Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅԴ ՄԱՐԴԻԿ ԱՅԼԵՎՍ ԻՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՉԵՆ»

Մայիս 13,1999 00:00
Tigran Hakobyan

Առիթներ էինք ունեցել համոզվելու, թե ինչ բարձր գնահատականներ էին տալիս Տիգրան Հակոբյանի խմբագրած «Հայքին», անձնապես նրան ու ՀՀՇ-ին բավական վատ վերաբերվող զանազան գործիչները։ Տիգրան Հակոբյանը վստահ է, որ հեռուստատեսությունում եւ «Արմենպրեսում» տասնապատիկ ավելի է գործ արել, «բայց դա չէր նկատվում, քանի որ պետական պաշտոնյա էի համարվում»։ Նա այժմ որոշել է հեռանալ լրագրությունից։ Որոշումը կարծես վերջնական է եւ բեկանման ենթակա չէ։

-Որո՞նք են այդ որոշման շարժառիթները, դրդապատճառները։

– Մի պահ զգացի, որ լրագրական շրջապատում ինձ այլեւս խորթ եմ զգում։ Իմ դաստիարակությունը, բարոյականության ու աշխարհի մասին պատկերացումներս թույլ չեն տալիս ինքս ինձ լրագրող անվանել։

– Այսինքն, մնացած լրագրողներն անդաստիարակ են եւ անբարոյակա՞ն։

– Չեմ ուզում, որ ընդհանրապես այդպես դիտվի։ Ուստի փորձեմ բացատրել։ Իշխանափոխությունից հետո ներքուստ բարդույթներ էի զգում, քանի որ իսկապես շատ անգամ ոչ թե լրագրող, այլ պետական քարոզիչ էի։ Բայց այն, ինչ անում են այսօր լրագրական աշխարհի ներկայացուցիչները (ոչ բոլորը) ինձ ոչ մի անգամ թույլ չէի տա։

– Զորօրինա՞կ։

– Ես էլ եմ հեռուստատեսությունում աշխատել։ Այո, մենք էլ էինք սահմանափակում ընդդիմության ելույթները։ Այո, մենք էլ էինք գաղափարական կռվի մեջ մտնում՝ շատ անգամ բավական տափակ ու սխալ։ Բայց ես ոչ մի անգամ քաղաքական գործչի չեմ վարկաբեկել՝ անկախ խորհրդարանում իմ դեմ նրանց ելույթներից։ Եթերում ոչ մի անգամ «բ…ի տղա» արտահայտությունը չի հնչել քաղաքական հակառակորդի հասցեին։ Մեր ժամանակ նման խոսքերը տաբու էին։ Այժմ այդ տաբուները չկան մամուլում։

«Հայոց աշխարհը» շատ հաճելի արտաքինով, գրագետ ու նույնիսկ գիտական աստիճան ունեցող գլխավոր խմբագիր ունի։ Նրա հետ իսկապես շատ հաճելի է շփվելը, հանրագիտարանային գիտելիքներ ունի։ Բայց նրա հետ զրուցելն ու նրա թերթը կարդալը երկու մեծ տարբերություններ են, ինչպես Օդեսայում են ասում։ Իսկապես, ոչ ես, ոչ էլ այն իշխանությունը, որին «ծառայում» էի, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ նման որակումներ, այդպիսի լուսանկարային կոլաժներ մեզ թույլ չէինք տալիս։ Բայց մենք քննադատվում էինք, իսկ մամուլն այսօր այդ ամենը կուլ է տալիս։

– Կարելի է նաեւ այսպես ձեւակերպել, թե սա առաջխաղացում է՝ մինչ այս գոտկատեղից ներքեւ մարմնամասերին անդրադառնալը պատշաճ չէր, հիմա կարելի է։ Թերեւս, հնարավոր է դրան հանգիստ վերաբերվել։

– Այ, ես այդպես չեմ կարողանում, ուստի որոշեցի հեռանալ։ Պատճառներն, իհարկե, հազարավոր էին, բայց մեկն էլ այդ էր։ Ի դեպ, ժամանակին պրն Մկրտչյանին ծեծել էին, եւ շատ ցավում եմ դրա համար։ Բայց այժմ որոշ հրապարակումներ կարդալով, զգում եմ, եթե դրանց հերոսի տեղը լինեի եւ ինձ «օգտագործված պահպանակ» անվանեին՝ ես ոտքերով կծեծեի գրողին։ Այս պարագայում պրն խմբագիրը նմանվում է երեխայի, որը մեծահասակի երեսին թքում եւ փախչում է։ Եվ երբ նրան բռնում ու ապտակում են՝ սկսում է լացել ու բողոքել, թե «ձյաձյան ինձ ծեծեց»։

Ինձ թվում էր, թե լրագրության մեջ, ի վերջո, կորպորատիվ շահեր կան։ Եվ իսկապես այդպես էր. մենք «Ազգի» գաղափարական հակառակորդներն էինք, բայց երբ 1996-ի կարծեմ մայիսին այդ թերթը փակելու վտանգ կար, եւ բոլորն էլ գիտեին, որ իրավաբանորեն այդ «Ազգն» իսկապես սխալ էր՝ այնուամենայնիվ օգնեցինք «Ազգին», որ թերթը չփակվի։ Նույնիսկ կառավարությունից նկատողություն ստացա, բայց «Արմենպրեսը» պաշտպանեց իր գործընկերոջը։

Այսօր հակառակն է։ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը դատի է տալիս «Օրագրին»՝ թերթերի մեծ մասն ուրախանում է եւ չարախոսում այդ առիթով (ի դեպ, ամենաշատը նույն «Ազգը»- Ա. Ի.)։ Մեր ժամանակ անթույլատրելի էր այդ մասին նույնիսկ մտածելը, երբ անգամ «Երկիրի» պես մաղձոտ թերթն էին փակում։ Եթե այն «Օրագրի» հետ համեմատես՝ գուցե Նիկոլը եւ թերթը ե՛ւ էթիկական, ե՛ւ լրագրողական սահմաններն անցնում են, բայց երբ «Երկիրը» փակում էին՝ բոլորն իրենց պարտքն էին համարում այդ թերթին աջակցելը։ Եթե չէին էլ աջակցում՝ գոնե չէին չարախոսում, ձայները կտրում էին՝ դա էլ է սկզբունք, եթե չես կարողանում ինչ-որ բան ասել։ Իսկ այսօր գրեթե ոչ մի լրատվամիջոց չի փորձում «Օրագրին» աջակցել։

Մեր գործընկեր Տիգրան Հայրապետյանն ավտովթարի ենթարկվեց եւ անկախ նրանից, թե դա միտումնավոր վրաերթ էր, սպանություն կամ պատահար՝ բոլորս ցավակցում էինք, փորձում ինչ-որ ենթատեքստ տեսնել։ Սա բնական է։ Մի քանի թերթ բացեցի բացահայտման հաջորդ օրը եւ բոլորն ուրախությամբ նշում էին, թե ի՜նչ սխալ էին մյուս լրագրողները եւ դա ընդամենը պատահար էր։ Այսինքն, նորից ուժային կառույցներին էին պաշտպանում։

Շատ երկրների մամուլի կոդեքսների մեջ նշված է, թե լրագրողի ու գաղտնի ծառայության գործակալի կոչումներն անհամատեղելի են։ Երբ Վանո Սիրադեղյանին առնչվող այս պատմությունները սկսվեցին՝ 4-5 թերթ ուղղակի սնվում էին այն նյութերով, որ իրենց տալիս էր ՆԳ եւ ԱԱ նախարարությունը։ Եթե նախորդ իշխանության ժամանակ «Դրո» գործի նյութերը տպում էր միայն «Հայաստանի Հանրապետությունը» եւ միայն «չոր», վավերագրական փաստաթղթեր էր հրապարակում՝ ապա այժմ մի քանի թերթ մեծ հաճույքով նկարագրում էին Վանոյի «հանցագործությունները»։

– Գուցե տեսակետներն ուղղակի համընկնո՞ւմ էին, եւ այդ թերթերը նույնքան համոզված էին Սիրադեղյանի մեղավորության մեջ, որքան քննչական մարմինները։

– Նույն ձեւակերպումներո՞վ, նույն նախադասություններո՞վ, իրադարձությունների եւ ժամանակագրության նույն թվարկումո՞վ… Ակնհայտ էր, որ այդ բոլոր թերթերը՝ «Գոլոս Արմենիին», «Հայաստանը», «Հայոց աշխարհը» եւ նույնիսկ «Հայաստանի կոմունիստը» մի աղբյուրից էին սնվում։ Ուրեմն, ՆԳ եւ ԱԱ նախարարությունը պատվիրել էր, չէ՞, այդ հրապարակումները։ Եվ ես շատ կասկածում եմ, թե Հայաստանում պատվիրված նյութերի համար չեն վճարում՝ հաշվի առնելով թերթերի խղճուկ վիճակը։

Ի դեպ, զարմանքի եւս մի առիթ նշեմ։ Երբ Վանո Սիրադեղյանը «Շամիրամ» էր ստեղծում՝ ամբողջ մամուլը լի էր այդ մասին հրապարակումներով։ Այսօր ամեն իրեն հարգող նախարար կուսակցություն է ստեղծում։ Եվ եթե այսպես շարունակվի՝ մյուս ընտրություններում ամեն իրեն հարգող ԲՇՏ-ի պետ կուսակցություն կստեղծի։ Եվ այս մասին գրեթե ոչ ոք չի խոսում։

– Դե առաջինն է միշտ արտառոց դիտվում՝ հետո վարժվում ես։

– Ես չկարողացա դրա հետ հաշտվել։ Ամեն օր աշխատանքս սկսվում էր թերթերն ընթերցելուց. ես զգում էի, որ նյարդայնանում եմ։ Ես նյարդայնանում եմ, երբ անգրագետ հոդված եմ կարդում, երբ տեսնում եմ, որ լրագրողը մարդուն վարկաբեկում է եւ այլն։ Հիմա դրան հանգիստ եմ վերաբերվում, քանի որ այդ մարդիկ այլեւս իմ գործընկերները չեն, նրանք իմ կողքին չեն, մենք մի արհեստով չենք զբաղվում, մի կաստայից չենք։ Այսպես ավելի հեշտ է ինձ համար։

– Մինչեւ «Հայքի» գլխավոր խմբագիր դառնալն էիք լրագրական շրջանակը «կաստա» անվանել եւ դիտողություն արել, թե մամուլը քարացած կաղապարներով է աշխատում, քաղաքական նույն թեմաների եւ անձանց մասին գրում։ Ի վերջո, քննադատելու փոխարեն ճիշտ չէ՞ ուղղակի այդպես չաշխատելը։

– Երբ ես քննադատում էի՝ ինձ չէի առանձնացնում։ Այդ Հայաստանի քաղաքական ներկա մոդելն է թույլ տալիս, որ նախագահի խորհրդականը քննադատի նախագահի գործելակերպը եւ քաղաքականությունը։ Բայց ընդհանրապես կաստայի մեջ գտնվողն իր կաստային չի քննադատում։ Պիտի քո ֆիրմայից դուրս գաս, ձեռքերդ ազատես ու բարոյական պատասխանատվությունդ թոթափես՝ նոր ինչ-որ բան ասես։ Այնպես որ, ուզում էի հնարավորություն ստանալ այս ամենի մասին խոսելու, իսկ դա կարող էի անել միայն լրագրողական այդ կաստայից դուրս լինելով, այդ մասնագիտությունից ձերբազատվելով։

… Հայաստանում վերջերս որեւէ հոդված չի տպագրվել, որը հասարակության ուշադրության կենտրոնում լիներ, որի մասին խոսեին, որի շուրջ բանավիճեին։ Այդպիսի մամուլ այլեւս չկա, վերջացավ։ Շատ հնարավոր է, որ դրանով ինչ-որ ժամանակաշրջան վերջացավ, Հայաստանը բնականոն հասարակական հանգրվանի եկավ, որից հետո իմ դերը մամուլում չեմ տեսնում։ Գուցե ես ինչ-որ գաղափար կրող լրագրող էի, այսօր այդ լրագրությունը մեռնում է։ Միգուցե ես էլ մահանա եմ բռնում, որ դուրս գամ։ Բայց փաստը մնում է փաստ, որ ես այդ շրջանակներում մնալ չեմ ուզում։ Ես ուզում եմ այդ մարդկանց հետ ընկերություն անել, ոչ թե իրենց գրածներն առավոտյան կարդալ ու վիրավորվել։

Հատուկ հրապարակավ հայտարարում եմ այս ամենը, որ եթե հետագայում նույնիսկ զղջամ էլ՝ սա արգելակ լինի մամուլ վերադառնալու համար։

Հարցազրույցը վարեց

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31