Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՍՏԻՃԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Է»

Մայիս 12,1999 00:00
Volcic

Հունվար-փետրվար սահմանագլխին Հայաստան կատարած փաստահավաք առաքելության ավարտին իտալացի պառլամենտական, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով զեկուցող Դեմիտրեո Վոլչիչը պատրաստել է անհրաժեշտ փաստաթուղթը եւ շուրջ երկու ամիս հետո ներկայացրել Եվրոպայի խորհրդին։

– Այն դրական բովանդակություն ունի,- մեզ հետ զրույցում ասաց նա,- բայց շատ նախնական։ Ուստի, երբ ես ներկայացնում էի փաստաթուղթը, հայտարարեցի, որ զեկույցը հարկավոր է ամբողջացնել մի շարք օրենքներ ընթերցելուց հետո միայն, մանավանդ նրանք, որոնք ընդունվել են փաստահավաք առաքելությունն իրականացնելուց հետո։ Այդ շարքում, առաջին հերթին, իհարկե, Ընտրական օրենսգիրքն է։

Պարոն Վոլչիչից տեղեկացանք նաեւ, որ Եվրոպայի խորհրդում ձեւավորվել է եւս մեկ հանձնաժողով, որը դիտորդական առաքելություն է իրականացնելու մայիսի վերջին Հայաստանում տեղի ունենալիք ընտրությունների ժամանակ։ Ինքը, որպես Հայաստանի հարցով զեկուցող, նույնպես կժամանի Երեւան, բայց ոչ թե իբրեւ նշյալ հանձնաժողովի անդամ, այլ նաեւ այդ մարմնի աշխատանքին հետեւելու մանդատ ունեցող անձնավորություն։

Պարոն Վոլչիչը հարկ համարեց ընդգծել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն իր ուշադրության կենտրոնում է պահում նաեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսոնը, որի հետ միասին, երբ վերջինս դեռ այդ պաշտոնին չէր, ներկա են եղել 1998-ի նախագահական ընտրություններին։ Լորդ Ռասել Ջոնսոնը վերջին մեկ տարվա ընթացքում հանդիպումներ է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահների հետ։ Փաստն արձանագրելով, Դեմիտրեո Վոլչիչը եզրակացրեց, որ մեր տարածաշրջանի խնդիրները գտնվում են ԵԽ խորհրդարանական վեհաժողովի հետաքրքրությունների առաջին շարքում։

– Իհարկե,- շարունակեց պարոն Վոլչիչը,- կա մտայնություն, թե Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայի խորհուրդ պիտի ընդունվեն միաժամանակ, բայց ես կարծում եմ, որ այդ հարցում որեւիցե դոգմատիկա գոյություն չունի։

Եթե Հայաստանի զեկույցում արձանագրվում է, թե դրական տարրերն ավելի ծանրակշիռ են, քան բացասական դրսեւորումները, ապա այդ դեպքում երկրի ընդունման գործընթացը Եվրոպայի խորհուրդ՝ կարող է առաջ շարժվել։

Իհարկե, կա նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը եւ այս առումով, ինչպես Դեմիտրեո Վոլչիչն ասաց, օգտակար կլինի, եթե Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդին անդամագրվելիս, Ադրբեջանը կարողանա ընդունել այն առաջարկները, որոնք նա մերժեց, այդպես էլ չներկայանալով Փարիզում տեղի ունեցած հանդիպմանը։

Պարոն Վոլչիչի կարծիքով, եթե Ադրբեջանը պատրաստ է ընդունել այդ փոխզիջումը, որի հիմքի վրա հետագայում հնարավոր է աշխատել, այդ դեպքում հավանական կլինի երկու երկրների միաժամանակյա ընդունումը Եվրոպայի խորհուրդ։

Իտալացի պատգամավորի տեսակետն այն է, որ Ղարաբաղի խնդիրը կարելի է շատ ավելի արդյունավետ լուծել, եթե Հայաստանն ու Ադրբեջանը լինեն ԵԽ անդամներ։ Այդ դեպքում կարող են եւ որոշակի պայմաններ առաջ քաշվել, որպեսզի 4-5 տարվա ընթացքում ինչ-որ արդյունքներ լինեն։ Ու եթե նույնիսկ հակամարտությունը վերջնականորեն չկարգավորվի, ապա գոնե նորմալ կացությունը ամրապնդելու հիմքեր կգոյանան։

Արձանագրելով հանդերձ, որ Վրաստանի դեպքում, այո, գոյություն ունի Աբխազիայի խնդիրը, ինչը չխանգարեց, որ այդ երկիրը Եվրոպայի խորհրդի անդամ դառնա, Դեմիտրեո Վոլչիչը բացառեց, թե գործի է դրվել կրկնակի ստանդարտի մոդելը՝ մեկը՝ Հայաստանի, մյուսը՝ Վրաստանի համար։

Կարեւորը, որ բարի կամք եւ պատրաստակամություն լինի հակամարտությունը կարգավորելու գործում, եւ այդ իրողությանը, պարոն Վոլչիչի կարծիքով, դրականորեն կվերաբերվեն բոլոր այն պատգամավորները, ովքեր միաձայնությամբ հաստատեցին Հայաստանին վերաբերող իր զեկույցը։

Երկրորդ որոշիչ տարրը, որը պետք է էական դեր խաղա Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդին անդամագրվելու մեջ, երկրի դեմոկրատացման գործընթացն է։ Դա պետք է դրսեւորվի կոնկրետ քայլերով, եւ ընդունված օրենքների գործադրումը, այդ թվում եւ՝ Ընտրական օրենսգրքինը պետք է ապահովվի ոչ միայն կենտրոնական քաղաքներում, այլեւ հեռավոր բնակավայրերում։

Հայաստանը պարոն Վոլչիչի պատկերացմամբ գնում է աստիճանական ժողովրդավարացման եւ աստիճանական բազմակարծության ճանապարհով։ Դեմոկրատիան գործընթաց է եւ այնպես չէ, որ այն կամ կա, կամ՝ ոչ։ Հայաստանն այն երկիրն է, որը հայտարարել է ժողովրդավարության ուղիով ընթանալու իր մտադրության մասին։

– Պարոն Վոլչիչ, Ձեր զեկույցը ներկայացնելիս խոսել եք նաեւ հայոց ցեղասպանության մասին։ Դա Ձեզ համար համոզմո՞ւնք է, թե՞ ինչ-որ քաղաքական նկատառումներով եք առաջնորդվել հայտարարության պահին։

– Ես քաղաքական համակարգերի պրոֆեսոր եմ,- ասաց նա,- եւ պետք է ուսումնասիրեի բոլոր համակարգերը՝ ասիականը, մասնավորապես՝ թուրքականը, եվրոպականը եւ այլն։ Քանի որ հետազոտել եմ գենոցիդի պրոբլեմը, այդ հիմքի վրա էլ հայտարարեցի՝ հայ ժողովուրդը զոհ է, մեկն այն ժողովուրդներից, որ շատ բան է կորցրել մարդկության պատմության ընթացքում, եւ հիմա պետք է արվի ամեն ինչ, որպեսզի հայերը կարողանան շնչել դեմոկրատական հասարակության թարմ օդը։ Իհարկե,- շարունակեց 67-ամյա իտալացի պատգամավորը,- ողբերգությունը չի մոռացվի, բայց հիշողությունը չպիտի արգելակի առաջընթացը։ Պետք է հավասարակշռություն գտնել հիշողությունների եւ ապագայի միջեւ։ Տեսնում ենք, թե խելացի հայ ժողովրդի զավակները ինչ արդյունքներ են ունեցել արտասահմանում։ Նկատի առնենք նաեւ ընտանիքի հայկական դասական կերպը, որն ապահովում է սոցիալական վերահսկողության համակարգի գործունեությունը։ Այս հարցում եւս հավասարակշռություն է պետք։ Իհարկե, Հայաստանում էլ կա կոռուպցիա, սակայն շատ ավելի քիչ, քան նրա կողքին գտնվող երկրներում։

– Բոլոր դեպքերում,- վերջում հավելեց Դեմիտրեո Վոլչիչը,- հայ ժողովուրդը պետք է գտնի իր տեղը։ Աստված հայերին շատ գեղեցիկ, սակայն, միաժամանակ ոչ այնքան հարմար տեղ է հատկացրել։ Ձեր կողքին ապրողները ձեզ այնքան էլ չեն սիրում, ուստի, կարծում եմ, Հայաստանն իր հարաբերությունների զգալի մասը պետք է կառուցի Վրաստանի հետ, իսկ աշխարհաքաղաքական իրողություններից էլ ելնելով՝ լավ հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ։ Դա՝ այդպե՛ս է։ Դա ոչ թե սեր է, այլ շատ պարզ մի բան՝ սեփական շահի գիտակցում։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31