Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿԵՆՍԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

Մայիս 12,1999 00:00
aydin

Դարեր ի վեր մեզ տանջող միակ հարցը. «Ինչո՞ւ դանիացիք սպանեցին իրենց իշխան Համլետին»

Առաջին հանրապետությունը չկայացավ: Որքան էլ այսօր կարոտախտով հիշենք ու նշենք նրա ծննդյան օրը, միեւնույն է՝ չկայացավ ու հենց այդ պատճառով էլ կարճ կյանք ունեցավ: Որքան էլ «օբյեկտիվ» պատճառներ ու պատճառաբանություններ փնտրենք ու փորձենք գտնել, մեկ է՝ այսօր եթե մենք ինչ-որ բան էլ ժառանգել ենք առաջին հանրապետությունից, ապա դա միայն ու միայն ՉԿԱՅԱՑԱԾՈՒԹՅՈՒՆՆ է:

Իսկ իրապես օբյեկտիվ պատճառներ կային: Եվ առաջինը պարտադրանքն էր: Այդ անկախություն կոչվող ծանր բեռը անգամ չդրվեց, այլ որպես խիստ անակնկալ ու չսպասված բան, չգիտես էլ որտեղից, գցվեց մեր նվազ ու տկար ուսերին ու դրա թե ծանրությունից, թե անսպասելիությունից մեր ողնաշարը ճաք տվեց: Երկրորդ պատճառը՝ չկար ոչ երկրի, ոչ ազգի, ոչ հողի ու ոչ էլ դրանց միագումարի տիրոջ զգացումը:

ՀՈՂԸ՝ էնտեղ, էրգրում թողածն էր, ԵՐԿԻՐԸ՝ օտարի երկիրը, որը ոչ թե կառուցել ու շենացնել է հարկավոր, այլ որի դեմ պետք է պայքարել, ԱԶԳԸ՝ աշխարհով մեկ արդեն սփռվածները: Նպատակը ու խնդիրը՝ ոչ թե բաժին հասածն էր, այլ ծովից-ծովը, միջոցն էլ ոչ թե իրատես գործելակերպը, այլ տարբեր տեսլականներ: Ու եթե «տեր» էլ էինք, ապա ԷՆ հողին, ԷՆ մարդկանց ու… երազների: Եղածը թողած:

Այլապես ինչո՞վ բացատրել, որ, զորօրինակ, էրգրի ֆիդայիներին անուն առ անուն, կենսագրությամբ ու ազգուտակով մեկ առ մեկ գիտեինք ու գիտենք, իսկ էն ու էս հողում էն ու էս հողը պահող ոչ մեկին չենք ճանաչում (ճիշտ ու ճիշտ էս վերջերս սկսված տղամարդու փնտրտուքի պես), դրկիցների հետ առաջացող օրվա, պահի, հեռանկարի խնդիրները հենց օրվա, պահի ընթացքում կամ հեռանկարում նույն այդ դրկիցների հետ լուծելու փոխարեն աչքներս ծովերից ու օվկիանոսներից այն կողմն էր: Իշխողներն էլ, որ պարտավոր էին ՏԵՐ լինել, հիմնականում կամ ծնվել կամ էլ որպես անհատականություններ ձեւավորվել էին այլ սոցիալ-հոգեբանական եւ մշակութային-քաղաքական միջավայրում, որը եթե ոչ խորթ, գոնե համարժեք չէր տվյալ իրավիճակին էլ, տարածքին էլ, այդ տարածքում բնակվող մարդկանց հոգեկերտվածքին էլ: Այս ամենը հար եւ նման է մեր այսօրվա իրավիճակին, որը մեկ անգամ եւս հաստատում է, որ իրոք, եթե ինչ-որ բան էլ առաջին հանրապետությունից ժառանգել ենք, չկայացվածությունն է: Ու այդ չկայացածության հիմնապատճառներից դաս քաղելու փոխարեն, ցավոք, միս ու արյուն ենք դարձրել դրանք ու այսօր երկրորդում-երրորդում ենք:

Երկրորդ հանրապետությունն էլ պարտադրվեց մեզ: Ու հենց առաջինի չկայանալու պատճառով: Բայց երկրորդի պարտադրանքը, որքան էլ ցավալի է խոստովանելը, բարեբախտություն էր: Քանզի արդեն իսկ օտարին նվիրաբերված մեր տարածքը գոնե ետ բերեցինք: Մտավորական կյանքը ետ բերեցինք: Լավ, թե վատ, բայց պետական-քաղաքական-մշակութային-տնտեսական ՀԱՄԱԿԱՐԳ ստեղծեցինք: Ու էլի՝ անհեթեթ է, բայց բարեբախտաբար, մենք չէինք մեր գլխի տերը, որ հետո այդ ամենը, մեր անկարողության ու ապաշնորհության պատճառով, տայինք ու բաժանեինք կրկին:

Երրորդի ստեղծման հիմքը, թեեւ էլի վերեւներից ու օտարների ձեռքով էր ուղղորդվում, զգացմունքային էր: Առանց հաշվարկի: Առանց պատմական հիշողության: Ի հեճուկս: Ուզում էինք ամեն ինչ մենք որոշել, բայց մեր այդ որոշումների հետեւանքների համար ոչ միայն պատասխանատվություն չկրել, այլեւ չբարդացնել մեր սոցիալ-տնտեսական ու քաղաքական բարենպաստ վիճակը: Մինչդեռ այդպես ուղղակի չի լինում: Եվ չի լինում երբեք:

Ու, ցավալիորեն, այս երրորդ հանրապետության հիմքում էլ չդրվեց ՄԻՏՔԸ, ՆՎԻՐՈՒՄԸ ու ԳՈՐԾԸ: Չդրվեց, չի դրվում ու հենց այդ պատճառով էլ այս հանրապետությունն էլ չի կայանում:

Հոգուս մեղք չանելու համար նշեմ, որ, այո, փորձեր եղել են, բայց բնավ էլ էական չէ, թե երբ՝ որ թվից ու ամսաթվից սկսվեցին ձեւախեղումները, ինչու եւ ինչպես: Վերջնահաշվում այս՝ երրորդ հանրապետության չկայացածությունն է: Ուրեմն փորձն այդ՝ այն անհրաժեշտն ու արդյունավետը չի եղել, ուրեմն՝ միտքը այն չէր, ուրեմն՝ այլ, բոլորովին այլ գործ է եղել ու չի եղել նվիրումը:

Այսպես մինչեւ ու՞ր:

Ողորմի 19-րդ դարի ֆրանսիացի պետական գործիչ եւ գիտնական Ալեքսիս Թոքվիլին, ում խոսքերը լավագույնս են բնորոշում մեզ, մեր երեկն ու այսօրը ու, ցավոք, նաեւ վաղը. «Կան այնպիսի ժողովուրդներ, որոնց սկզբնական դաստիարակությունն այնքան անբավարար է, եւ որոնց բնավորությունը՝ կրքերի, անգիտության եւ կեղծ հասկացությունների այնպիսի տարօրինակ խառնուրդ, որ նրանք չեն կարող ինքնուրույն գտնել իրենց փորձանքների պատճառները, նրանք զոհվում են իրենց չգիտակցած չարիքների ծանրությունից»:

Շարունակելի

ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31