Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՑ ԱՄԵՆԱՀՄԱՅԻՉՆ ՈՒ ԷՄՈՑԻՈՆԱԼԸ»

Մայիս 13,1999 00:00
Shoger Matevosyan

«Հայ FM»-ի «Տակառում» այսպես հաճոյախոսեց «Շամիրամ» կուսակցության նախագահ Շողեր Մաթեւոսյանին լրագրող Աղասի Ենոքյանը։

Վերջինիս այն հարցին, թե հատուկ 1995 թ. ընտրությունների համար ստեղծված «Շամիրամը» ինչո՞ւ է մասնակցում 1999 թ. ընտրություններին, տիկին Մաթեւոսյանը պատասխանեց, որ հիմա շարունակում է պայքարել 1995 թ. ընտրությունների համար։ Չնայած «Շամիրամ» խմբակցությունը բոյկոտել էր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի ընդունման հարցով քվեարկությունը, սակայն ընտրություններին մասնակցում է, «որպեսզի հետագայում ունենա ինֆորմացիա ընտրությունների մասին եւ տեղյակ լինի ընտրությունների նոր մեխանիզմներին»։ Սա պարզաբանվեց հաղորդումը վարող Աղասի Ենոքյանի ու Շողեր Մաթեւոսյանի «մենամարտում», որին հաջորդեցին նաեւ հրավիրված լրատվամիջոցների հարցերը։ «Ա1+»-ի հարցին՝ արդյո՞ք «Շամիրամը» բավարար չափով ակտիվ մասնակցեց Ընտրական օրենսգրքի քննարկումներին եւ ներկայացրե՞ց իր առաջարկները, տիկին Մաթեւոսյանը դրական պատասխան տվեց։ «ՀՀՇ-ն քաղաքական դաշինքի խնդիր ունի՞ «Շամիրամի» հետ, կամ որեւէ այլ կուսակցություն։ Իսկ ինչո՞ւ պիտի դաշինք կազմեինք, որպես մոդայիկ երեւո՞ւյթ»,- պատասխանեց տիկին Շողերը՝ պարզ է՝ որ հարցին։ Վանո Սիրադեղյանի հետ կապված՝ գնահատեց. «Իշխանությունների կողմից քաղաքականապես սխալ պահվածք էր»։ Այնուհետեւ հավելեց. «Իշխանությունները իրենց ներքին հին, նոր թշնամանքները բարձրացնում են քաղաքական դաշտ եւ զբաղեցնում հասարակությանն այդ խնդիրներով»։

1995 թ. ընտրությունների շեմին ստեղծված կազմակերպության նախագահը գնահատելով այս ընտրության շեմին ծնված կուսակցություններին, իրենցը առանձնացրեց, քանի որ «Շամիրամը» կանանց կուսակցություն էր եւ «կարող էր աջակցություն ստանալ իշխանության ներկայացուցիչների կողմից»։ Իսկ «սովորական կուսակցություններին» խորհուրդ չտվեց «Շամիրամի» սինդրոմով տառապել եւ բարենպաստ պայմաններ ակնկալել, այսինքն՝ թող տղամարդիկ իրենք իրենց հարցերը լուծեն։ «Ար»-ի այն հարցին, թե «Շամիրամը» պնդում է, որ ՀՀՇ-ն հիմա իրեն չի օգնում, եւ ինքն արդեն «տղամարդ-կուսակցություն» է եւ կարող է իր ընտրություններն ապահովել, տիկին Մաթեւոսյանը հաստատական պատասխանեց, դեռ մի բան էլ ավելին. «Ես գտնում եմ, որ «Շամիրամն» է օգնում ՀՀՇ-ին»։ Բայց «ինչպե՞ս»-ի պատասխանը խոստացավ առանձին, միայն «Ար»-ին ասել։ Հարցին՝ ըստ իրեն՝ ինչպիսի՞ն կլինի պատկերն ապագա խորհրդարանում, շատ հակիրճ պատասխան տվեց. «Այսօրվա դիտարկումներով՝ անմխիթար»։ Գայանե Սարուխանյանի հեռացումը, ըստ «Շամիրամի» նախագահի, ներկուսակցական խնդիրների հետ որեւէ առնչություն չուներ եւ հետեւաբար դրանից հետո «Շամիրամի» ներկուսակցական վիճակը չի փոխվել։

Աղասի Ենոքյանի հարցին՝ ընտրություններն արդա՞ր կանցնեն, տիկին Մաթեւոսյանը կատեգորիկ պատասխան տվեց՝ ընտրություններ կամ լինում են, կամ՝ ոչ։ Այդ դեպքում՝ կլինե՞ն ընտրություններ։ Պատասխանը հուսահատեցնող էր. «30 տարի ընտրություն չի լինելու»։ Հասարակական լեգիտիմությունը նկատի ունենալով՝ տիկին Մաթեւոսյանը նշեց. «Եթե ժողովուրդը կընդունի այս ԱԺ-ն, այն կլինի լեգիտիմ, եթե չի ընդունի, չի լինի։ Լեգիտիմ նշանակում է ոչ միայն ընտրված, այլեւ՝ ընդունված»։ Ըստ տիկին Շողերի՝ «Հասարակությունը պատրաստ չէ ճիշտ ընտրություն կատարելու»։ «Շամիրամի» նախագահը մի հարց էլ ինքը տվեց՝ ցանկանալով պարզել հաղորդաշարի անվան («Տակառում») գաղտնիքը։ Աղասի Ենոքյանի հիմնավորմամբ՝ ենթադրել են իրենց հյուրերին դիոգենեսյան տրամադրության մեջ տեսնել, ինքնազննման եւ հասարակության զննման ներքո։ Ճշտելով, որ իր դեպքում դրան չի հաջողվել հասնել՝ «Տակառում»-ի հյուրը կանխեց մնացած հարցերը։

Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31