Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզարշավն անցնում է դատարանում

Մայիս 13,1999 00:00
toto

Ավանի թիվ 3 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված, գրանցված Գագիկ Կոստանդյանը երեկ հրավիրվել էր Կենտրոն-Նորք Մարաշի առաջին ատյանի դատարան (նախագահող դատավոր՝ Գայանե Կարախանյան)՝ որպես պատասխանող կողմ։

Մարզային ընտրական հանձնաժողովը նրա գրանցումը ուժը կորցրած էր ճանաչել եւ դիմել էր դատարան։ Թե ինչո՞ւ էր հանձնաժողովը նման որոշում կայացրել, լսեցինք հանձնաժողովի պայմանագրային իրավաբան պրն Գալյանին։ Պարզվեց. բախում է տեղի ունեցել նույն ընտրատարածքում պատգամավորության մեկ այլ թեկնածուի՝ Լյովիկ Եզեկյանի վստահված անձանց եւ Գագիկ Կոստանդյանի միջեւ։

Եղել է բռնություն, ՆԳ բաժնում Գագիկը բացատրություն է տվել, եւ մայիսի 5-ին հարուցվել է քր. գործ։ Մարզային ընտրական հանձնաժողովը նկատի է առել այն, որ «Գ. Կոստանդյանի գործողությունները քարոզարշավը խոչընդոտելու նպատակ են հետապնդել»։ Ընդ որում, ըստ մարզայինի փաստաբանի, եթե չլիներ Կոստանդյանի անմիջական մասնակցությունը, «այն հիմք չէր դառնա նրա պատգամավորական թեկնածության վերանայմանը»։

Գ. Կոստանդյանը դատարան էր եկել ոչ մենակ։ Նրա դատապաշտպանը՝ Ժորա Խաչատրյանը, նախ հարցրեց, թե դատարանն ի՞նչ կարգով է հաստատված համարելու Կոստանդյանի կողմից «Ընտրական օրենսգրքի» հոդվածների խախտումը, «եթե ապացուցել չի համարելու այդ հանցանքները» (ծեծ, բռնություն, որն առնչվում է քրեական դատավարության բնագավառին) եւ «ինչպես կարելի է ընդունել, որ Կոստանդյանը ինչ-որ գործողություններ է կատարել հակառակ կողմի քարոզարշավը խանգարելու նպատակով»։ Թե՛ պաշտպանը, թե՛ ԱԺ պատգամավորության թեկնածուն հայտնեցին, որ մարզայինի նիստին, երբ որոշում է կայացվել Գ. Կոստանդյանի կապակցությամբ, ո՛չ նա, ո՛չ էլ նրա վստահված անձը տեղյակ չեն եղել։ Գ. Կոստանդյանն իր հերթին դատարանին տեղեկացրեց մայիսի 3-ի ժ. 12.00-ի դեպքը, երբ ծեծի են ենթարկվել իր շտաբի աշխատողները։ Նա դիմել է այդ կապակցությամբ ԿԸՀ, քաղաքային ընտրական հանձնաժողով, ՆԳ եւ դատախազություն։ Դրանով, իհարկե, չի ավարտվել նախընտրական այս յուրահատուկ քարոզածեծը։ «Հորդ կասես թեկնածությունը հանի» ու ծեծել են նաեւ Գագիկի անչափահաս որդուն, «որին փորձում էին նաեւ՝ առեւանգել»։

Թեկնածուն, տվյալ դեպքում՝ պատասխանող կողմը, հայտնեց, թե դրանք Լյովիկ Եզեկյանի վստահված անձինք էին, «գերմարդիկ, մի 150 կգ քաշով, մակարովով, խփում էին ատրճանակի կոթով երեխայիս»։ Միջամտել է ինքը, ստացել մարմնական վնասվածք, եւ որդին, որ դեռ գտնվում է շտապ օգնության հիվանդանոցում։ Ավան թաղամասում հայտնվել է նույնիսկ «Ալֆա» ջոկատը։ Գ. Կոստանդյանի կարծիքով «ՀՀՇ-ի ամենածանր ժամանակներում այսպիսի ծեծուջարդ չի եղել»։ Նա դատարանից պահանջեց՝ թույլ տալ իրեն մասնակցել ընտրություններին եւ մերժել դիմող կողմի (որին չգիտեմ ինչու «դիմորդ կողմ» էին ասում, հաշվի առնելով հավանաբար հակառակորդ կողմի դասախոս լինելը- Ռ. Մ.) դիմումը։ Դատարանը որոշ փաստաթղթեր պահանջեց կողմերից։ Նիստը կշարունակվի։ Սակայն դատարանն իր վրա չի՞ վերցնում քրեական գործի քննության որոշ գործառույթներ։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31