Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԱՎ-ԱՐԵՎԵԼՅԱՆ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Մայիս 11,1999 00:00
miasnutyun

«Միասնություն» դաշինքի կողմից քարոզարշավը հարավ-արեւելյան ուղղությամբ սկսելը, ըստ երեւույթին, պատահական չէ։ Այս ուղղությունը, թերեւս այն ուղղությունն է, որտեղ դաշինքի ղեկավարներից միայն Դեմիրճյանը չէ, որ մեծ հեղինակություն է վայելում։

Առաջին փուլում դաշինքի ղեկավարներն ու պատվիրակությունը այցելեցին Արարատի, Վայոց ձորի եւ Սյունյաց մարզի քիչ թե շատ մեծ բնակավայրերը։ Թեպետ դա ամենեւին էլ չի նշանակում, որ Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին ուղեկցող մեքենաները կանգ էին առնում միայն այն կետերում, որտեղ նախօրոք պլանավորված էր։ Իմպրովիզներն ավելի քան շատ էին այս առումով։ Ճանապարհի վրա գտնվող գրեթե ամեն գյուղում՝ սեղանները գցած, պատրաստ սպասում էին։ Սա ավելի շատ տեղի բնակիչների՝ Դեմիրճյանին եւ Սարգսյանին տեսնելու, նրանց իրենց դարդերը պատմելու ցանկությունն էր, քան՝ տեղական իշխանությունների կողմից պարտադրված գործողություն։ Թերեւս սա էր պատճառը, որ «Միասնություն» դաշինքի բոլոր հավաքները հախուռն էին եւ շատ բազմամարդ։

Հարավ-արեւելյան ուղղության առաջին էտապը Արարատի մարզն էր, որտեղ Վազգեն Սարգսյանը բավականին մեծ հեղինակություն ուներ՝ իր այդտեղ ծնված լինելու պատճառով։ Հաջորդ երկու մարզերում՝ Վայոց ձորի եւ Սյունիքի, նրան ճանաչում են որպես իրենց անմիջական, ռեալ ղեկավար։ Երկուսն էլ մարտական գործողությունների մասնակցած մարզեր են, ունեն բացառիկ ռազմավարական նշանակություն Հայաստանի համար, եւ Վազգեն Սարգսյանին այստեղ անձամբ շատերն են ճանաչում։ Խոսքս ավելի պարզեցնելու համար ասեմ, որ Գորիսի փողոցում Վազգեն Սարգսյանին նույնքան անպատիժ չես հայհոյի, որքան ասենք Երեւանում կամ Գյումրիում։ Այստեղի ջոկատների մարտիկները խիստ հարգանքով են խոսում պաշտպանության նախարարի մասին եւ հաճախ այդ համակրանքը պարտադրում իրենց շրջապատին։

Ինչեւէ, առաջին էտապում քարոզարշավի հետ կապված առանձնապես էքսցեսներ չգրանցվեցին, թեպետ մեծ քաղաքներում փորձեր լինում էին։ Հիմնականում դրանք լինում էին Դեմիրճյանին ուղղված հարցի ձեւով, թե ինչու վերջինս միացավ Վազգեն Սարգսյանի հետ։ Պետք է ասել, որ Կարեն Սերոբիչը այդ եւ նման «սուր» հարցերի տակից շատ հանգիստ դուրս էր գալիս, բավականաչափ լավ հիմնավորում էր իր ասելիքը եւ, կարելի է ասել, որ այսօրվա ընտրարշավում դժվար թե որեւէ այլ քաղաքական գործիչ այդքան պատրաստված լինի, որքան նա։

Օրինակ, Արտաշես Գեղամյանի Գորիս կատարած այցելության ժամանակ, երբ հավաքվել էին առավելագույնս 60-70 մարդ, նման փորձ եղավ։ Երբ տեղի երկրապահներից մեկը փորձեց «սուր» հարց տալ Գեղամյանին, վերջինիս կանգնեցրեց շատ շահեկան պատասխան տալու հնարավորության առջեւ, ինչից Գեղամյանը պարզապես չկարողացավ օգտվել։ Արտաշես Գեղամյանի ճառի ավարտից հետո, հարցուպատասխանի ժամանակ, կաշվե անձրեւանոցով մի տղա բարձր տոնով հռետորին հարցրեց. «Բոլորդ գալիս, նույն բանն եք ասում։ Աշխատանք տվեք, որ երեխաներին կարողանանք կերակրել։ Ես կռված տղա եմ եւ այսօր անգործ»։ Ի պատասխան, Գեղամյանը տղայի ձեռքը կպցրեց իր կրծքին՝ ասելով, որ այնտեղից ոսկոր է պակասում եւ իրեն վիրավորված լինելով չես զարմացնի։ Դրանից հետո երիտասարդին, որը, պարզվեց, եղել է վաշտի հրամանատար, ԻՄ-ի կողմից պաշտպանվող Գորիսի թեկնածուի ներկայացուցիչները հնարավորության սահմաններում «մեղմ» նստեցրեցին երիտասարդի «Վոլգան» եւ ճանապարհեցին հրապարակից։ Կարեն Սերոբիչը նման իրավիճակներից առավելագույնն էր քաղում։

Պատրաստվածության համեմատականությունն ընդգծելու համար բերենք եւս մեկ փաստ։ Եթե Դեմիրճյանը ամեն մի բնակավայրում հիշում է, թե ինչպես էին կառուցում կամ բացում որեւէ արտադրական օբյեկտ, կուլտուրայի տուն կամ նման ինչ-որ բան, եւ տեղացիների համար հարազատ թեմատիկայի միայն անդրադառնում, ասենք՝ Մասիսում բանջարեղենի արտադրություն, Արտաշատում՝ խաղող, Ջերմուկում՝ հանքային ջուր, Սիսիանում՝ անասնապահություն, ապա Գեղամյանը ամեն տեղ միեւնույն քարոզն է, ըստ երեւույթին, անում։ Համենայնդեպս, ինձ խիստ զարմացրեց, երբ Գեղամյանը Գորիսի հրապարակում սկսեց ցավ հայտնել Պարսկաստանից բերվող էժանագին սպիրտի վաճառքի արդյունքում Արարատյան դաշտի խաղողի այգիների կորստի առնչությամբ։ Վերստին անդրադառնանք «Միասնության» գործողություններին եւ պատվիրակության ընդունելություններին։ Հետաքրքիր է, բայց այնտեղ, որտեղ տեղի իշխանությունները ճոխ ընդունելություն էին կազմակերպում, քարոզարշավն այնքան էլ հաջող չէր ստացվում։ Առայժմ, այս առումով, «ամենակազմակերպվածը» եղել է Վայքի ընդունելությունը։

Քաղաքի ստադիոնում, մինչեւ պատվիրակության հասնելը, փոքրիկները «Մակարենա» էին պարում, չափահաս բնակչությունը նստած էր տրիբունայում, իսկ ստադիոնում հյուրերի համար ճոխ բազկաթոռներ էին դրվել։ Ավելի քան 10 մետր հեռավորությունից քարոզելը Դեմիրճյանի ու Սարգսյանի համար ավելի բարդ էր, քան այն հրապարակներում, որտեղ առկա էր անմիջական շփումն ընտրողների հետ։ Ի դեպ, նույն Վայքում ամեն ինչ այն աստիճան էր կանոնակարգված, որ ոստիկանները նույնիսկ զարմանում էին, որ լրագրողներին դաշտ են թողնում։ Ի տարբերություն սրա, «քոչարիով» պատվիրակությանն ընդունող Ջերմուկում, Մեղրիում կամ Քաջարանում ընտրողների հետ հանդիպումները շատ բուռն ու ջերմ էին անցնում՝ առանց արհեստական ծափերի, կեցցեների եւ ճոռոմ ճառերի։ Արդեն գրել ենք, որ Ագարակում տեղատարափ անձրեւը չկարողացավ հրապարակից քշել թե՛ լսողներին, թե՛ հռետորներին։

ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31