Պատգամավորության թեկնածուները մեջլիս են դուրս եկել։ Մեկը ուտելիք է բաժանում, մյուսը՝ կոշիկի «թայ» (երկրորդն՝ ընտրվելուց հետո), երրորդը խոստումներ է շռայլում…
Ընդհանրապես, ով ավելի շատ բան խոստանա ու տա, նա էլ կընտրվի։ Չնայած մեր ժողովուրդը իր դառը փորձից գիտի, որ ընտրվելուց հետո այդ նույն թեկնածուները ոչինչ չեն անելու, միեւնույն է, գնում են հանդիպումների, հարցեր ու խնդրանքներ են ներկայացնում։ Այդ հանդիպումներից մեկում մի մեծահասակ մարդ ասաց. «Շնից մազ պոկելն էլ է օգուտ։ Պահանջեք՝ ինչքան կարող եք»։ Բայց մարդկանց մեծ մասն ավելի խելոք է մտածում. նրանք աշխատանք են պահանջում, որովհետեւ գիտեն, որ բաժանած փշուրներով ընտանիքդ երկար չես պահի։
Թիվ 12 ընտրատարածքի բակերից մեկում տեղի ունեցավ հանդիպում պատգամավորության թեկնածու Խաչատուր Սուքիասյանի հետ։ Ըստ էության, դա փոքրիկ մարզադաշտ էր, որը կառուցվել է պրն Սուքիասյանի միջոցներով։
Հանդիպման ժամանակ շատ հարցեր տրվեցին։ Առաջին հարցը, ինչպես միշտ վերաբերում էր ավանդներին։ Պրն Սուքիասյանի կարծիքով, ավանդները կտրվեն միայն տնտեսական զարգացման դեպքում՝ «եթե մեկնումեկն ասի, որ այդ գումարները կվերադարձնեն, դա պոպուլիստական քայլ կլինի»։ Թեկնածուն ուզում է վերականգնել կոշիկի եւ կարի ֆաբրիկաների արտադրությունը, խոստանալով Իտալիայից կոշիկի կիսաֆաբրիկատներ բերել։ Ինչ վերաբերում է դպրոցներին, ապա, նրա կարծիքով, վիճակն անմխիթար է՝ դպրոցներում չկան համակարգիչներ, գրականություն։ Թաղամասի 12 դպրոցներից միայն մեկում կա 2 համակարգիչ, այն էլ՝ ինքն է նվիրել։ Այն հարցին՝ իսկ եթե ինքն էլ մյուսների նման խոստանա ու չկատարի իր խոստումը, պրն Սուքիասյանը պատասխանեց, որ ինքը միշտ անցնում է այդ փողոցով, ինչպե՞ս կնայի մարդկանց երեսին։ Թե ինչո՞ւ որոշեց պատգամավոր դառնալ հարցին, պատասխանեց. «Ես չէի մասնակցի խորհրդարանական ընտրություններին, եթե չզգայի Հայաստանի տնտեսությանը սպառնացող վտանգները»։
Կարդացեք նաև
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ