Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿ ԴԵՐԱՍԱՆԻ ԹԱՏՐՈՆ

Մայիս 12,1999 00:00
Ruben Mirzaxanyan

 ՀՌԱԿ-ը յուրօրինակ մոտեցում է դրսեւորում նախընտրական քարոզարշավ կոչվածին։ Ուրիշները սեփական ոտքով կամ մեքենայով գնում են ժողովրդի մեջ, ռամկավարներն այդ բանն անելու փոխարեն, ժողովրդին են հրավիրում Թեքեյան մշակութային կենտրոն։ Երեկ հերթական քարոզարշավի էին հրավիրված մտավորականները։

Հենց սկզբից ասեմ, որ տիկին Սիլվա Կապուտիկյանը մտավորականների այս փնջում չկար, բայց կային Հրաչուհի Ջինանյանը, Անահիտ Սահինյանը եւ մյուսները։ Հանդիպման սկզբում ինչպես որ կարգն է խոսեց ՀՌԱԿ ատենապետ, կուսակցության համամասնական ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրած Ռուբեն Միրզախանյանը։ Հենց որ պարոն Միրզախանյանը սկսեց խոսել, մտածեցին՝ք սկսվե՜ց… Իրոք, պարոն Միրզախանյանը ներկայացրեց ՀՌԱԿ նախընտրական թեզիսները։ ՌԱԿ-ինը դեռեւս հիմնադրույթներ են, դրանք հիմնարար մոտեցում կդառնան միայն ժողովրդի հետ հանդիպումներից հետո։ ՌԱԿ-ը հատկապես է կարեւորում մշակույթի տեղն ու դերը մեր հասարակության համար։ Ատենապետը մտահոգությունների մի երկար շարք թվարկեց։ Յուրաքանչյուր մտահոգությունից հետո մշակութասեր եւ մշակութաբան լայն հասարակայնությունը հավանության ձայներ էր արձակում։ Պարոն Միրզախանյանին մտահոգում է մշակույթի վիճակը, թատրոնի այսօրն ու վաղը, կինոյի անմխիթար վիճակը։ Կրթական համակարգի մասին էլ բավականին ասելիք կար, մոտավորապես հետեւյալ մոտեցմամբ՝ եթե պետությունը չի կարողանում պահել պետական ուսումնական հաստատությունները, ինչո՞ւ դրանց թիվը չի կրճատում։

Իսկ կոոպերատիվ ինստիտուտներն անցյալի՝ կոոպերացիայի մնացուկ են։ Հետո էլ հերթը հասավ կյանքի այլ ոլորտներին։ Կարծում եք ՌԱԿ-ը միայն մշակույթն է գնահատո՞ւմ։ Ամենեւին։ ՌԱԿ ատենապետը կհանդիպի նաեւ արդյունաբերողներին, գործարարներին, նաեւ վաճառականներին («այդպիսիք էլ կան մեր հասարակության մեջ»)։ Սփյուռքը եւս չմոռացվեց, սփյուռքը վստահությունը կորցրե՜լ է։ Խոսքը երկարեց-երկարեց, իսկ մտավորականների գլուխները կախվեցին։ Հոգնեցին մարդիկ։ Տեղից մեկ-երկու կցկտուր հարցեր հնչեցին։

… Նստած մտածում եմ՝ հանդիպումը ոնց որ թե չի ստացվում, ձանձրույթն էր շատ, խոսքն ու զրույցն էին խիստ ծամծմված։ Վերջ, նյութս չի ստացվելու։ Բայց իմ բախտից Լեւոն Հախվերդյանը տեղում տիտիկ չէր անում. «Արա, հեչ խոսացող չկա՞»։ Տեսավ բան դուրս չի գալիս, ինքը վեր կացավ, կանգնեց կենտրոնում։ Կանգնեց ու փրկեց հանդիպումը, համ ու հոտ տվեց։ Հայտնի բաներ ասաց, բայց այնպես ասաց, որ քնածներն արթնացան, իսկ արթուններն՝ աշխուժացան։ Լեւոն Հախվերդյանի «սա ինչ բան է» հարցը հնչում էր նաեւ որպես «վաս իզ դաս»։ «Այ մարդ, մենք Ամերիկայի գերի՞ն ենք»,- հարցնում էր ակադեմիկոսը, հետո էլ Հարավսլավիայի առիթով՝ «թաղեմ դրանց», քիչ անց՝ «Սելենջերին գլխիս վրա դրած ունեմ»։ Երբ բավականին խոսել էր. «երկարացնում եմ, հա՞»։ Հանդիսատեսը զմայլված էր. «Չէ, նոր ես սկսել»։ Դե, որ նոր է սկսել, ինչո՞ւ չշարունակի՝ լեզու չունե՞նք. «Ի՞նչ լեզու է հնչում հեռատեսիլով, ի՞նչ հայերեն է մեր մամուլի լեզուն»։ Իսկապես՝ ի՞նչ լեզու է։ Լեւոն Հախվերդյանը հազաց. «Մի բաժակ ջուր դրեք»։ Դրեցին։ «Սա ի՞նչ բան է, «վաս իզ դաս?»։ Իսկ ընդհանրապես, ինչո՞ւ են «մեզ էշի տեղ դրել», զայրանում էր հարգարժան ակադեմիկոսը։ Իսկ վերջաբանին մի քիչ ավելի մոտ Լեւոն Հախվերդյանն ասաց. «տո ավելի լավ է մի հատ դիկտատոր լիներ»։ Տեղից մեկը ծափահարեց։

Հեռուստաալիքներն էլ շատացել են ի հեճուկս գրողների. «խլում են մեր ընթերցողներին, խլում են մեր դպրոցականներին, ուսանողներին»։ Խլեն-չխլեն, միեւնույն է, գրողը գրելու է, դերասանը խաղալու է, ճարպիկ թեկնածուն պատգամավոր է դառնալու, հանդիսատեսը ծափ է տալու։ «Որտեղից գտնենք կարգին մարդիկ, մի՞թե հայ ժողովրդի արգանդը չորացել է, եւ ով մեջտեղ է գալիս ուզում է մի բան պլոկած լինի։ (…)»։ Վերջում բոլոր խնդիրների լուծման բեռը դրվեց Ռ. Միրզախանյանի ուսերին։ Միրզախանյանն էլ կարծես թե դժգոհ չէր։ Ինչ քաջ, համարձակ, ուժեղ եւ կարգին թեկնածուներ ենք ունեցել ու չենք իմացել։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31