Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ԿԵՐՊԱՐԱՍՏԵՂԾ

Մայիս 13,1999 00:00
her

Թերեւս այդպես կարելի է թարգմանել իմիջմեյքըր բառը։ Մայիսի 12-ի հեռուստաքարոզարշավին հետեւելով կարող ենք պնդել, որ եթե սույն ոչ ազգային զբաղմունք ունեցող մարդիկ ընդգրկվեին հայկական ընտրարշավում, նրանք խորհուրդ կտային՝

… Վազգեն Սարգսյանին, որ եթե, այնուամենայնիվ, չի սափրվելու, գոնե հեռուստախցիկի առջեւ ատամները չմերկացնի եւ քիթը կնճռոտելով դեմքին այնպիսի ահարկու արտահայտություն չտա, որ ենթադրվի, թե խորհրդանշում է վայրենի, անափ եւ կատաղի լիբերալիզմը։ Նման դիմարտահայտությամբ նաեւ դժվար է համոզել, թե մեզ բարի ընտրություններ են սպասվում։

… Կարեն Դեմիրճյանին, որ չկրկնի անցած ընտրությունների իր նույն ելույթները եւ անընդհատ ասի, թե հերիք է ծնկաչոք մնանք, ժողովուրդը պիտի մի բռունցք դառնա եւ այլն։ Ի վերջո, նախագահական ընտրությունների թեզերը խորհրդարանական ընտրություններում կրկնելը նպատակների շուրջ բավական մտորելու տեղիք է տալիս։

… Ֆիլարետ Բերիկյանին, որ եթե ռեժիսորական եւ օպերատորական վարպետության շնորհիվ նա բավական շահեկան է երեւում, թող փորձի նաեւ այդ տեսքին համեմատ լավ խոսել եւ, մասնավորապես «նախագահ» բառն արտասանելիս վերջին «հ»-ն անընդհատ կուլ չտալ։ Ի դեպ, այս սխալը շատերն են անում։

… ՀՀՇ-ին, որն ինչ-որ «տերմինատորի» ցուցադրելը, որն երկրագունդն է շարժում՝ ընտրողների մոտ միայն տարակուսանքի զգացում կարող է առաջացնել, թե ինչ կապ ունի դա տվյալ կուսակցության հետ մասնավորապես եւ ընտրությունների հետ՝ ընդհանրապես։

… «Օրինաց երկրին», որ չարժե մարդկանց թյուրիմացության մեջ գցելով ներկայացնել, թե այս կուսակցությունը 20-ից ավելի օրենսդրական նախաձեռնություններ է ներկայացրել։ ԱԺ-ում եւ ոչ մի օրենսդրական նախաձեռնություն չի եղել, որի տակ «Օրինաց երկիր» ստորագրությունը լիներ։ Ներկայացվել են անհատ պատգամավորներ Արթուր Բաղդասարյանի, Սերգեյ Երիցյանի եւ այլոց մշակած օրինագծերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել