Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՆ ԸՆԿԵՐ, ԻՄ ԱԶՆԻՎ ԸՆԿԵՐ

Մայիս 13,1999 00:00
lurer

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ թիվ 20 ընտրատարածքում ԱԻՄ-ը պաշտպանելու է Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Ալեքսան Հակոբյանի թեկնածությունը, թեեւ այդ ընտրատարածքում գրանցված է նաեւ ԱԻՄ-ի ամենաստաժավոր անդամներից մեկը՝ Գեւորգ Միրզոյանը։ Դիտորդների կարծիքով, պատճառը ընդհանուր տնտեսական շահերն են։

ՍՏԱՑԱՆ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունում մայիսի 11-ին քննարկվեցին Ավստրալիայի քաղաքացի Արդեմիս Գրիգորյանի, ԱՄՆ քաղաքացիներ Վազգեն Անիվյանի եւ Ալիս Անիվյանի դիմումները ԼՂՀ քաղաքացիություն ստանալու մասին։ Որոշվեց բավարարել այդ անձանց դիմումները եւ նրանց ԼՂՀ քաղաքացիություն շնորհելու համար սահմանված կարգով միջնորդել հանրապետության նախագահի առջեւ։

40 ԼԻՏՐ ՋՈՒՐ՝ 100 ԴՐԱՄՈՎ

Արագածոտնի մարզի Արտենի գյուղում գրաֆինով ջուր դրվեց Արտաշես Գեղամյանի եւ Հրանտ Խաչատրյանի առջեւ, բայց՝ կիսատ։ Դահլիճում գտնվող գյուղացիներից մեկը հարկ համարեց ներկայացնել պատճառաբանությունը։ Բանն այն է, որ Խաչատրյանի եւ Գեղամյանի առջեւ դրել են այն ջրից, որի 40 լիտրը արտենիցին գնում է 100 դրամով։

Ո՞ՒՐ Է ՄԱՆՐԱՀԱՏԱԿԸ

«Իրավունք եւ միաբանություն» դաշինքը մայիսի 11-ին իր վերջին հանդիպումն անցկացրեց Օշականի գյուղի մշակույթի տանը։ Շուրջ 200 քմ տարածք զբաղեցնող դահլիճի հատակը բետոնապատ էր։ Պարզվեց, որ անցյալում ամբողջ տարածքը ծածկված է եղել պարկետով, իսկ թե հիմա որտեղ է մանրահատակը, ոչ ոք չգիտե։ Ճիշտ կլինի, որ իրավապահ մարմինները եւս այդ հարցով զբաղվեն։

ՊԱՅՔԱՐ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԽԼՈՒԹՅԱՆ» ԴԵՄ

Վանաձորի տեղական հեռուստատեսությամբ ելույթ ունեցող պատգամավորության մի թեկնածու խոստացավ ժողովրդի ձայնը հասցնել իշխանություններին։ Սրանից կարելի էր եզրակացնել, որ ժողովրդի վիճակը մինչեւ հիմա վատ է եղել այն պատճառով, որ իշխանությունները չեն իմացել այդ մասին, քանի որ ժողովրդի ձայնը նրանց հասցնող չի եղել։ Կարելի է նաեւ այսպես հասկանալ. իշխանությունները «խուլ» են, եւ հիշյալ թեկնածուին վերջապես հաջողվել է գտնել այն հրաշագործ դեղը, որը բացում է իշխանությունների լսելիքը եւ ժողովրդի ձայնն արդեն կսկսի «տեղ հասնել»։

ԱՅՐ ՈՒ ԿԻՆ՝ ՄԵԿ ՄԱՐՄԻ՞Ն

Խորհրդարանական ընտրությունները Վանաձորի շատ ընտանիքների համար ճակատագրական նշանակություն կունենան։ «Գրանցվել» են դեպքեր, երբ կինն «աշխատել» է պատգամավորության մի թեկնածուի օգտին, ամուսինը՝ այլ։ Նման ընտանիքներում, անշուշտ, «վերջին» խոսքը պատկանում է երեխաներին։ Հաշվի առնենք, որ ընտրողների ցուցակներում հայտնաբերվել են նաեւ 4 տարեկան երեխաների անուններ, ինչպես հավաստեցին կոմունիստական աղբյուրները Վանաձորում՝ հանրահավաքի ժամանակ։ Ինչ վերաբերում է ամուսինների՝ պատգամավորության տարբեր թեկնածուների օգտին «աշխատելուն», ապա դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանք աշխատում են տարբեր հիմնարկներում, եւ որպես հնազանդ աշխատողներ, պարտավոր են ընտրել պետի թելադրանքով։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31