«Առավոտի» երեկվա համարի «Քոչարյանը փոշմանե՞լ է» հրապարակմանն ի լրումն նախագահի մամուլի գրասենյակի ղեկավար Հասմիկ Պետրոսյանը հայտնեց. «Նախագահն իր դիրքորոշումը չի փոխել։ 1997-ին եւ 1999-ին նրա արտահայտած մտքերի միջեւ որեւէ հակասություն չկա։ 1997-ին «Ընտրական օրենսգիրքն» ընդունված չէր, եւ կառավարության ցանկությունն էր որեւէ լուրջ դեր չունենալն ընտրությունների ամբողջ գործընթացում։ Իսկ 1999-ին նախագահն արդեն փաստի առջեւ էր կանգնած՝ ընդունվել էր օրենք, որի համաձայն կառավարությունը երեքական ներկայացուցիչ պիտի ունենար ընտրական հանձնաժողովներում»։
Մեր այն հարցին ի պատասխան, թե Ռոբերտ Քոչարյանն այնուամենայնիվ ինչպե՞ս է վերաբերվում վարչապետ Արմեն Դարբինյանի հայտարարությանը՝ ընտրական գործընթացների կազմակերպման, անցկացման եւ արդյունքների ամփոփման ամբողջական պատասխանատվությունը ստանձնելու վերաբերյալ, Հասմիկ Պետրոսյանն ասաց. «Կառավարությունը չի կարող ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել, քան նախատեսված է օրենքով»։
«ԵՍ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՄ, ՈՉ ԹԵ ՀՈՎԱՆԱՎՈՐՎՈՒՄ»
Կարդացեք նաև
Թիվ 11 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, «Դվին» հյուրանոցային համալիրի տնօրեն Վանիկ Թորոսյանը դիմեց «Առավոտին»՝ հետեւյալ ասելիքով. «Մամուլում իմ անունը կապում են Խոսրով Հարությունյանի հետ, իրականությանը չհամապատասխանող լուրեր են տարածում՝ իբր իմ հովանավորն ու «տանիքը» ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանն է։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ ողջ կյանքում ինքս եմ եղել հովանավորի դերում, այդպես էլ շարունակելու եմ։ Որեւէ հովանավորի կարիք չունեմ»։