«Ազատ Հայք Առաքելություն» կուսակցության նախընտրական ծրագիրը սկսվում է «Սիրեցէք զմիմեանս» կարգախոսով եւ ավարտվում այսպես՝ «Ընտրությունը Քոնն է։ Փառք Աստծո»։
Լրագրողների հետ վերոնշյալ կուսակցության հանդիպման ողջ ընթացքում ճգնում էի հետեւել հատկապես առաջին պատգամին եւ սիրել ասուլիսի կազմակերպիչներին, բայց ընթերցելով կուսակցության ծրագիրը, այդ ցանկությունս անմիջապես մթագնեց։ Կուսակցության նախագահ Ռուբեն Մնացականյանը շատ ազնիվ ու զուսպ մարդու տպավորություն թողեց, սակայն միայն այդ հատկանիշներով առաջնորդվել, նպատակ դնել դառնալ «ԱԺ-ի խիղճը», այնքան էլ ժամանակակից մոտեցում չէ։ «Պատմական հայրենիքի վերականգնման, Հայաստանն ու հայությունը որոշակի տնտեսական կախվածությունից ազատագրելու»՝ կուսակցության ցանկությունները որպես առաջիկա 5 տարվա լուծելիք ճշմարտություններ են ներկայացված։ «Ազատ Հայք Առաքելություն» («ԱՀԱ») կուսակցության զինակիցը, ի դեպ, «Չեռնոբիլ» միությունն է։ Կուսակցությունը համոզված է, որ իր ԱԺ մտնելով՝ կսկսվի ԱԺ պատգամավորների անձեռնմխելիության եւ նրանց ետկանչման մեխանիզմի մշակման աշխատանքը։
Պրն Մնացականյանից ակտիվ ու հավակնոտ էր «ԱՀԱ»-ի անդամ Հրաչյա Սարգսյանը։ «Չնայած բազմիցս մասնակցել ենք նախորդ ընտրություններին եւ պարտություն ենք կրել (այդ պարտությունը վերագրվեց ընտրությունների անկատար մեխանիզմին միայն- Լ. Ա.), ընտրությունները կամայական են եղել, փաստորեն ուժային ձեւով են իրականացվել։ Այս իմաստով մենք չենք եղել այս ԱԺ-ում»։ Նշեց, որ ինքը կրթության եւ գիտության ներկայացուցիչ է, մասնակցել է «Կրթության մասին» օրենքի նախագծին, բայց քիչ անց պարզվեց, որ այդ օրենքից կարեւոր կետեր պարզապես մոռացել է։ Մեջտեղ բերելով իր եւս մի քանի արժանիքներ՝ պրն Սարգսյանը նշեց նաեւ գյուղատնտեսության ոլորտին իր ծանոթ լինելու փաստը։
«ԱՀԱ»-ի ֆինանսական միջոցները գումարվում են անդամավճարներից։ Կուսակիցների թիվը նախագահը հարմար չգտավ բարձրաձայն նշել, փոխարենն ասաց, որ ՀՀ օրենքը թույլ է տալիս 3 հոգուն կուսակցություն կազմել։ «ԱՀԱ»-ն համոզված է, որ անպայման հաղթահարելու է 5% արգելանքը։ Կուսակցության անվանումը պրն Մնացականյանն այսպես մեկնեց. «Ազատ-ը մարդուն ի ծնե տրված պարգեւն է, Հայք-ը Հայկ Նահապետի՝ մեզ ժառանգած երկիրն է, Առաքելությունը՝ կազմակերպության անդամների նպատակը՝ ազատ հայրենիք»։ Կուսակցությունը նյութական վատ վիճակում է եւ հեռուստատեսությամբ երեւալու համար գումար չունի։ Պրն Մնացականյանը միամիտ ու անմիջականորեն ներկայացրեց իրենց ֆինանսական կացությունը։ Ինչեւէ։
Կարդացեք նաև
«ԱՀԱ»-ի համամասնական ցուցակն ունի 11 թեկնածու, մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են 2-ը։ Այստեղ դարձյալ իր անձի կարեւորության գիտակցությունն արթնացավ Հրաչյա Սարգսյանի մոտ եւ նա բարկացած նկատեց, որ իր մասին շատ ասեկոսեներ կան տարածված, բայց դրանք իրականությանը չեն համապատասխանում։
Չգիտեմ, թե ինչ հիմքեր է տեսնում պրն Մնացականյանը, երբ վստահորեն ասում է, թե «ԱՀԱ»-ն 5 % արգելանքը կանցնի։ Բայց ինչպես «Ռեւիզորում» է ասվում՝ լա՛վ, թող այդպես լինի։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ