Մի քանի օր առաջ Արթուր Բաղդասարյանի կողմնակիցների կողմից ծեծի է ենթարկվել թիվ 21 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու Աշոտ Մանասարյանի նախընտրական շտաբի ղեկավարը։ Հաջորդ օրը ծեծողները համանման պատասխան են ստացել, եւ հարցը տղայաբար փակվել է։ Հիշեցնենք, որ Աշոտ Մանասարյանը Արթուր Բաղդասարյանի ամենալուրջ հակառակորդն է։
ԳՐԵԹԵ ԱՆԳԼԻԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ-1
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մայիսի 10-ին հյուրընկալվել էր ԱԺ համանուն հանձնաժողովում։ Հանդիպման ընթացքում Շավարշ Քոչարյանը, բնորոշելու համար Հայաստանի ժողովրդավարության մակարդակն, ասել է. «1996-ին մեր թեկնածուն հաղթեց ընտրություններում, բայց մենք այժմ ընդդիմություն ենք» եւ նայել Հովհաննես Իգիթյանին, քանզի «նետը» նրա ուղղությամբ էր արձակված։ Վերջինս էլ իր հերթին հայտարարել է. «Անհեթեթն այն է, որ մեր թեկնածուն էլ էր հաղթել 1996-ի ընտրություններում, բայց մենք էլ ենք այժմ ընդդիմություն»։
Կարդացեք նաև
Մի քանի լրագրողների ներկայությամբ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն ԱԺՄ վարչության անդամ Շավարշ Քոչարյանին հայտնեց. «ՀՀՇ էին զանգել Մալաթիա-Սեբաստիա համայնքից եւ մեր խորհուրդն էին հարցնում, թե ում ընտրեն։ Ես էլ առաջարկեցի, թե ձեր ձայնը տվեք Քոչարյանին ընդդիմադիր ցանկացած կուսակցության։ Ճշտեցի, որ այդ ընտրատարածքում ԱԺՄ անդամ կա եւ ասացի, որ նրան ընտրեն»։ Շավարշ Քոչարյանի դեմքին երախտագիտության փոխարեն վախ երեւաց. «Հովիկ ջան, խնդրում եմ, հանկարծ նույնը հեռուստատեսությամբ չասես»։