«Սոցուժեր եւ մտավորականներ» միությունն իր քարոզարշավը սկսում է «սեփական տնից»։ Երեկ Հայկական բաց համալսարանի երկու ֆակուլտետների (որոնք ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում են) ուսանողները բախտ ունեցան հանդիպելու իրենց ռեկտոր Լորիս Քալաշյանի, պրոռեկտոր Գրիգորի Ասատրյանի հետ։ Նրանց հետ էին նաեւ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ, այժմ՝ թոշակառու (ինչպես անընդհատ ներկայացվում էր) Դմիտրի Ադբաշյանը եւ «Ռոսիա» միության նախագահ Գալինա Չեռնոուսովան։ Բոլորն էլ սոցուժերի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածուներ են։
Լորիս Քալաշյանն ասաց, որ հավատում է այս ընտրությունների արդար լինելու հնարավորությանը։ Նա հավաստիացրեց, որ ԱԺ իրենց անցնելու դեպքում ոչ մի «հակաժողովրդական օրենք» այնտեղ չի ընդունվի։ Իրենց ծրագրի տարբերությունը այլ կուսակցությունների ծրագրերից այն է, որ իրենք «անկեղծ, ազնիվ, անխաբեբա գործ են ուզում անել»։ Իսկ թե ինչ է գրված, կարեւոր չէ։ Դմիտրի Ադբաշյանը հարկ համարեց պատմական եւ ինքնակենսագրական էքսկուրս անել՝ ցուցադրելու համար սոցիալիզմի ակնհայտ առավելությունները եւ մի փոքր էլ՝ թերությունները։ Մասնավորապես նա «հպարտ էր, որ այն ժամանակ Երեւան-Մոսկվա ինքնաթիռի տոմսը 40 ռուբլի էր»։ Եվ հատկապես, եթե սոցիալիզմը չլիներ, ինքը չէր ծնվի, իր սիրելի կնոջը չէր հանդիպի, երեխա չէր ունենա։
Իսկ ընդհանուր առմամբ, սոցուժերի գաղափարական հենքը հետեւյալն է.
1. Զարգացման սոցիալիստական ուղի։
Կարդացեք նաև
2. Հայաստանի եւ Ռուսաստանի բարեկամություն եւ համագործակցություն։ Ինչի օգտին քվեարկելու կոչ արեցին ուսանողներին։
Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ