Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԿԱՆ ՍԵՐԻԱԼ-2

Մայիս 12,1999 00:00
amusnalucutyun

Ապահարզանային բիզնես

«Առավոտի» մայիսի 4-ի համարում տպագրվել էր «Դատական սերիալ՝ «հաշմանդամ սկեսուրը» հրապարակումը, կապված հարս-սկեսուր դատական մի վեճի հետ։ Հասկանալի պատճառներով, ոչ հարսի, ոչ սկեսուրի անուն-ազգանունները չէինք գրել։ Հաջորդ օրն իսկ խմբագրություն եկան հինգ սկեսուրներ, որոնցից յուրաքանչյուրն ասում էր, որ հրապարակման «հերոսը» կամ նախատիպը ինքն է։ Ավելի արժանահավատ գտնվեց, մեր կարծիքով, սույն պատասխանը (փաստերի եւ գործի «զուգադիպության» առումով)։

Մայիսի 4-ին տպագրված հոդվածի էությունը, բացի ամսաթվային որոշ տվյալներից, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Անհայտ լրագրողը չի զրուցել մյուս կողմի հետ. մատնանշած սկեսուրը մենակ, մեծ դժվարությամբ մեծացրել է երկու որդիներին։ Ավագ որդին հիանալի ընտանիք է կազմել (12 տարեկան թոռնիկ ունի)։ Կրտսեր որդին փորձանքի մեջ ընկավ։ Դժվարությամբ, մեծ ծախսերով 1996 թվականի մարտի 16-ին եկեղեցական, ապա՝ հարսանյաց ծեսով հարս բերեց, ինչը խոսում է ընտանիք ստեղծելու նրա անկեղծ մտադրության մասին։

Սակայն նորահարսը փաստացի մոտ երեք ամիս, իսկ զագսով՝ 19 օր նրա տանն ապրելուց հետո, «դարձ» գնալու պատրվակով՝ ինքնակամ լքեց ընտանիքը, ասելով, որ հղիության նշաններ ունի, ծածուկ հավաքելով, իր հետ տանելով 2000 ԱՄՆ դոլարին համարժեք ամուսնական եւ մինչամուսնական զարդեղենը։

Մերժեց հետ գալու ամուսնու առաջարկը, նաեւ առանձին ապրելու համար (հետդարձի համար պայմաններ էր դնում՝ ննջասենյակում փական դնել, սկեսուրի տանն իրեն գրանցել, դրանից բացի, հոխորտում էր, թե հիմա էլ ուզող ունի…)։

Կես տարի անհասկանալի էր հարսի վարվելակերպը, որն իր դարձը նշանավորել էր դատարան դիմելով՝ բնակարանի եւ հղի կնոջ նպաստ նշանակելու պահանջով։ Եվ ահա, «02» ոստիկանական լրատուից պարզվեց սարսափելի գաղտնիքը, որ այդ «հալածված եղնիկի» հաջորդ զոհն ենք մենք… Այդ մասին կա կՀ-175-94 քրեական մերժված գործը, որով մեր «անմեղ հրեշտակը» առաջին փեսացուին բռնաբարության փորձի համար ձերբակալել է տվել, ապա՝ հետ վերցրել բողոքը, սակայն նրա հետ չի ամուսնացել…

Որոշման մեջ նշված է, որ նա մինչ այդ էլ գիշերներ է անցկացրել փեսացուի հետ, նրա տանը։ Պատկերացրեք սկեսուրի եւ ամուսնու ստացած բարոյական հարվածը, որոնց մոտ նա ներկայացել էր որպես սրբության սրբոց…

Արգենտինական ծանոթ սերիալների նման, նա խաբեությամբ էլ հիվանդանոց գնաց, սպառնացող վիժումով հղիի պատրանք ստեղծելու եւ կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու՝ վաղօրոք կեղծ ապացույցների համար։ Հինգ օր պառկեց հիվանդանոցում, սակայն երկու ամսվա անաշխատունակության թերթիկ ներկայացրեց դատարանին (կա տեղեկանքը, որ այդ օրերին աշխատանքի է ներկայացել)։

Կրկին փորձիր

Ամենաահավորը դեռ առջեւում էր։ Սկեսուրի տանը թողած ութ էջանոց իրեն ուղղված սիրային նամակից եւ իր ձեռքով արած գրառումներից պարզվեց, որ այդ գերկարճատեւ ամուսնության ընթացքում այլ անձի հետ սիրային կապեր է ունեցել։ Իր գրառման մեջ մերժում է կանոնավոր ամուսնական կյանքը, նշում, որ «կարոտը խեղդում է, միապաղաղությունը՝ հոգնեցնում, որ անակնկալներ են պետք, որ ինքը ժամացույց չէ, որ կանոնավոր աշխատի»։

Նրա փաստացի առաջին սկեսուրն էլ գրել է, որ այդ աղջիկն արժանի է բարձր կարգի դերասանի կոչման, որ խաբեբա, զրպարտիչ ու ստախոս է։

Այսպիսով, քանի որ լքելու ոչ մի պատճառ չկար, ուստի այն հիմնավորելու համար մագիստրատուրայում սովորող ուսանողուհին ճարպկորեն հնարեց հարս ու սկեսուրի ավանդական կոնֆլիկտի մասին ստահոդ պատմություն, որոնց հավատալը հեշտ կլիներ գործին անծանոթ մարդկանց համար, այդ թվում՝ մոլորյալ հեղինակ Մարիամ Անտոնյանի համար…

Մինչեւ անգամ խաբեությամբ էր հոր միջոցով վերցրել երեխայի ծննդականը, որպես «խնդրատու»՝ գրել տալով նախկին ամուսնու ազգանունը եւ նրա փոխարեն ստորագրելով։

Դարձի ընթացքում սկսվեցին նաեւ սկեսուրի եւ ամուսնու հալածանքները, հեռախոսային անպատվությունները (ձայներիզը կա)։ Դեռեւս 1988-ից ինֆարկտ տարած եւ դիսպանսեր հիվանդ սկեսուրը սիստեմատիկ հալածանքից, վարկաբեկումից ու զրպարտանքից կրկին սրացումներ ունեցավ, անկողին ընկավ, 1997 թվականից դարձավ երկրորդ կարգի ցմահ հաշմանդամ-անաշխատունակ…

Երրորդ տարին է, ինչ լուրջ հիմքեր ունենալով, վիճարկվում է երեխայի հայրությունը։

Արաբկիրի եւ Շահումյանի առաջին ատյանի դատարանները գտան, որ պետք է դատա-կենսաբանական փորձաքննություն անցկացվի։ Յոթ ամիս շարունակ փորձաքննության օրեր նշանակվեցին, սակայն նա դիտավորյալ յոթ անգամ էլ չներկայացավ փորձաքննության, սարսափելով փորձագետի եզրակացությունից…

…Մի՞թե պարզ չէր, որ նա ընտանիք կազմելու մտադրությամբ չէր եկել, նրան հարկավոր էր նախ՝ օրինականացնել երեխայի ծնունդը, ապա՝ բնակարանային բիզնես անել։ Տարած ոսկեղենը քիչ է համարում (ընդ որում, համասեփականատեր է՝ ապահովված բնակարանով)։

Ես էլ դու չեմ, ես կամ

Վաղուց կա ապահարզանը, իսկ տարասեռ քաղաքացիներին նույն սենյակում համատեղ բնակեցնելը բարոյապես, իրավաբանորեն ու ֆիզիկապես անհնարին է։ Նույնիսկ բնակ. օր.-ի 10-րդ հոդվածն ասում է, որ չի կարելի բնակարանային իրավունքներն իրականացնել ուրիշի իրավունքների խախտումով։

Երեք ամսվա վայ-հարսի կողմից կա մեկ իրավունք, բնակօգտագործման, հալալ քրտինքով տուն-տեղ դրած սկեսուրի կողմից՝ Սահմանադրությամբ ամրագրված հինգ իրավունք՝ սեփականության, կյանքի ու առողջության պահպանման, հաշմանդամի բնակարանային եւ սոց. պաշտպանության։ Ամեն ոք իրավունք ունի իր շահերն ու իրավունքները պաշտպանել եւ իրեն փրկել անվայել վարքի տեր հարսի բռնի բնակեցումից։ Բժիշկ պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ դա մահացու եւ ճակատագրական կլինի հիվանդ, տարեց կնոջ, աշխատանքի վետերանի համար։

Ինչ վերաբերում է կատարողական վարույթը Կենտրոնի դատարան տանելուն, ապա դա մեր դուռը ջարդելու ապօրինության քննության պատճառով է, որն ինքն էր կազմակերպել, իսկ այժմյան կասեցումը՝ բնակեցման անհնարինության հիմքով՝ դրամական փոխհատուցում տալու նպատակով է արված։

Մ. Է.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31