընդհանուր խոսքուզրույցին։ Բայց երբ գյուղերից մեկում մի երիտասարդ մոտեցավ ու մինչ կներկայանար իբրեւ «Միասնություն» դաշինքի տեղի շտաբի պետ, ԱՀԵ-ի նախագահը միջամտեց. «Թողեք այս երիտասարդն իր հարցը տա, որովհետեւ իրեն ուրիշն է ուղարկել»։ Երբ հարցը տրված էր, Հրանտ Խաչատրյանն ասաց. «Հարգելի գյուղացիներ, հիմա ես իմ հարցը ձեզ եմ տալիս՝ համեստ, գրագետ երիտասարդ է՝ ինչու այն քաչալը, որ մառոժնի է ուտում, նա չի գալիս, իրեն է ուղարկում, որ հարցը տա»։ Արտաշես Գեղամյանը մի վերապահում արեց. «Եթե հալալ քրտինքով է այդ մառոժնին ուտում՝ անուշ լինի»։

Արտաշես Գեղամյանի խոսքում, իհարկե, կային նախադասություններ, որոնք մատուցվում էին գրեթե բոլոր բնակավայրերում. «Սեւանի Գագարինավանում մարդիկ ասում էին՝ այստեղ կենդանի չի մնացել, շուն, կատու չի մնացել։ Ասում են՝ Սովետաշենի աղբանոցում սաղ գագարինցիներ են»։

-Ստեղ էլ էդ կա, ստեղ էլ կա,- ասացին հավաքվածները։ Սա Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում էր։ Ուշադրություն դարձնենք եւս մեկ իրողության, որը, առանց մեծ սխալ գործելու վախի, կարելի է ներկայացնել իբրեւ ժողովրդի տրամադրության բնորոշիչ։ Մարդիկ, ինչպես իրենք էին ասում, գրեթե բոլոր բնակավայրերում, չէին հավատում եւ վստահում ոչ ոքի։ Համոզվեք ինքներդ. «Օրական գյուղից 3-4 հոգու տանում ենք՝ թաղում։ Մի մասն էլ հոռացել ա։ Էդ եղավ հայությո՞ւն, էդ եղավ մարդկությո՞ւն։ Ինչ ղեկավար, ինչ բան։ Էնքան են խաբել ժողովրդին՝ էս 4-5 տարի ա, ժողովուրդը հույսը կտրել ա։ Հիմա ով կարա՝ կփրկվի, ով չէ՝ կմեռնի»։ Կամ՝ «բոլորին էլ ճանաչում ենք՝ հանցագործին էլ, ավազակին էլ՝ բայց ով ա մեր ասածը բանի տեղ դնում։ Ես, որ իմանամ իմ ձայնը բանի տեղ կանցնի, ես սաղին կասեմ, որ ձեր օգտին քվեարկեն։ Բայց բանվորի ձենը ով է բանի տեղ դնում։ Բանվորն ո՞վ է»։ Եվ քանի որ, խիստ փոքր է վստահության եւ հավատի չափաբաժինը, ժամանակ առ ժամանակ, ժողովուրդն ինքն էր անցնում հավատաքննության. «Դուք Ազգային ժողովում եք նստել, հիմա ինձ ասեք՝ Հրանտ Բագրատյանը ի՞նչ է արել հայի համար, որ դուք բռնեցիք կանյակի գործարանը տվեցիք իրեն։ 200 դեպուտատ նստած՝ մի նախագահի վրա չկարողացա։ Քիչ էր կերել Հրանտ Բագրատյանը՝ էդ էլ դաբավկա տվին։ Կանյակի գործարանին եթե մի հատ լավ ղեկավար ըլներ, էդ զավոդը Հայաստանը կպահեր»։

Բոլոր դեպքերում, նկատելի էր, որ, համենայնդեպս, քողարկված հավատի մի բաժին Կարեն Դեմիրճյանի համար պահպանված է, ու պատահական չէ, որ Արտաշես Գեղամյանին հարցնում էին. «Հիմա, խնդրում եմ, պարզորոշ ըսես՝ դու ո՞ւմ համար ես ընտրարշավ անում, ո՞ւմ պիտի օգնես», թեպետ մինչ այդ արդեն նախորդած էր լինում բացատրությունը, թե ինչ ծրագրով եւ նպատակադրումներով է ասպարեզ մտել «Իրավունք եւ միաբանություն» դաշինքը։

Իմ տպավորությամբ, գուցեեւ սուբյեկտիվ, հանդիպումների սկզբում մարդիկ այնքան էլ առարկայական պատկերացում չունեին, թե ինչ ասել է «Իրավունք եւ միաբանություն» նախընտրական միավորում։ Ուստի կարելի էր լսել նաեւ չհասցեագրված անեծքաբանության բացառիկ նմուշներ. «Ամոթ, հազար ամոթ էդ ղեկավարներին, որ կլպում են հայ ժողովրդին՝ ուտում են, իսկ բանվորի էրեխեն սովից մեռնում ա։ Ո՞նց են ապրում՝ իրանց քթից գա, պնչից գա։ Այ, էդ եմ ասում (ծափահարություններ- Ա. Զ.)»։ Իսկ հանդիպումների ավարտին, սովորաբար, կենացները քաղցրացած էին լինում, ուստի պատահական չէին նաեւ այսպիսի արտահայտությունները. «Գեղամյան ջան, դե պրեզիդենտ դարձի, պրծնենք»։ Նա էլ պատասխանում էր. «Էդ գործը հանգիստ ա սիրում»։

Ամփոփենք անշուշտ բոլորին հետաքրքրող հարցադրմամբ՝ 5% եւ ավելի տոկոս ձայն կստանա «Իրավունք եւ միաբանություն» դաշինքը։ Մեր տպավորությամբ՝ միանգամայն հնարավոր է, եթե Արտաշես Գեղամյանն ու Հրանտ Խաչատրյանը իրենց այցելած վայրերը եւս մի քանի անգամ վերադառնան։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31