Հանցագործությո՞ւն ընդ հանցագործության, անբարոյականությո՞ւն ընդ անբարոյականության, դիկտատուրա՞ ընդ դիկտատուրայի, Գեւորի՞կ ընդ Գեւորիկի
Հարգարժան խմբագիր, Ձեր թերթի մայիսի 6-ի համարում տպագրվել է Նաիրա Հովհաննիսյանի՝ չակերտներում մեջբերված «Վերցրե՛ք ընտրակաշառքը, բայց ձեր ձայնը տվեք Դաշնակցությանը» հրապարակումը։ Եթե հրապարակման մեջ եղած մտքերը չի արտասանել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանը, ապա, կարծում եմ, որ լրագրողին պետք է դատի տալ, իսկ եթե այդ մտքերն իրոք պրն Հովհաննիսյանինն են, ապա թույլ տվեք Ձեր թերթի միջոցով փոխանցել տագնապս։ Կաշառակերությունը եւ կաշառատվությունը բոլոր երկրներում քրեորեն հետապնդվող արարքներ են, նույնիսկ դրանց կոչերի (դրդում) համար են սահմանված տարբեր պատժաչափեր։ Բացի այդ, ե՛ւ կաշառակերությունը, ե՛ւ կաշառատվությունը անբարոյականություն են։ Հանցագործության եւ անբարոյականության կո՞չ է անում ավելի քան հարյուրամյա կուսակցության այժմյան առաջնորդը։ Անձամբ ես, Պահպանողական կուսակցության անունից հայտարարում եմ՝ կաշառք տալն ու վերցնելը հանցագործություն են ու անբարոյականություն, դրանց կոչելը՝ նույնպես. թող կաշառակեր եւ կաշառատու հանցագործներն ու անբարոյականներն իրենց ձայները տան բացառապես նրանց, ովքեր կողմ են այդ գաղափարաբանությանը՝ չարատավորելով բարոյական կուսակցությունների ու անձանց անունները։ Նմանն զնմանս գտանէ։
Պրն Հովհաննիսյանը մեր պետության առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի (որի օրոք, ի տարբերություն «հարատեւ կռվի» կուսակցության ու նրա չորս վարչապետների, ոչ թե հայրենիքի հսկայական տարածքներ ու պետություն է կորսվել, այլ վերականգնվել է ու ընդարձակվել) մասին խոսելիս ասում է. «…ինքը պետք է սովորի բերանը բացել համեստորեն»։ Այդ բռնապետական «պետք է»-ն մի կողմ թողնելով՝ պրն Հովհաննիսյանը նույն պահին ասում է. «Դեմդ լուրջ մրցակից երբ չկա, տխուր է աշխատել։ Իսկ Գեւորիկը դա կերպար էր»։ Գեւորիկի տեսլականն ունեցող ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցչի խնդիրն է իրեն մրցակից փնտրելը, իսկ մեր իրավունքը՝ տարակուսելը. մի՞թե իրոք նմանն զնմանս գտանէ։
Այն կառույցում, որտեղ խորհրդական է պրն ներկայացուցիչը, սիրում էին կրկնել տղամարդկության մասին (գուցե այդ վատ խորհո՞ւրդն էլ պարոն Հովհաննիսյանն է տվել). այդ դեպքում ի՞նչ է նշանակում «դեմդ լուրջ մրցակից չկա»-ն. դարձյա՞լ սեռական պաթոլոգիա, մի՞թե այն մրցակից է համարվում։ Իսկ գալով «լուրջ»-ին՝ մեր պետության նախագահին խնդրենք լրջության ընկալման այդ կերպը համակշռելու համար մեկ անգամ եւս կարդալ Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Դաշնակցությունն այլեւս անելիք չունի» օրահունչ գիրքը։ Եթե լրջություն ասվածը հսկայական երկիր ժառանգելուց հետո հայ կոմունիստներին առանց Կարսի, Արդահանի, Նախիջեւանի ու այսօր համայն հայության համար թիվ մեկ խնդիր դարձած Արցախի՝ մի բուռ քայքայված «հայրենի անկյուն» (բնորոշումը ՀՅԴ-ից վտարված հանճարեղ Նժդեհինն է) թողնելն է, ապա ափսոսում եմ մեր նախագահին՝ խորհրդականին տեսնելով։
Կարդացեք նաև
Կա «լուրջ»-ի երկրորդ կողմն էլ։ Այն տարածքում, որտեղ իր թեկնածությունն է առաջադրել պրն Հովհաննիսյանը, առաջադրված են հարգանք վայելող պրոֆեսոր Ռաֆիկ Պետրոսյանը, նվիրյալ հայորդի Շանթ Հարությունյանը, ես, որի մասին ընտրատարածքի բնակչությունը գիտի մանկուց, խմբագրած թերթերից ու մանկավարժական գործունեությունից, եւ ՀՀ այլ հարգարժան քաղաքացիներ։ Մի՞թե հենց իրեն՝ պրն Հովհաննիսյանին չի կարելի հիշեցնել նույն հրապարակման մեջ եղած հենց իր խոսքերը. «Այդ մարդը բերանը բացելուց չի մտածում՝ ինչ է խոսում, խոսում է անհավասարակշռված եւ փաստորեն ինքը հասցնում է վիրավորանքներ մարդկանց՝ իբր փաստ ներկայացնելով կեղծ ինֆորմացիա»։
Խոսելով մամուլի մասին՝ պարոն խորհրդականն ասում է. «Որոշները կուզեի ընդհանրապես չտեսնել»։ Նորի՞ց սողացող դիկտատուրա. չէ՞ որ ժամանակին մեծ ցավ ապրեցինք, երբ փակվեցին դաշնակցական թերթերը, պայքարեցինք դրանց վերաբացման, նույն Վ. Հովհաննիսյանի եւ իր ընկերների ազատ արձակման համար։ Իսկ այսօր, ինքը խոսելով պետության առաջին նախագահի մասին, ասում է. «Մենք հո չե՞նք ուզում իրան անպայմա՛ն բանտ նետել»։ (Ի դեպ, ինձ իրավունք չեմ վերապահում ուղղել հռետորի ոչ հայերեն ու անգրագետ հայերենով արտահայտած մտքերը)։ «Հարատեւ կռվի» կուսակցության թիվ մեկ ներկայացուցիչն իր քաղաքական ու քաղաքացիական կեցվածքով ստիպում է վախենալ մեր Երրորդ հանրապետության վաղվա համար. չլինի՞ թե այն էլ դատապարտեն Առաջինի ճակատագրին. չէ՞ որ նա մեր պետության նախագահի խորհրդականն ու ավանդներ (դրական, թե բացասական՝ էական չէ) ունեցող կուսակցության դեմքն է։ Եթե մեր պետությունը 1918-20 թթ. հանրապետության օրինակով պիտի նետվի անդունդը, եթե հարատեւ կռիվն ու պատերազմն է լինելու մեր խաչը, եթե 19-րդ դարի ասիական, դիկտատուրական երկիր պիտի լինի ՀՀ-ն, ապա ես, որ ոչ մի անգամ ձայն չեմ տվել Լեւոն Տեր-Պետրոսյանին ու իր կուսակցությանը, որ ի տարբերություն բանտում կոմֆորտի մեջ հայտնված դաշնակցական առաջնորդի՝ նրա օրոք ենթարկվել եմ ամենադաժան խոշտանգման, Տեր-Պետրոսյանի վերադարձի համար «ազգովին խնդրողներից» առաջինն եմ հայտարարում ինձ։
Թե քաղաքականությունն անբարոյականություն է՝ տարածում են անբարոյականները։ Նորմալ մարդու երազանքը Բարոյական, Իրավական եւ Ժողովրդավարական Հայաստանն է։
ՄԻՔԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Պահպանողական կուսակցության նախագահ