Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՅՈՒՐԱՑՈՒՄՆԵՐ

Մայիս 13,1999 00:00
yuracum

Սասունցի Դավթի կուսակցական պատկանելության մասին էպոսը լռում է։ Այդ բացը լրացնելն իրենց քաղաքական պարտքն են համարում ՀՅԴ-ն, ՀՌԱԿ-ն ու «Օրինաց երկիրը»։ Ոչ ոք չի հաստատել, որ Հայաստանի եռագույն դրոշը, գերբը «Օրինաց երկրի», «Միասնություն» դաշինքի, «Հզոր հայրենիքի» եւ խորհրդարան մտնելու ցանկությամբ տոչորվող մեծ ու փոքր մյուս կուսակցությունների ձեռքբերումն են։ (Փոխարենը Ընտրական օրենսգիրքը մի կետ ունի, ըստ որի արգելվում է քարոզչական պաստառների վրա ՀՀ զինանշանը կամ դրոշը պատկերելը)։ Ու բանակն էլ հաստատ «Միասնություն» դաշինքի սեփականությունը չէ, պետությա՛նն է։ Մանկական անուշ մռութներն էլ ոչ մի քաղաքական ուժ չի «վաստակել»։ Բայց անհամեստորեն, մե՛ղմ ասած, այս արժեքները յուրացնում են՝ իրենց գովելու մոլուցքով տարված։ Կամ երեւակայությունները թվարկված այս հանրահայտ արժեքներից դենը չի անցնում։ Կամ էլ իրենց եղած ու չեղած արժեքներն են պակասություն անում։ Ավելի հակված ենք այս վերջին տարբերակն իբրեւ «արդարացում» ընդունելու։

Բայց ուր էր թե միայն ազգային ու համամարդկային արժեքներն իրենցով անեին։ Էն օրի են հասել, որ իրարից էլ են այդ եղած ու չեղած արժեքները յուրացնում։ Ասենք դաշնակցական Վահան Հովհաննիսյանը հանկարծ սկսեց «մաքուր ձեռքեր»-ից խոսել՝ անտեսելով, որ դա սիմական Հրանտ Խաչատրյանի մենաշնորհն է։ ՀՌԱԿ-ը միանգամից «գցեց» «Արժանապատիվ ապագային», «Հզոր հայրենիքին» ու «Օրինաց երկրին»։ Ու բոլորով միասին Արցախյան ազատամարտին տեր դարձան, անգամ՝ «Ազատություն» կուսակցությունը՝ «պատերազմի հերոս» իր առաջնորդով։ Հետո էլ մեծ-մեծ կխոսեն, թե ուզածները ոչ թե էդ աթոռն է, այլ իրենց եղած ու չեղած գաղափարների իրականացումը։ Ու ճոխ ու բոցաշունչ «փաստարկներով» կհամոզեն, թե այդ գաղափարներն իրարից շա՜տ տարբեր են։ Գուցե, իրո՞ք, տարբեր են. ասենք Հայ դատի պահանջատեր ՀՅԴ-ից Սասունցի Դավիթը սուրն է «յուրացրել», «Օրինաց երկրից»՝ սանձը։ «Հզոր հայրենիքն» են խորհրդանշում Դավթի հուժկու բազուկները, իսկ ձին ու Դավիթը՝ «Միասնությունը» (միայն հայտնի չէ, թե ով է ում հեծնել ու ով է ում օգտագործում)։ Թարսի պես (գուցե՝ օրինաչափորեն) ժողովրդի համբերությունը խորհրդանշող թասն էլ գողացել են։

Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31