Արտաշատ-Երեւան տանող ճանապարհին մեկ-երկու տարի առաջ շատ էին արագիլների բները։ Այս տարի այդ քանակությամբ այլեւս չտեսանք։ Հազիվ մեկ-երկու արագիլների բներ կային։ Մեքենայում, որտեղ Արարատի մարզպետարանի աշխատակիցներ էին, հարցրին՝ ի՞նչն է պատճառը, ի՞նչ է, արագիլները նեղացե՞լ են Հայաստանից։ Պատասխանը հետեւյալն էր։ Արագիլներին ուտում են։ Ուտում են՝ չգիտես սովի մատնվածնե՞րը, թե՞ հերթական դելիկատեսի սիրահարները։ Ի դեպ, մեքենայի մեջ ասացին նաեւ, որ արագիլի միսը համարյա ոչնչով չի տարբերվում հավից։ Բայց մի տարբերություն կա. հավը հիմա կարելի է գնել ինչքան ուզես, իսկ արագիլը, որը եղել է մեզ համար սրբազան թռչուն, գուցե այլեւս չվերադառնա հերթական գարնանը։ Մենք էլ կսովորենք երեխաներին բացատրել, թե ովքեր են երեխա «բերում», հավին վերագրելով այդ։
Իսկ ի՞նչ են մտածում ՀՀ բնապահպանության նախարարությունում։ Տեղյա՞կ են այդ մասին, ինչ-որ կերպ դեմն առնո՞ւմ են։
ՀՀ բնապահպանության նախարարության հանրապետական տեսչության գլխավոր աշխատակից Արմեն Արաբյանը հայտնեց, որ ինչպես արագիլը, այնպես էլ կռունկը, որպես հայ ժողովրդի համար սրբազան թռչուն, արգելված է որսալ եւ խժռելու ենթակա չի։ Եվ ավելացրեց, որ 1993-94 թթ. նույն տարածքում զինվորները մասսայաբար որսում էին եւ ուտում արագիլներին։ Սովից էր հաստատ։ Իսկ վերջին ժամանակներում դեռ չէր գրանցվել արագիլների որս։ Պրն Արաբյանը խոստացավ միջոցներ ձեռք առնել կանխելու այդ երեւույթը։
ԱՆԱՀԻՏ ՄԿՐՏՉՅԱՆ