Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՏԱԿԱՍԵՐ ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻ ՄՈՏ ՍՐՎՈՒՄ Է ՀՈՒՄՈՐԻ ԶԳԱՑՈՒՄԸ

Մայիս 12,1999 00:00
SHevardnadze

«Ինչ է, քաղաքական գործիչները կատակ չե՞ն անում»,- այդպես խոսեց Վրաստանի Նախագահ Էդվարդ Շեւարդնաձեն մոսկովյան «Վրեմյա» թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր կողմից արտահայտած ցանկությանը:

«Բա այդպսի հարց տալիս են հսկայական ամբոխի ներկայությամբ, լրագրողների հսկայական քանակության ներկայությամբ»,- այնուհետեւ պարզաբանեց նա, վերհիշելով Վաշինգթոնի ՆԱՏՕ-50 գագաթաժողովում տեղի ունեցած դրվագը, երբ ինքը հարց տվեց Սոլանային, թե ե՞րբ է, վերջապես, Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու, ինչին Սոլանան պատասխանեց. «Բարձրաձայն չեմ ասի, միայն կշշնջամ»:

Այն հարցը, թե ինչ շշնջաց Հյուսիս-Աթլատյան դաշինքի քարտուղարը բատոնո Շեւարդնաձեի ականջին, արդեն երկու շաբաթ է, ինչ հանգիստ չի տանլիս քաղաքական մեկնաբաններին: Նրանք տարածաշրջանում ուժերի դասավորության նոր քարտեզներ են մշակում, փորձում գուշակել այդ քայլի աշխարհաքաղաքական հետեւանքները: Այնինչ… պարզվում է ոչինչ էլ չի շշնջացել: Քաղաքագետներն ընդամենը կատակ էին անում:

Բացատրելով նման անլուրջ պահվածքը զարմացած լրագրողին, Վրաստանի կատակասեր նախագահն էլ ավելի խորիմաստ խոստովանություն է անում. «Ինձ համար դա մարդու հետ նորմալ շփում է, գործընկերոջ հետ… Ես կարծում եմ, ոչ ոք էլ լուրջ չի ընդունել»: Ահա թե ինչումն էր ամբողջ հանելուկը: Երբ «պերեստրոյկայի» ժամանակ սովետական «Պարոն Այո-ն» /այդպես էին անվանում ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Էդվարդ Շեւարդնաձեին արեւմտյան երկրներում, ի տարբերություն նրա նախորդի՝ Գրոմիկոյի «Պարոն Ոչ» մականվանը/ համաշխարհային նոր համակարգ ստեղծելու առաջին քայլերն էր անում, դա է՞լ էր կատակ: Չի կարելի ժխտել, որ քանդվող կոմունիստական կայսրության արտգործնախարարի պաշտոնում ներկայիս Վրաստանի նախագահի գործունեությունը լուրջ ազդեցություն ունեցավ գլոբալ գործընթացների վրա:

ՆԱՏՕ-ի այսօրվա կերպարի հիմքը Շեւարդնաձեի անմիջական մասնակցությամբ է կերտվել: Հենց իր օրոք ընկավ Բեռլինի պատը, ինչը դարձավ համաշխարհային նոր իրադրության ձեւավորման սկզբնակետը: Վարդագույն երազանքների ժամանակ էր: Իրականում պարզվեց՝ կատակ էին անում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված համաշխարհային կարգը խոստանում էին նոր, ավելի արդար կարգով փոխարինել: Ստացվեց մեծ համաշխարհային անկարգություն, որում առկա են ե՛ւ տաք, ե՛ւ սառը պատերազմի բոլոր հատկանիշները՝ մի կողմից Հարավսլավիայի ռմբակոծումները, մյուս կողմից ԱՄՆ-ում կրկին մեկնարկած միջուկային հետազոտությունների ասպարեզում «վհուկների որսը»:

Այդ համաշխարհային խառնաշփոթի մի արտահայտությունն էլ այն է, որ կողմնորոշումը կորցրած քաղաքական գործիչների մոտ սրվում է հումորի զգացումը: Գուցե դա է բացատրում այն ֆենոմենը, որ Վրաստանի ղեկավարը ռուսաստանյան մամուլի ներկայացուցչի հետ զրույցը կառուցում է բացարձակորեն հակառակ փաստարկներով: Նա ասում է. «Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի անդամակցությանը, ես կարծում եմ, որ մոտակա 7-10 տարիների ընթացքում դա չի կատարվի – պայմանները թույլ չեն տա եւ հենց նատօյականները դա չեն ուզենա: Ճիշտ է, Սոլանան խոսում էր սեւծովյան պետությունների մասին, սակայն ես այնպես եմ հասկանում, նա ի նկատի ուներ Ռումինիան, Բուլղարիան եւ մի շարք այլ երկրներ: Ինչ վերաբերում է Վրաստանին եւ Հարավային Կովկասի այլ երկրներին, ապա կարծում եմ, շատ ժամանակ է պահանջվելու… Տասը տարվա ընթացքում աշխարհում շատ բան կփոխվի, հնարավոր է, որ ռազմական բլոկի անդամ դառնալու անհրաժեշտությունն ընդհանրապես վերանա»: Ի՞նչ իմանաս, արտասանելով այդ բառերը, հարեւան երկրի ղեկավարը կրկին կատա՞կ էր անում, թե՞ Թբիլիսիում տարածաշրջանային իրողությունն այլ կերպ է երեւում, քան Վաշինգթոնում, եւ քաղաքական հաշվարկն այլ պատասխան է տալիս:

Ակամա հիշվում է հայտնի ասացվածքը՝ լավ է ծիծաղում նա, ով վերջինն է ծիծաղում: Ավաղ, ամեն ինչ վկայում է, որ այս տարածաշրջանում դեռեւս երկար ժամանակ պարզ չի լինելու, թե ո՞ւմ է պատկանելու վերջին կատակի իրավունքը:

Ե. Կ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31