Մայիսի 11-ի հեռուստաքարոզարշավը բնութագրելու համար «Առավոտը» փոխառեց այդ արտահայտությունը
… Տիգրան Հակոբյանից, որ գովազդում էր «Շամիրամին»։ Ի դեպ, նրա հետ միասին այդ գործին էին լծվել «տղամարդկանց լավագույն կեսից»՝ Արամ Աբրահամյանը, Վլադիմիր Նազարյանն ու Խաչատուր Սուքիասյանը։ Բայց Տիգրան Հակոբյանը բոլորին յուրօրինակությամբ գերազանցեց։ Նախ հայտարարեց, թե հենց «քաղաքական քամիներն այլ ուղղությամբ են փչում՝ տղամարդիկ չոքում են», եւ քիչ անց ազդարարեց, թե իր պես «երրորդ աստիճանի թարմության տղամարդու համար այդ առումով բարոյականության չափանիշը «Շամիրամն» է»։ Դե ինչպես չզուգահեռես սա «Վարպետը եւ Մարգարիտան» վեպի հերոսի բացատրությանը, թե երկրորդ աստիճանի թարմության սաղմոն չի լինում։ Սաղմոնի պես, տղամարդիկ էլ են ունենում միայն առաջին եւ վերջին՝ միակ աստիճանի թարմություն։
… «Կոմունիստական եւ սոցիալիստական կուսակցությունների միություն» դաշինքն էլ է իր համար հեղինակավոր գովազդային գործակալ գտել՝ իրենց ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող Երվանդ Մանարյանն է, Ագուլիս տիկնիկային թատրոնի տնօրենը։ Իհարկե, ԱԺ-ն ճիշտ տիկնիկային թատրոնի վարպետների տեղն է։ Եվ իզուր էր, պրն Մանարյանը երկար-բարակ բացատրում, թե ինչ գործ ունի այնտեղ եւ, որ բարոյական դաշտը կարգավորելը հենց ի՛ր բնագավառն է։
… Մի թատրոն էլ «Առաքելություն» կազմակերպությունն էր բեմադրել։ Նրանց գովազդային հոլովակի հերոսուհին աջ ու ձախ հարցնում էր. «Վազգեն Մանուկյանը կճանչնա՞ս։ Էնիկ մեր ցուցակի 6-րդն է։ Գնա «Առաքելությանն» ընդրե։ Սերգեյ Բադալյանը կճանչնա՞ս…» եւ այսպես շարունակ։ Գյումրեցիների հումորը՝ հումոր, բայց արդյոք սա ընտրողներին մոլորեցնելու փորձ չէ՞։
Կարդացեք նաև
… Հայկոմկուսի ցուցակում 18-րդ հորիզոնականը զբաղեցնող Սուրեն Եղիազարյանն ազդարարեց, թե ինքն «անընդմեջ կոմունիստ է»։ Սա էլ յուրօրինակ՝ «ընդմիշտ կոկա-կոլա»։ Եվ կոմունիստների՝ «Կրկին մղենք ժամանակն առաջ» կարգախոսին էլ ուզում ես պատասխանել՝ «Կրկին փորձեք»։