Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԵՐ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ

Մայիս 12,1999 00:00
Tigran Torosyan

Երեկ ՀԺԿ-ն եւ ՀՀԿ-ն ներկայացրեցին «Միասնություն» դաշինքի տնտեսական քաղաքականության հայեցակարգը։ Ասուլիսին մասնակցում էին ակադեմիկոս Մ. Քոթանյանը, ՀՀԿ փոխնախագահ Տ. Թորոսյանը, ԱԺ պատգամավոր Հ. Նաղդալյանը, տնտեսագետ Ադոնցը։

Հավերժական վեճը շարունակվում է

Միանգամից նշենք, որ բոլոր բանախոսները խստագույնս քննադատեցին, թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների վարած տնտեսական, ֆինանսական, սոցիալական քաղաքականությունը։ Քննադատության իրենց բաժնից ոչ ոքի չհաջողվեց խուսափել. ո՛չ առեւտրային բանկերին, ո՛չ բանկային համակարգը կարգավորողներին։ Տիգրան Թորոսյանը ԿԲ-ի անկախության հարցը քննարկելով նույնիսկ ավելացրեց. «Կենտրոնական բանկերը անկախ են լինում եւ ոչ թե անկապ»։

Թե ակադեմիկոս Քոթանյանը, թե երիտասարդ տնտեսագետ Ադոնցը նշեցին, որ անհասկանալի լիբերալ քաղաքականության ցուցանակի տակ տնտեսական կյանքում պետության դերը զրոյի է հավասարեցված։ Բանախոսները երկրի տնտեսական ապագան հենց պետության ակտիվության հետ են կապում։ Ակադեմիկոս Քոթանյանը վստահեցրեց, որ երկրի տնտեսության շատ ճյուղեր կարելի է զարգացնել ներքին ռեսուրսների հաշվին։ Խոսքը եւ որակյալ աշխատուժի առկայության եւ անհրաժեշտ հանքա-հումքային պաշարների առկայության մասին էր։ Նրանց կարծիքով, պետությունը խիստ կոնկրետ վարկային քաղաքականություն պետք է վարի։ Միջազգային ֆինանսական կազմակերպություներից ակնկալվում է ստանալ կոնկրետ արտադրական վարկեր (ի տարբերություն նախկին «կառուցվածքների»)։ Բանախոսների կարծիքով, պետությունը պետք է նպաստի, որ ֆինանսական միջոցներն ուղղվեն դեպի տնտեսության իրական սեկտոր։ Օտարերկրյա ներդրումներ ապահովելու համար առաջին հերթին պետք է վերափոխել հարկային համակարգը։ Այսօր ամենամեծ մուտքեր ապահովող ավելացած արժեքի հարկը մեծամասամբ գանձվում է սահմանի վրա։ Այն հարկավոր է վերափոխել «շեշտը դնելով վերջնական արդյունքից հարկվելու սկզբունքի վրա»։

Նշենք, որ ակադեմիկոս Քոթանյանի ելույթը պարբերաբար հետաքրքիր դասախոսության էր նմանվում։ Հանրապետության նախկին (մասամբ՝ նաեւ ներկա) ղեկավարությունը ժամանակին պրն Քոթանյանի ուսանողներն են եղել, հետեւաբար, կարելի է պնդել հետեւյալը՝ կամ նրանք դասերի վատ են հաճախել, կամ էլ պարզապես վատ են սովորել։ Հնարավոր է, որ ուսուցչին պատմական շանս վերապահվի ուղղել իր սաների սխալները։

Ակադեմիկոսը հրաժարվում է իր նախկին ուսանողներից

Ասուլիսից հետո ակադեմիկոս Մ. Քոթանյանին խնդրեցինք պատասխանել «Առավոտի» հարցերին.

– Վերջին տարիներին երկրի տնտեսությունը ղեկավարում էին ձեր սաները։ Ո՞ւմ տնտեսագետի դիպլոմ չէիք շնորհի։

– Այսօրվա տեսանկյունից՝ իրենց այս գործունեության համար, երեւակայեք, մեծ մասին չէի տա։ Այն ժամանակ նրանք բավական խելոք, մտածող, ես կարծում էի՝ նույնիսկ ընդունակ տղաներ էին։ Բայց նրանք չկարողացան դիմակայել ընդհանուր հոսանքին եւ կուլ գնացին։ Հրապուրվեցին մոնիտար լիբերալիզմի քաղաքականությամբ։

– Կարելի է ասել, որ երիտասարդ տնտեսագետների սերունդը կորա՞ծ է։

– Հակառակը, ես հիանում եմ նոր եկող կադրերով։ Շնորհալի երիտասարդներ են գալիս մեզ մոտ՝ ասպիրանտուրա։ Ես հիանում եմ նրանց գիտելիքներով, համաշխարհային տնտեսության հարցերն ընկալելու մակարդակով։ Մնում է նրանց մի քիչ դեպի ազգային տնտեսությունը մտածելակերպ ստեղծել։ Ես կարծում եմ, որ սեփական ազգային էկոնոմիկա ունենալու գաղափարը, որ Բագրատյանը եւ մյուսները ժխտում էին, հիմա բոլորը հասկացել են։

– Ձեր ուսանողների պաշտոնավարման տարիներին նրանց հետ շփումներ ունեցե՞լ եք։

– Իհարկե, շփվել եմ բավական երկար եւ, մեծ հակադրությունների պարագայում, հեռացել եմ։ Ավելի շուտ իրենք հեռացան ինձնից։ Որովհետեւ բոլոր այն հանձնաժողովներում, ուր ես ընդգրկված էի՝ հակադրվում էի։ Հետո նրանք գերադասեցին ինձ չհրավիրել։ Վեճերի ընթացքում մեծ աղմուկից հետո իրենք համաձայնում էին, որ ես ճիշտ եմ, բայց իրականացնում էին այն, ինչ իրենք մտածել էին։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31