Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ՉՄԱՐՍԱԾ՝ ԳՆՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Մայիս 11,1999 00:00
Toto

Դատարաններն ինչպե՞ս կլուծեն ընտրավեճերը

«Բոլոր նախադրյալները կան քավության նոխազ դարձնել դատական համակարգը»,- մայիսի 8-ին հրավիրված սեմինարի ժամանակ ասաց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Քննարկման նյութ էին դարձել ընտրական իրավունքի դատական պաշտպանության, ընտրավեճերի իրավական կարգավորման եւ ընտրական օրենսգրքի կիրառության հարցերը։

Վիճակն այսպիսին է ընտրություններից 20-21 օր առաջ. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ մնացյալ հանձնաժողովները հաստատեցին, փաստորեն, այն ցուցակները, որոնցում կային անճշտություններ, կեղծիքներ։ 46 հազար եւ ավելի անճշտություններ, ընտրակեղծիքներ են հայտնաբերվել (մասնավորապես՝ համամասնական ընտրակարգով կուսակցությունների եւ դաշինքների ներկայացրած) ընտրողների ցուցակներում, իսկ թե դրա իրավական հետեւանքներն ինչպիսի՞ն են եղել, գնահատականների եւ պատժի արժանացե՞լ են, առ այս պահը կարող ենք ասել, որ քաղաքական գնահատականներից այն կողմ չի անցել։ Ահա թե ինչու էր անհանգստացած Վճռաբեկ դատարանի նախագահ Հենրիկ Դանիելյանը, երբ ասում էր, թե ընտրություններից հետո այս դահլիճի վրա է դրվելու պատասխանատվությունը։ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի գնահատականը ճշմարտությանն ավելի մոտ է. ընտրություններ անցկացնող-վերահսկող բոլոր մարմիններն անպատրաստ են։ Անպատրաստ են եւ ընտրություններից մի քանի օր առաջ ԿԸՀ նախագահ նշանակվածը, հանձնաժողովների անդամները (մոտ 1903), որոնք նաեւ ժամկետային իմաստով չեն հասցրել ուսումնասիրել, մարսել օրենսգիրքը, եւ, հետեւաբար՝ ընտրական օրենսդրական բազան, ինչպես 1995-ին, 1998-ին, այնպես էլ հիմա ստեղծվել է մինչեւ ընտրությունները։

Վերջնակա՞ն, եւ… կամայակա՞ն

Ընտրությունների հետ կապված վեճերի առնչությամբ ՍԴ նախագահն ընդհանուր իրավասության դատարանների դատավորների ուշադրությունը հրավիրեց «ՍԴ մասին» օրենքի 57 հոդվածի վրա, ըստ որի ընտրական վեճին (կամ քննվող գործին) «առնչվող փաստական հանգամանքները քննության առարկա չեն կարող հանդիսանալ»։ ԻՆչո՞ւ շեշտվեց սա. պարզվում է՝ «որպեսզի անհիմն ակնկալիքներ եւ անտեղի դժգոհություններ չառաջանան»։ Ընդհանրապես, ընդհանուր իրավասության դատարանների խնդիրն է գնահատել ընտրական գործընթացում նկատված իրավախախտումները՝ ապահովելով ընտրությունների նախապատրաստումից մինչեւ քվեարկության իրականացման փուլերում ընտրական իրավունքի պաշտպանությունը, որից հետո միայն ՍԴ-ն կարտահայտի իր դիրքորոշումը ԿԸՀ-ի (համամասնականի դեպքում) եւ մարզային ընտրականի նկատմամբ (մեծամասնականի դեպքում)՝ հենվելով ընդհանուր իրավասության դատարանների վճիռների, ընտրական հանձնաժողովների որոշումների վրա։ «Ամեն մի դատավոր պետք է գիտակցի, որ ընտրություններին առնչվող յուրաքանչյուր վճիռ՝ իր որոշակի ու ածանցյալ հետեւանքներով դուրս է գալիս կոնկրետ գործի շրջանակներից»,- ասաց Գ. Հարությունյանը։

Դրսից տղա բերվեց կրկին

Սեմինարին տեղեկացանք նաեւ, որ ընտրություններին հրավիրվել են Եվրախորհրդի դատական փորձագետներ, որոնց կտրվեն ՍԴ մուտք եղած գործերի բոլոր նյութերը։ Իր համաձայնությունն է տվել Վենետիկի հանձնաժողովի կողմից ընտրված Ֆրանսիայի ՍԴ խորհրդի անդամը։

«Ընտրական օրենսգրքի» համաձայն, առաջին ատյանի դատարանն է կայացնում վերջնական որոշում։ Գերիշխողը երկու կարծիքներն էին.

– Մենք իրավունք չունենք, որ նման իրավունքը (վերջնական որոշում կայացնելու) դրսեւորվի որպես կամայականություն։

– Արդեն կան դատական որոշումներ, որոնցում, մեղմ ասած, յուրովի է ընկալվել վերջնական որոշում կայացնելու իրավունքը։

Խոսվեց նաեւ անճշտությունների թվի որոշման մասին, ինչը դատավորներից մեկի կանխատեսմամբ ի հայտ կգա ընտրություններից հետո։ Մասնակիցների կարծիքով, լրացուցիչ պարզաբանման կարիք ունի (ԿԸՀ-ի կողմից) 116 հոդվածի 5-րդ կետը. «Պատգամավորի ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը բացառում է ընտրված թեկնածուին պարզելու հնարավորությունը»։ Անելիքներ ունեն եւ ընտրական հանձնաժողովները (վերջիններս դատարան դիմող սուբյեկտ են)։ Այսօր հանրապետությունում գործում են ՀՀ քրեական, քրեական-դատավարության, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերը, որոնք եւս երաշխավորում են ընտրական իրավունքի պաշտպանությունը։ Վերջին օրենսգրքի 6-րդ հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկ չափով՝ պաշտոնաթերթիկներում կեղծիքներ կատարելու դեպքում։ Հրապարակմանս սկզբում ասված իրավախախտումների թվերը, որոնք հասնում են հազարների, մի՞թե պատժի դեպքում զգալի գումարներ չէին հասցնի պետբյուջե, որոնք պարզագույն թվաբանությամբ հասնում են մի քանի միլիոն դոլարի։ Ոչինչ չի մուծվել։ «Մենք արժեզրկեցինք օրենքը եւ այս կանխարգելիչ հնարավորությունը»։ Սեմինարում առաջարկվեց ԿԸՀ-ին եւ բոլոր հանձնաժողովներին կից ստեղծել իրավախորհրդատվական խմբեր։

Պրոբլեմներ հավաքագրողը

Փոխարենը՝ արդարադատության նախարարը «չփնովեց» ընտրական օրենսգիրքը, որը «նախորդ ընտրությունների փորձն է փորձել կարգավորել»։ ԱԺ ընտրությունների շեմին նախարարն անհնար համարեց օրենսգիրքը փոխելը, լավագույն լուծումը, ըստ նրա, խորհրդատվական խմբերի ստեղծումն է։ Դ. Հարությունյանը շնորհակալություն հայտնեց դատավորներին, «որովհետեւ նրանք ցույց տվեցին, որ իրենք պինդ են եւ կարողանում են լավ կողմնորոշվել իրավիճակում», այդպես էլ չհստակեցնելով, թե որ իրավիճակում են այդպես պինդ իրենց դրսեւորել տղերքը… «Մենք ունենք մի շաբաթ, որպեսզի ավարտենք պրոբլեմների հավաքագրումը»,- ասաց Դ. Հարությունյանը։ Վճռաբեկ դատարանի նախագահ Հ. Դանիելյանի կարծիքով էլ «Օրենսգրքով փորձ է արված կարգավորել ընտրությունների հետ կապված բոլոր իրավահարաբերությունները»։ Նա եւս առաջարկեց դատարաններում կազմակերպել ընտրական օրենսգրքի ուսումնասիրություն, միաժամանակ կանխատեսելով, որ ընտրություններից հետո սպասվում են քր. գործեր։

«Ընտրապարգեւներն», ինչպես ասում են, մեզնից անպակաս կլինեն։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31