Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տաթեւը երկընտրանքի առջեւ

Մայիս 12,1999 00:00
tatev

 Ըստ հավաստի աղբյուրների Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան բլոկի Սյունիք այցելության ժամանակ սաստիկ ցուրտ էր, ինչը սակայն ժողովրդի ոգեւորության վրա, ասում են, ազդեցություն չունեցավ:

«Միասնության» ընտրարշավից առաջ /ու նրա հետ որեւէ կապ չունեցող/ Սյունիքի մարզ մեր այցելության օրերին, հակառակը՝ տաք էր, նույնիսկ՝ շոգ: Հինավուրց Տաթեւի համալիր բերված գառն էլ նախընտրական զոհերից չէր, այլ նախկինում տաթեւցի Գագիկ Մնացականյանի կողմից բերվեց, որ արարողակարգից հետո մորթվի՝ ի հիշատակ Գագիկի մոր:

Տաթեւցիները երեք անգամ գառը պտտացնելով զոհասյան շուրջ, համալիրի ամենամեծ՝ Սբ.Պողոս-Պետրոս եկեղեցի մտան, մոմ վառեցին, հետո Սբ. Աստվածածին ու Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում նույնը արեցին: Վերջինս, որ վստահեցնում էին, հանճարեղ Մոմիկի գործն է, կառուցվել է 906 թվին: Հազար տարի անց՝ Խրիմյան Հայրիկի Տաթեւ այցելությունից հետո, կառուցվեց եռահարկ զանգակատունը: Տաթեւ գյուղը 1200 հոգի բնակչություն ունի, մեկ դպրոց, մեկ մանկապարտեզ եւ մեկ հիվանդանոց: Գյուղացիները հիշողության մեջ դեռ պահում են այն լուսավոր օրը, երբ Կարեն Սերոբիչը, իրենց այցելելով, խիստ կարգադրել էր գյուղական հիվանդանոցը նորոգել եւ դարձնել օրինակելի: Այսօր է, որ մանկաբարձ-գինեկոլոգ չլինելու պատճառով «ծնունդները տեղափոխում են Գորիս, Կապան, կամ հենց մայրաքաղաք Երեւան», եւ մեր այցելության օրը հիվանդանոցն ընդամենը երկու հիվանդ ուներ, մեկը՝ էպիլեպսիայի նոպայից հետո բերվածն էր, մյուսը՝ վարակիչ հիվանդությունով տառապյալ: Փողոցներից մեկում դեռ պահպանվել էին Օրբելյանների իշխանական տան քարերը, թեեւ տեղը նոր տուն էր կառուցվել: Այս ամենի մասին պատմեց գյուղի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սարմեն Արշակյանը:

Տաթեւը իր նոր պատմությունը եւս սկսում է Անկախությունից հետո, երբ կոլխոզ-սովխոզներին վարժված հայ աշխատավոր գյուղացին կյանքի «օրիենտիրը» կորցնելով, նոր կյանքի հանդեպ էնտուզիազմ չցուցաբերեց եւ առայսօր սպասում է: Սովետական երանելի տարիներին մոտ 100 տաթեւցի աշխատում էին տեղի արտադրությունում, որը Երեւանի կոնդենսատորների գործարանի մասնաճյուղն էր եւ միեւնույն ժամանակ՝ հուսալի «պարտնյորը» Գրոզնու ռադիոտեխնիկական /այժմ եւս չաշխատող/ գործարանի: Գյուղի հիմնական բնակչությունը կանայք, ծերեր ու երեխաներ են. երիտասարդությունը անելիք չունի, աշխատուժը հիմնականում Ռուսաստանում է: Մկրտչյան Քրիստինեի, Արմանի, Թեհմինեի հայր Էդիկը ահա 4 տարի է «Ռուսաստանում կայֆաֆատ ա անում», մեկ-մեկ զանգում է, բայց փող չի ուղարկում: Ինչո՞վ եք ապրում՝ իմ հարցին երեխաներից մեծը պատասխանեց կարճ՝ եսիմ: Տաթեւ գյուղի տեղեկատվական դաշտը սահմանափակվում է Հայաստանի եւ Ռուսաստանի հեռուստատեսության առաջին ծրագրերով: Այն դիտելու հնարավորություն, սակայն, բնակչության ընդամենը չնչին մասն ունի, այն մասը, որը «ուղղված է դեպի Գորիս», ուր հեռուստաաշտարակ կա:

Տաթեւն էլ ետ չմնաց արեւմուտքի ֆինանսական ներարկումներից. այսպես «Օգնեցեք երեխաներին» միջազգային կազմակերպությունը իրականացրել է ոռոգման ջրի ծրագիրը, իսկ Սոցիալական ներդրումների հիմնադրամը պիտի ջրատարների ներքին ցանցի ծրագիր իրականացներ, բայց այն չհաստատվեց եւ մնաց անկատար: Երեւի դա էր պատճառը, որ ի հեճուկս արեւմուտքի, աղբրի ջուրն առատորեն թափվում էր փողոցներով եւ, խառնվելով տեղի գոմաղբի հետ, ներդաշնակորեն լրացնում էր հայկական սքանչելի պեյզաժը: Ուստի, երբ ասացին, թե ներքին ցանցի խարխուլ լինելու պատճառով գյուղը խմելու ջրի պրոբլեմ ունի՝ ըմբռնումով մոտեցա…Հիշելով «Հայաստան» հիմնադրամի Սյունիքում նախատեսված Հալիձոր-Տաթեւ ճանապարհի կառուցման ծրագրի մասին, հետաքրքրվեցի դրա ճակատագրով: Պարզվեց, որ միայն հողային աշխատանքներն են ավարտված: Հիմնադրամը, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին առաջնություն տալով, փաստորեն անավարտ թողեց այս մի ծրագիրը, իսկ հիմա առաջնայինը Ղարաբաղի հյուսիս-հարավ ներքին ճանապարհի կառուցումն է եւ, ինչպես ասացին, «հույս չկա, որ Հիմնադրամը նորից այստեղ վերադառնա»: Գյուղապետին՝ Վարուժան Մարտիրոսյանին, չտեսա, բայց նրա մասին գյուղացիների կարծիքը հիմնականում չեզոք է՝ գործնական է, աշխատող, բայց որ գյուղական բյուջե չկա, ձեռը փող չկա, ի՞նչ անի: Ընդդիմադիր մի տաթեւցի դրան առարկեց՝ խի՞ չկա, շատ լավ էլ կա:

Միամտություն կլիներ Սյունիքի ծայրամասում գտնվող, «աշխարհից, մարզկենտրոնից ու մայրաքաղաքից կտրված» այս գյուղը իբրեւ ապաքաղաքական դիտել: Եվ երբ գյուղի բժիշկն ասաց, որ Տաթեւում «խորհրդարան» կա, չզարմացա: «Սա կոմունիստական ֆրակցիան է»,- զգուշացրեց ուղեկիցս, «խորհրդարանին» մոտենալուն պես: «Մովսիսյան Սերյոժա Մարտիրոսի, Ավագյան Արսեն Լազարի, Սուքիասյան Լեւոն Արմենակի, Մովսիսյան Գյուլնարա Աղալովի»,- ներկայացան տարեց «պատգամավորները»: Ընտրություններին մասնակցության վերաբերյալ մեր հարցերին սկզբից զգուշավորություն ցուցաբերելով՝ «ես չեմ մասնակցի, ես հաշմանդամ մարդ եմ», «որ կողմը լավ իլյավ, ով որ մեր լավը ցանկանա, նրան էլ կընտրենք», «ֆրակցիան» այնուհետեւ աշխուժացավ: Զրուցակիցներս միաբերան Գորիսի քաղաքապետ Սուրեն Խաչատրյանի անունն էին տալիս՝ իբրեւ ապագա ԱԺ-ի իրենց ընտրյալ. «Մեզ ոչ մի վատություն չի արել Խաչատրյան Սուրիկը, մեր գյուղում հարց չի եղել, որ չօգնի: Եթե ձեռքիդ կոպեկ չի եղել, տվել ա»:

Մեր տպավորությամբ պատգամավորության մյուս թեկնածուի՝ դաշնակցական Սամվել Հարությունյանի, շանսերն այս գյուղում, մեղմ ասած, չնչին են, թեեւ բոլորը գիտեին, որ վերջինիս «դոշով ղարաբաղցի նախարարն ա պաշտպանում»: Բայց գիտեին նաեւ, որ Սուրեն Խաչատրյանը էլ ավելի հզոր թիկունք ունի…

Ինչ վերաբերում է կուսակցություններին, ապա գյուղացիները իրենց ձայնը «Միասնությանն» են տալու՝ համոզված է նախկին տաթեւցի Նիկոլայ Մնացականյանը: «Ամբողջ Զանգեզուրի համայնքը Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան բլոկին է ձայն տալու: Ես գյուղի հետ անբաժան եմ, շփումներս մեծ են, գյուղի կարծիքն եմ արտահայտում»,- վստահեցրեց նա: Այլ էր Տաթեւի «խորհրդարանի» կարծիքը. «Կոմունիստներին, այո, կոմունիստներին: Նախորդ ընտրությունների ժամանակ ընտրել ենք Քոչարյանին, դրանից առաջ՝ Մանուկյանին, ամբողջ Հայաստանն ա Վազգենին ընտրել, մենակ մենք չէ, բայց Լեւոնն ա դուրս եկել»:

Ամփոփիչ խոսքը ամենահեղինակավոր «պատգամավոր» Ժորա Ղուկասյանինն էր. «Հիմա խնդրում են, որ ստորագրությունս տամ, ընտրվեցին թե չէ՝ մատ են թափ տալու: Հարցը այն ա, որ նայում եմ խորհրդարանի որոշումներին, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Ընկեր Մովսիսյանն ասում ա /գյուղնախարար Վ. Մովսիսյան/, որ տարեկան 50 մլն դոլար ենք հատկացնում ժողովրդին որպես վարկ, բայց էս 10 տարվա մեջ ոչ մի վարկ չենք տեսել: Թող մեկնումեկը բարձրացնի մատն ու ասի՝ վարկ ա ստացել, այդպիսի բան չի եղել: Փետրվարի թոշակը տվել են, բայց մարտ, ապրիլը մնում ա: Ոչ մի տիրություն չկա, երկու տրակտոր ունենք կտրատված, ինչքան տեխնիկա կա, լրիվ փչացած ա: Ասելու շատ բան կա, բայց դուք գնում եք էնտեղ, ամեն ինչ հաղորդում եք, իրանք ի՞նչ են անում: Եթե իմանանք՝ ձեր ասածը, ձեր ձայնը նրանք հաշվի կառնեն, ասելու շատ բան կա, բայց օգուտ չի…»: Սրանով էլ ավարտվեց Տաթեւի «խորհրդարանի նիստը», որը լուսաբանելու փորձ արեցինք սույնով:

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31