Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱԻՄ-Ի ԵՎ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Մայիս 12,1999 00:00
Arshak Sadoyan

Իսկ ավելի ստույգ՝ ընդդեմ քվեարկությունների հնարավոր գաղտնազերծման

«Ես տեղեկացա, որ որոշ կուսակցություններ ու անհատ պատգամավորներ իբրեւ թե պայմանագրեր են կնքում ընտրողների հետ եւ փորձում, խախտելով ընտրության գաղտնիությունը՝ իրենց համար ձայներ ապահովել,- «Առավոտին» ասաց Արշակ Սադոյանը։- Ցավոք սրտի, դա անում են բավական մասնագիտացված ձեւով։ Անձնագրերի համարներն են գրում՝ ստորագրությունները հետագայում կեղծելու հնարավորություն ստեղծելով։ Նման մոտեցումն ուղղակի քրեորեն պատժելի է՝ իրավունք չունեն ընտրությունների գաղտնիությունը խախտել նախնական պայմանագրերով եւ այլն։

Ցավոք սրտի, նման գործելակերպ է որդեգրել նաեւ, ինձ հասած տեղեկություններով, ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը։ Սա բացարձակապես անթույլատրելի է խորհրդարանի ղեկավարի համար։ Ես որոշակի տվյալներ ունեմ, որոնք ստացել եմ իր ընտրատարածքից։ Ինձ արդեն 2-3 ընտրողներ են դիմել այդ հարցով եւ, ամենայն հավանականությամբ, այդ փաստերն իրականությանը համապատասխանում են»։

Պրն Սադոյանի այս հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով նախ դիմեցինք Խոսրով Հարությունյանի նախընտրական շտաբի ղեկավար Ադամ Փափազյանին։ Նա կտրականապես հերքեց, թե իրենք անձնագրերի համարներ կամ որեւէ այլ տվյալներ են հավաքում. «Խոսրով Հարությունյանի շտաբից որեւէ մեկը նման հրահանգ չի տվել եւ ոչ մեկը նման գործունեություն չի ծավալել։ Սա Խոսրով Հարությունյանի չորրորդ ընտրությունն է եւ մենք հրաշալի գիտենք, թե ինչ կարելի է անել կամ ինչ չի կարելի։ Օրենքից դուրս որեւէ քայլ չի արվել՝ ոչ մեկից անձնագրի տվյալ կամ ստորագրություն չենք վերցրել։ Իսկ Արշակ Սադոյանի հայտարարություններին, կարծում եմ, բոլորս էլ սովորել ենք»։

«Լափված» գումարների եւ էներգետիկ հանցագործությունների մասին Արշակ Սադոյանի հայտարարություններին էլ էին բոլորը հասցրել սովորել եւ լուրջ չէին ընդունում։ Բայց դատախազությունն ի վերջո քրեական գործ հարուցեց, որի առիթը նրա հայտարարություններում պարունակվող փաստերը պարզելն էր։ Ուստի այս անգամ էլ չարժեր անտեսել «ժողովրդական տրիբունի» հայտնած տվյալները։

Ակնհայտ էր, որ Արշակ Սադոյանի խոսքի առաջին հատվածի ակնարկները վերաբերում են ընտրողների հետ ԱԻՄ-ի կնքած պայմանագրերին, ուստի «ԱԻՄ+» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Մեխակ Գաբրիելյանին խնդրեցինք մեկնաբանել Սադոյանի այն տեսակետը, թե սա ընտրության գաղտնիության խախտում է. «Ընտրական օրենսգրքի» բացահայտ չիմացության արդյունքն է նման արտահայտություն անելը։ Նման մարդկանց խորհուրդ կտայի լավ ուսումնասիրել «Ընտրական օրենսգիրքը» եւ տեսնել, որ այնտեղ քվեարկության գաղտնիության մասին է խոսքն, այսինքն՝ այն խցիկի, որտեղ մարդը պիտի քվեարկի եւ միայն իր խղճի եւ Աստծո առաջ պատասխան տա։ Իսկ մեր պայմանագիրը զուտ բարոյական իմաստ ունի՝ մարդուն հիշեցնում ենք մեր մասին։ Քարոզչության ընթացքում ձեռք բերվող բանավոր համաձայնությունը մենք վերածել ենք գրավորի։ Եվ հետո այդ փաստաթուղթն առավել մեզնից պահանջելու գործիք է լինելու ընտրողի ձեռքին՝ «Ձեզ հետ պայմանագիր եմ կնքել եւ հիմա ԱԻՄ-ից պահանջում եմ այս եւ այլ խնդիրների պատասխանը»։ Հիմնականում չեզոք, չկողմնորոշված եւ ընտրություններին չմասնակցելու մտադրություն ունեցողների հետ ենք պայմանագրեր կնքում։ Այդ առումով, շատ մեծ արդյունքներ ենք ստացել»։ Ի դեպ, պրն Գաբրիելյանը ծիծաղեց մեր այն հարցին ի պատասխան, թե քանի պայմանագիր են մտադիր կնքել ընտրողների հետ, ասաց՝ «դա գաղտնիք է»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Ակնկալում ենք, որ պրն Սադոյանը եւ նրան Խոսրով Հարությունյանի վերաբերյալ տեղեկություններ փոխանցածները կփորձեն հաստատել դրանց իսկությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31