Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՇԻՆՔ ՉԷ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ «ԴԵՄ»

Մայիս 13,1999 00:00
dzerqsexmum

Այսօր ավարտվում է Հունաստանի Հանրապետության նախագահ Կոստանտինոս Ստեֆանոպուլոսի պետական այցը Հայաստան։

Նախորդ օրերի ընթացքում ակնհայտորեն արձանագրվում էր 2 ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու միմյանց նկատմամբ մեր 2 երկրների անձնական համակրանքը։ Այդ մասին մայիսի 12-ի մամուլի ասուլիսի ընթացքում շեշտեցին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Հունաստանի նախագահ Կոստանտինոս Ստեֆանոպուլոսը։

Մինչ լրագրողներս դռների ետեւում սպասում էինք մամուլի ասուլիսին՝ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը եւ Հունաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորիս Նիոտիսը, ինչպես նաեւ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Գ. Արզումանյանը եւ Հունաստանի ազգային էկոնոմիկայի փոխնախարար Ա. Բալտասը հասցրեցին ստորագրել՝ 1. Արձանագրություն «ՀՀ եւ Հունաստանի միջեւ համաձայնության, բարեկամության եւ համագործակցության մասին» պայմանագրերի վերաբերյալ վավերագրերի փոխանակման մասին, 2. Համաձայնագիր «ՀՀ կառավարության եւ Հունաստանի կառավարության միջեւ իրենց մաքսային ծառայությունների միջեւ համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին», 3. Կոնվենցիա «Հայաստանի եւ Հունաստանի միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին»։ Բացի այդ, Հունաստանի նախագահը Հայաստանի նախագահին էր հանձնել Հունաստանի բարձրագույն շքանշանը՝ «Ամենափրկիչ շքանշանի մեծ խաչը»։

«Այսօր եղավ երեւի այցի ամենապաշտոնական մասը։ Մենք ունեցանք առանձնազրույց, հանդիպեցին մեր պատվիրակությունները, քննարկվեցին մի շարք հարցեր կապված տարածաշրջանի իրադարձությունների հետ ե՛ւ մեզ մոտ, ե՛ւ Բալկաններում։ Մենք քննարկեցինք երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները, այդ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները, քննարկեցինք եռակողմ եւ ընդհանրապես բազմակողմ հարաբերությունների ձեւավորման հնարավորությունները, կարեւորեցինք Հունաստանի դերը Հայաստան-Եվրոպական կառույցներ հարաբերությունների զարգացման գործում»,- համատեղ ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Մեր նախագահի ասելիքին Հունաստանի նախագահն իր խոսքերով ասած «ի ուրախություն, թե ցավոք սրտի» ավելացնելու առանձնապես ոչինչ չուներ։ Թեպետ պարոն Ստեֆանոպուլոսը հարկ համարեց եւս մեկ անգամ հավաստիացնել, որ 2 երկրների հարաբերությունները գտնվում են բարձրագույն մակարդակի վրա եւ քաղաքական հարաբերությունները զուգակցվում են նաեւ զգացմունքային, բարեկամական զգացմունքներով։

Ի պատասխան հույն լրագրողներից մեկի այն հարցի, թե արդյո՞ք 2 նախագահների տեսակետները համընկնում են Թուրքիայի պարագայում (նա շեշտեց Հայաստանում թուրքական ապրանքների առկայությունը)՝ Հունաստանի նախագահ Կ. Ստեֆանոպուլոսը նշեց. «Թույլ տվեք հայտնել, որ իմ այսօրվա այցի նպատակը բոլորովին էլ այն չէ, որպեսզի դաշինք կազմենք ցանկացած երրորդ երկրի դեմ»։ Նա ավելացրեց նաեւ, որ առեւտրատնտեսական հարաբերություններն ազատ են ու ցանկալի։ Ի հավելումն Հունաստանի նախագահի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ Հայաստանը տնտեսական ազատ քաղաքականություն է ընտրել եւ այդ առումով մեր պետությունը որեւէ հատուկ խոչընդոտներ չի իրագործում։ Խոշոր տնտեսական պետական ծրագրերի վերաբերյալ պարոն Քոչարյանը նշեց, որ պետությունը վարում է նպատակաուղղված քաղաքականություն եւ պատահական չհամարեց այն հանգամանքը, որ մեր պետության կապի համակարգի գործարքը կնքված է հենց հունական ընկերության հետ։

Ինչ վերաբերում է ռազմական ոլորտի համագործակցությանը՝ Ռոբերտ Քոչարյանը հաստատեց այն եւ իր գոհունակությունը հայտնեց այդ համագործակցության աստիճանի վերաբերյալ։ «Բայց ես կրկնեմ նույն միտքը, որ մեր համագործակցությունը պետք չի դիտել որպես դաշինք՝ ուղղված մեկ այլ երկրի դեմ»,- կրկնեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31