Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼԱՎ ԿԱՊՐԵՍ, ԱՐՏԱՇԵՍ ՋԱՆ»

Մայիս 13,1999 00:00
Artashes Geghamyan

Հայ անվանի հռետոր եւ մեծն անմիջական, «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի նախագահ, անկեղծ հայրենասեր Արտաշես Գեղամյանին տեսնելու եւ լսելու նպատակով ԵՊՀ դահլիճում երեկ հ ավաքվել էին համալսարանի ուսանողներն ու «պրոֆեսորադասախոսական» կազմը:

Պրն Գեղամյանը նախ (իբր չհամաձայնելով) հիշեցրեց, որ Վանո Սիրադեղյանը մի լավ առիթով Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին «պատերազմի հանցագործներ» է անվանել, իսկ Դավիթ Շահնազարյանը ՀՀ նախագահին համեմատել է Միլոշեւիչի հետ։ Այս «ոչ գեղեցիկ» հիշողությունը թարմացնելուց հետո Արտաշես Գեղամյանը եզրակացրեց, որ այս ամենը նպատակ ունի շեղել ժողովրդի ուշադրությունը «աղաղակող խայտառակությունից ու թալանից»։

«Գալոչկա» դնելով ծխախոտի, բենզինի մաֆիայի դիմաց (քաջաբար որեւէ անուն չնշելով)՝ պրն Գեղամյանը «հարգարժան ուսանողներին ու դասախոսներին» մի ռոմանտիկ, նախընտրական եւ կիսանատուրալիստական պատմություն ներկայացրեց։ Արարատի մարզի Սուրենավանում իր նախընտրական շրջագայությունների ընթացքում պրն Գեղամյանը լսել է, թե ինչպես են օրական 2-3 մարդ արտերում ուշագնաց լինում։ «Եվ նրանց ստիպված են լինում բերել տուն»։ Ուշագնացության պատճառը պրն Գեղամյանից չեն թաքցրել. քաղցն է։ Գեղարքունիքի մարզի Գագարին ավանում «մարդիկ ասել են, որ Գագարինում կենդանական աշխարհն է վերացել։ Կատու եւ շուն չկա»։ Ճիշտն ասած, լավ չընկալվեց՝ կատուներ ու շներ եղել են, բայց նրանց կերե՞լ են։ Թե՞ շներն ու կատուներն են սովի մատնվել ու վերացել։

Ծովագյուղում էլ պրն Գեղամյանի առջեւ բացել են իրենց «հոգու աչքը» գյուղացիները եւ ասել, որ շոր ու կոշիկ չունեն։ Պրն Գեղամյանը խիստ վրդովված նկատեց. «Դուք պետք է տեսնեիք այն ցնցոտիները, որոնցով մարդիկ ճարահատված հողն էին մշակում»։ Հողի մշակման նպատակով արժեր մի քանի ձեռք կոստյում տանել գյուղեր, հը՞։ «Ավելի զարհուրելի փաստի ականատես եղանք Վայոց ձորում. անկողնուն գամված հիվանդ կինն ասաց, որ Երեւանի իշխանավորներին փոխանցեմ՝ հերիք է շահի հետեւից ընկնեք։ Փառքի՛ հետեւից ընկնելու ժամանակն է»։ Ինչը եւ մեր իշխանավորները պատվով անում են։

Հետաքրքիր է, որ այս ամենը պրն Գեղամյանը տեսել, լսել ու իմացել է վերջին 10 օրերին։

Գնահատելով հայ նորագույն պատմության այս հատվածում իր պատմական դերը, գտնելով, որ յուրաքանչյուր հայ իր ձայնա եւ տեսադարանում պիտի որ ունենա ԱԺ-ում իր «հայտնի» ելույթը՝ պրն Գեղամյանն այսպես գնահատեց ԼՂՀ ՊՆ Սամվել Բաբայանի համակրանքն իրենց դաշինքի հանդեպ. «Իմ հայտնի ելույթից հետո մինչեւ ԱԺ-ից տուն հասա, հարյուրավոր զանգեր եղան։ ԱԺ-ի նիստում 2 տականք ինձ սպառնացին ֆիզիկական հաշվեհարդար։ Ինձ համար շատ անսպասելի մի զանգ եղավ Արցախից։ Հեռախոսի մոտ էր Սամվել Բաբայանը։ Նա ուղղակիորեն ասաց. «Արտաշես ջան, էնքան ժամանակ, որքան դու համարձակորեն պայքարելու ես հայ տականքի դեմ, ես սարի պես քո մեջքին կանգնած եմ»։ Իսկ դաշինքին միայն եւ միմիայն բարոյական աջակցություն է ցույց տալիս։ (Այս մտքից հետո պրն Գեղամյանը մի երկար ներբող ուղղեց պրն Բաբայանին)։

Հանրապետական կուսակցության անդամների մասին պրն Գեղամյանն ասաց. «Նույն մարդիկ մի գիշերվա ընթացքում քնեցին ՀՀՇ-ական, առավոտյան ոմանք արթնացան երկրապահ»։ ՀՀ նախագահի համակրանքն՝ առ «Միասնություն» դաշինքը, պրն Գեղամյանը չբաժանեց։ Իսկ ՀՅԴ-ն «ազգային արժեք» է։

Ցուցաբերելով իր խոր գիտելիքները ազգագրության ասպարեզում՝ պրն Գեղամյանը անդրադարձավ «քաղաքական փահլեւաններին ու քաղաքական սազանդարներին»։ Եվ նշեց, որ նրանցից ազգը փրկել է պետք։

Այն հարցին, թե ինչպե՞ս կվարվի Արտաշես Գեղամյանը, եթե ՀՀ նախագահը նրան առաջարկի վարչապետի պաշտոնը, պոտենցիալ «վարչապետացուն» խունջիկ-մունջիկ եկավ. «Որ առաջարկի, խոստանում եմ՝ գամ համալսարան, ձեզ հետ միասին խորհրդակցեմ, որ որոշումս ասեմ»։ Եթե նախագահի առաջարկը ընդունել-չընդունելու հարցում պրն Գեղամյանն իրեն տատանում է թույլ տալիս, ապա Վազգեն Սարգսյանի հնարավոր (բայց՝ ոչ հավանական) համագործակցության առաջարկը կատեգորիկ մերժման է դատապարտված։

Նախագահական ընտրություններին իր մասնակցել (չմասնակցել)ը կորոշվի խորհրդարանական ընտրությունները «հորով-մորով» անելուց հետո միայն։ «Կանգնեք մեր թիկունքին» ասելով՝ հռետորը լքեց ամբիոնը։

Չմոռանամ նշել, որ բացի պրն Գեղամյանից, ԵՊՀ էին եկել նաեւ «ՍԴՄ»-ի նախագահը, Լենսեր Աղալովյանը եւ այլք։ Հրանտ Խաչատրյանն էլ որոշեց հպարտանալ, թե իր հակառակորդներ Լյուդմիլա Հարությունյանի, Սեյրան Ավագյանի մրցակցությունից ամենեւին չի վախենում։ Այս ուրախ նոտայի վրա էլ հանդիպումն ավարտվեց։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31