Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊԱԳԱՆ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆՆ Է

Մայիս 12,1999 00:00
Nato

Բալկանյան երրորդ պատերազմը տակավին շարունակվում է։ ՆԱՏՕ-ի օդային գրոհներն օրեցօր սաստկանում եւ դառնում են ավելի ու ավելի հանդուգն։ Ահավասիկ, մայիսի լույս 8-ի գիշերը Հարավսլավիայի (Բելգրադի) հերթական օդային գրոհի ժամանակ հրթիռակոծվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատունը։

Դեպքն ինքնին աննախադեպ է։ Բանն այն է, որ ըստ միջազգային իրավունքի՝ օտարերկրյա պետության դեսպանատունը համարվում է տվյալ պետության տարածք։ Օտարերկրյա պետության դեսպանատան տարածքը, գույքը անձեռնմխելի են։ Անձեռնմխելի է նաեւ դիվանագիտական անձնակազմը։ Այնինչ ՆԱՏՕ-ի քաղաքական ղեկավարության նախապես մշակված սցենարով հրթիռակոծվել է ինքնիշխան երկրի՝ ՉԺՀ-ի դեսպանատունը։ Արդյունքում՝ մասնակիորեն ավերվել է դեսպանատան շենքը, զոհվել է 4 եւ վիրավորվել 26 մարդ։

Կան մի շարք անուղղակի ապացույցներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ ՉԺՀ դեսպանատան գնդակոծումը թյուրիմացության, անճշտության կամ սխալմունքի հետեւանք չէ, այլ նպատակաուղղված, կանխամտածված քաղաքականության արդյունք է եւ դրա մի դրվագը։ Տեղի ունեցածը դիտավորությամբ կատարված ռազմական հանցագործություն է։ Նախ՝ ՉԺՀ դեսպանատունը ռմբակոծվել է առնվազն 3 (՛) հրթիռով։ Երկրորդ՝ դեսպանատունը ռմբահարվել է հենց թեւավոր հրթիռներով, որոնք աչքի են ընկնում գերճշգրտությամբ, եւ որոնք, խոցելով նշանակետը (թիրախը), պայթում են դրա ամենաներքեւում՝ դրանով իսկ ուժգնացնելով ավերածությունը։ Երրորդ՝ հրթիռներից յուրաքանչյուրն ուղղորդվել է դեսպանատան շենքի տարբեր կողմերի վրա. այստեղ ակնհայտ է թիրախը անպայմանորեն խոցելու դիտավորությունը։ Չորրորդ՝ Բելգրադում ՉԺՀ դեսպանատան շուրջ չեն եղել հարավսլավական ռազմական, կիսառազմական կամ ոստիկանական կառույցներ, ինչը ենթադրաբար կարող էր շփոթմունքի պատճառ դառնալ։ Հինգերորդ՝ Չինաստանը, ինչպես հայտնի է, հանդես է գալիս հարավսլավական պատերազմը խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով լուծելու եւ անիմաստ ու կործանարար պատերազմը դադարեցնելու դիրքերից։

Լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ եւ ունենալով վետոյի իրավունք, ինչպես նաեւ որպես միջուկային տերություն՝ Չինաստանն ունի ծանրակշիռ դեր ու ազդեցություն միջազգային հարաբերություններում։ Չինաստանի նման հզոր ու ազդեցիկ պետության հականատօյական դիրքորոշումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անհանգստացնում է նախեւառաջ ՆԱՏՕ-ի կնքահորը՝ Միացյալ Նահանգներին։ Այդ իսկ պատճառով, Բելգրադում ՉԺՀ դեսպանատան շենքի հրթիռակոծումը կարծես յուրահատուկ զգուշացում էր պաշտոնական Պեկինին։ Եվ որքան էլ ՆԱՏՕ-ական եւ արեւմտյան (ամերիկյան) քաղաքական եւ զինվորական գործիչները չքմեղանան, որքան էլ հանդես գան ստահոդ հավաստիացումներով, միեւնույն է՝ Չինաստանը սույն սադրանքը իրավամբ դիտում է որպես ռազմական հանցագործություն եւ իրեն իրավունք է վերապահում դիմելու համաչափ գործողությունների (քայլերի)։

Թվում էր, թե մայիսի 6-ին «Մեծ Ութնյակի» երկրների արտգործնախարարների հանդիպման եւ բանակցությունների արդյունքում նախանշվել է հարավսլավական հակամարտության փուլային լուծման հնարավորություն (բաղկացած հինգ կետից)։ Տեսնելով, որ Հարավսլավիայում իր ագրեսիան մտել է փակուղի, որ կոնֆլիկտը անորոշ ժամկետով երկարաձգվում է ու բարդանում, որ հետապնդած նպատակը ռազմական ճանապարհով ձեռք բերելը գնալով դժվարանում է ու դառնում անհեռանկարային, որ աճում է հանրային դժգոհությունը, որ նշմարվում է հակամարտությունը խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով լուծելու ուղին, ՆԱՏՕ-ն կրկին ու կրկին, նորանոր սադրանքների միջոցով խճճում ու շիկացնում է միջազգային իրադրությունը, փորձում է անհնարին դարձնել եւ վիժեցնել հաշտության ու խաղաղության գործընթացը։ Դրա խոսուն ապացույցն են՝ ՆԱՏՕ-ի կողմից քաղաքացիական (տնտեսական, ոչ ռազմական) օբյեկտների գնդակոծումը Հարավսլավիայում, ՉԺՀ դեսպանատան հրթիռակոծումը, այսպես կոչված, Կոսովոյի ազատագրական բանակի հավաքագրումը, վարժեցումը, զինումը, ցամաքային ներխուժման նախապատրաստումը, այդ նպատակով զինված կազմավորումների կուտակումը Մակեդոնիայում եւ Ալբանիայում, եւ այլն, եւ այլն։

Հարավսլավական հակամարտությունում ՆԱՏՕ-ի (ԱՄՆ-ի) մաքսիմալիզմը, վերջնագրային քաղաքականությունը բախվում են Հարավսլավիայի ինքնիշխանությանը, Ռուսաստանի միջնորդային խաղաղարար նախաձեռնություններին եւ, վերջապես, առողջ բանականությանը։ Շահերի այսօրինակ բախումը՝ այն էլ Բալկաններում, կարող է հանգեցնել կոնֆլիկտի աշխարհագրության ընդլայնման՝ լայնամասշտաբ պատերազմի։ Սակայն ուժերի ներկա դասավորության պայմաններում այսօրվա դրությամբ, բացարձակ հաղթանակի հասնել լայնամասշտաբ պատերազմում հնարավոր չէ։ Լավագույն դեպքում, հաղթող կողմի համար դա կլիներ «պյուռոսյան հաղթանակ», այսինքն՝ հաղթանակ, որ հավասարազոր է պարտության։

Հարավսլավական լոկալ պատերազմը տոտալ՝ համընդհանուր հակամարտության վերածելու եւ համաշխարհային քաղաքական ու տնտեսական տիրապետության հասնելու ՆԱՏՕ-ի (ԱՄՆ) նկրտումները, բախվելով սերբ ժողովրդի աննկուն քաջությանը եւ հայրենասիրությանը, Ռուսաստանի խաղաղարար միջնորդային ջանքերին, ի վերջո ի չիք են դառնալու։ Ապագան խաղաղ բանակցություններինն է՝ կողմերի իրավունքների ու օրինական շահերի հաշվառմամբ։

ՎԱՀԱԳՆ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31