Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատասխան խոսքի իրավունքով

Մայիս 13,1999 00:00
namak

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր պարոն Արամ Աբրահամյանին

Հարգելի Արամ, գրում եմ Ձեր թերթի ապրիլի 30-ի համարում Աննա Իսրայելյանի հեղինակած «Չուզեցին մի կիսաընդդիմադիր թողնել, այն էլ՝ Սյունիքում» հրապարակման առիթով։

Ինչում-ինչում, բայց երեւակայության պակասի մեջ սիրելի «Առավոտին» ոչ ոք չի կարող հանդիմանել։

Սյունիքի մարզպետի դիրքերը բավականին խախուտ համարելով, թերթը, անտարակույս, նոր բնագիծ նվաճեց հենց մտապատրանքի ժանրում։

Ինչեւէ, Ձեր գործն է։ Ես հակված չեմ հիմնավորելու նման եզրակացումի մտացածին բնույթը։ Պարզապես պիտի հիասթափեցնեմ՝ Սյունիքի մարզպետի դիրքերը խախուտ չեն։ Ռոման Նավասարդյանը, նաեւ մինչ այդ, չի զբաղեցրել եւ չի պատրաստվում զբաղեցնել դիրք, որ խախուտ է։

Ինչ վերաբերում է մարզային ընտրահանձնաժողովի նախագահի ընտրությանը, ապա ավելի հաջող շահարկում, քան կատարվեց այդ առիթով, դժվար է պատկերացնել։

Խնդիրը, որ ծագել էր, ի սկզբանե արժանացել է գործող օրենսդրությանը համահունչ վերաբերմունքի եւ կարգավորվել է սահմանված եղանակով։ Եվ ավելորդ զբաղմունք եմ համարում սովորական այդ իրավիճակի խորքում խարդավանք որոնելը։ Ի վերջո, արդյո՞ք հանձնաժողովի նախագահի ով լինելն այդչափ էական է ընտրությունների համար։

Մեր հոգսը ընտրական ընթացքի օրինականության ապահովումն է, որին ձգտում ենք առկա բոլոր հնարավորություններով։ Երբեք գերխնդիր չենք համարել, թե ովքեր պիտի լինեն հանձնաժողովի ղեկավարները, որ կուսակցությունից։

Այսքանը։ Հույս ունեմ, որ հաջորդ անգամ Ձեր թերթի էջերում հանդես չեմ գա պատասխանողի կարգավիճակով եւ հնարավորություն կունենանք զրուցելու Սյունյաց աշխարհում կատարվող գործերի ու մարդկանց իրական մտահոգությունների մասին։

ՌՈՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Սյունիքի մարզպետ

Պարոն մարզպետի «Ի վերջո, արդյո՞ք հանձնաժողովի նախագահի ով լինելն այդչափ էական է ընտրությունների համար» հարցին ցավով, բայց առանց կասկածի որեւէ նշույլի, պատասխանում ենք. «Խիստ էական է, սիրելի Ռոմա»։ Ի՞նչ կարելի է ասել մարզպետի այն 100 տոկոսանոց համոզվածության առիթով, թե իր դիրքերը խախուտ չեն բնավ։ «Առավոտի» ընթերցողները շատ առիթներ են ունեցել համոզվելու, թե ինչպես են, ի վերջո, հաստատվում մեր թերթի հաղորդած լուրերը՝ հակառակ դրանց հաջորդած հերքումների։ Այնպես որ, ինչպես ասում են նման դեպքերում՝ պատմությունը մեզ կդատի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31