Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նրանք նորաթուխ չեն եւ սեւ օրվա փող ունեն

Մայիս 13,1999 00:00
aram sargsyan

ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը ՀՀ նախագահին թողել է առանց արտաքին հարցերի խորհրդականի եւ պատրաստվում է պատգամավոր դառնալ։

Ինչե՜ր են կատարվում հանրապետությունում, ինչպես պետք է առանց խորհրդականի երկիր ղեկավարի նախագահը։ Մյուս կողմից էլ, եթե սոցիալ-դեմոկրատ Արամ Սարգսյանն օրենքով արձակուրդ չվերցներ, լրագրողներն էլ օրենքով կգրեին, թե նախընտրական շրջանում նա իր դիրքը չարաշահում է։ Բայց նույնիսկ արձակուրդում գտնվող խորհրդականը խորհրդական է մնում։ «Առավոտի» այն հարցին, թե ինչպես է նախագահն աջակցում իր խորհրդական Արամ Սարգսյանին նախընտրական այս փուլում, կամ աջակցում է արդյոք, պարոն Սարգսյանը պատասխանեց, որ նախագահն իրեն ոչինչ չի խոստացել։ Ասվեց նաեւ, որ այս ընտրություններում հովանավորյալների ընտրության փոխարեն լինելու է (իբրեւ թե- Մ. Ե.) քաղաքական ուժերի, գաղափարների մրցակցություն։

Սոցիալ-դեմոկրատները դեմ չէին լինի համագործակցել դաշնակցության հետ, բայց արի ու տես, որ դաշնակներն իրենք չուզեցին միանալ, գերադասելով մեն-մենակ գնալ։ Սոցիալ-դեմոկրատների համամասնական ընտրացուցակի առաջին հնգյակը երեկ հրավիրվել էր «Արմենպրեսի» մամուլի սրահ։ Նրանք եւս որոշակի ձայներ ստանալու ակնկալիք ունեն, քանի որ «մեջլիս են մտել»։ Իսկ ձայներ հավաքելու համար ըստ սոցիալ-դեմոկրատների՝ հանրապետության գյուղերը պարարտ հող են։ Բայց խեղճ շրջաններն իրենց ձայները ո՞նց բաժանեն, երբ նույն տարածքներում ականջները ձայնի են պահել գրեթե բոլոր կուսակցություններն ու դաշինքները, օրինակ՝ կոմունիստները, «Միասնություն» դաշինքը եւ «Միաբանությունը»՝ հատկապես։ Հիմա էլ սոցիալ-դեմոկրատները։ Երբ այս մասին հարցրինք, Արամ Սարգսյանն ասաց. «Մենք մյուս կուսակցությունների նման չենք, որոնք հայտարարել են, որ եթե 60 տոկոս չհավաքենք, ուրեմն այս ընտրությունները կեղծ են (տեսնես ո՞ւմ այգին քար գցեց խորհրդականը, արդյո՞ք «Միասնության»- Մ. Ե.)»։ Սոցիալ-դեմոկրատները մյուս (ուրիշ բառ չասենք) կուսակցությունների պես վստահ են, որ իրենք 5-10 տոկոս ձայների հավակնություն ունեն «եւ այդքան էլ ընտրազանգված ենք տեսնում»։ Պարզապես կուսակցությունն ուզում է խորհրդարանական դառնալ։ Իսկ եթե դառնա, ապա խորհրդարանում (եւ դրանից դուրս) իրենք համակիր են սոցիալիստամետ կուսակցություններին։ Սրանց մեջ կոմունիստները չկան, քանի որ նրանք «ծայրահեղ են»։

Իսկ դաշնակցությունն, օրինակ, բոլորովին ծայրահեղ չէ (սա՝ ըստ Ա. Սարգսյանի), «Միասնությունը» իր ծրագրով «մեր մեջ ասած մեզ էլ զարմացրեց»։ Ծրագրի գաղափարները շատ մոտ են սոցիալ-դեմոկրատների գաղափարներին, բայց «Միասնություն» դաշինքն իրեն համարում է աջ կենտրոնամետ։ Արամ Սարգսյանն ինքն այս բանից մի քիչ զարմացած էր թվում, քանի որ իրենք իրենց ձախ կենտրոնամետ են համարում, բայց թողեց, որ «Միասնությունն» ինքը կողմնորոշվի։ Բայց ի՞նչ կարիք կա իրար անցնել, աջն ու ձախը խիստ հարաբերական հասկացություն են՝ նայած՝ որ կողմից ես նայում։ Այնուամենայնիվ, չի բացառվում, որ եթե սոցիալ-դեմոկրատները հասնեն խորհրդարան, կոալիցիա կկազմեն «Միասնության» հետ։ Եթե հիշենք, թե ո՞վ էր Արամ Սարգսյանը մինչեւ հեղափոխությունը եւ ո՞վ էր Կարեն Դեմիրճյանը պատմական նույն ժամանակաշրջանում, ապա այդ կոալիցիան եւ սոցիալ-դեմոկրատական հայացքների ընդհանրությունը չպետք է զարմացնի։

ՀԴԿ-ի նախընտրական ծախսերի գումարները գոյացել են վաղուց, երբ կուսակցությունը «սեւ օրվա համար» փող էր հավաքում։ Բայց Արամ Սարգսյանը վստահ է, որ ընտրությունները «լավ օր» կլինեն իրենց համար։ Թեպետ սոցիալ-դեմոկրատները գիտակցում են, որ ժողովուրդը հուսախաբ է ԱԺ պատգամավորներից, «հատկապես նրանցից, ովքեր չգիտեն միկրոֆոնի տեղը», բայց որոշել է գնալ ընտրությունների, մտնել խորհրդարան։ Կարելի է ենթադրել, թե սոցիալ-դեմոկրատների համամասնական ընտրացուցակի առաջին հնգյակը դեպի խորհրդարան է գնում Արշակ Սադոյանի չորրորդ խոսափողը խլելու նպատակով։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31