Երբ «Միասնություն» դաշինքի պատվիրակության հետ օրերս փոշոտ, անսպասելիորեն շոգ, գրեթե կիսաքանդ ու անհրապույր դարձած Սիսիանից լրագրողներիս ավտոմեքենան շարժվեց Գորիսի ուղղությամբ, առաջին տհաճ անակնկալը, որ մեզ սպասում էր, դա մառախուղն էր՝ Գորիսի հայտնի քշաթոխպը։
Աստիճանաբար մտնելով քաղաք, սկսեցինք հիացած զննել Գորիսի անկրկնելի ճարտարապետությունը, եւ, չնայած ցրտին, Գորիսը, ինչպես միշտ բարվոք էր, կոկիկ, մաքուր ու խնամված։ Թերեւս հայկական քաղաքներից քչերը կարող են հպարտանալ իրենց ճանաչելիությամբ՝ այնպես, ինչպես Գորիսը։ Այս քաղաքի անկրկնելի հմայքը պայմանավորվում է ոչ միայն չքնաղ ճարտարապետությամբ, այլեւ գորիսեցիների յուրահատուկ բնավորությամբ՝ երբեմն մեղմ, երբեմն էլ՝ վտանգի պահին, անասելի խիզախությամբ։
Ինչպես ամենուրեք, այստեղ եւս ընտրապայքար է ծավալվել եւ Գորիսում բավական վտանգավոր եւ լարված մթնոլորտ է ստեղծվել մեծամասնական ընտրությունների հարցում։ Քաղաքապետ, ԱԺ պատգամավոր, «Միասնություն» դաշինքի կողմից առաջադրված Սուրեն Խաչատրյանի (հայտնի է նաեւ «Լիցկա» մականունով) հիմնական հակառակորդը լինելու է նախկին քաղաքապետ, նախկինում՝ ՀՅԴ անդամ, ներկայումս՝ անկուսակցական, պատմության, պետության եւ իրավունքի հիմունքներ առարկայի ուսուցիչ Սամվել Հարությունյանը։ Բանն այն է, որ Սամվել Հարությունյանի թեկնածությունը մի շարք կուսակցությունների (ՍԻՄ, ՀԿԿ) հետ միաժամանակ պաշտպանվում է ԻՄ-ի, եւ, ըստ այդմ, ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի կողմից։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարտական նախկին երկու ընկերներ դուրս են եկել դեմ-դիմաց։
Արդեն իսկ ահազանգերից դատելով, Գորիսում ծեծկռտուքներ են գրանցվել. գորիսեցիները պատմում են, որ Սամվել Հարությունյանի կողմնակիցները ինչ-որ տեղից տղաներ են կանչել, որոնք դաժանաբար ծեծել են գորիսեցիներից մեկին։ Եթե Սամվել Հարությունյանին գորիսեցիները բնորոշում են որպես լավ կրթություն ստացածի, ապա միաժամանակ չեն ուրանում նրա մրցակցի գործնականությունն ու վճռականությունը, որոնց շնորհիվ վերջինս կարողանում է ոչ միայն մյուս շրջկենտրոնների համեմատությամբ բարվոք պահել քաղաքը, այլեւ շատ կարճ ժամանակահատվածում կարողացել է վերացնել երկու տարի առաջվա ջրհեղեղի հետեւանքները։ Եթե Սուրեն Խաչատրյանին մեղադրում են կոպտության մեջ, ապա նրա մրցակցին՝ անսկզբունքայնության եւ մի շարք կուսակցություններ փոխելու։ Ինչեւէ, գրեթե նույն հարցերի պատասխանները թող տան իրենք՝ թեկնածուները, եւ հուսով եմ, որ նրանց պատասխանները կլիցքաթափեն լարված մթնոլորտը։
Կարդացեք նաև
Սուրեն Խաչատրյան.
– Պարոն Խաչատրյան, Գորիսում որոշակի լարվածություն է առաջացել. գրանցվել են առաջին էքսցեսները։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը։
– Նախընտրական ժամանակահատվածում իրավիճակը Գորիսում գնահատում եմ նորմալ, որեւէ լարվածություն չեմ նկատում։ Իսկ եթե առանձին դեպքերում էքսցեսներ են տեղի ունենում, դա ճշտեք այդ էքսցեսները նախաձեռնողների հետ։
– Իսկ եթե ձեր մրցակիցները ձեզ մեղադրեն դրանք նախաձեռնելու կապակցությա՞մբ։
– Այդպիսի բան գոյություն չունի։ Եվ ես այդ մասին հայտարարում եմ՝ մեզ չեն կարող մեղադրել նման, թեկուզ՝ ամենաաննշան, քայլ կատարելու մեջ։
– Գորիսի ողջ պետական ապարատը ձեր տրամադրության տակ է։ Ձեզ չի՞ թվում, որ ստեղծվում են անհավասար պայմաններ։
– Որեւէ մեկը չի կարող որեւէ փաստ ներկայացնել, որ թեկնածուների համար անհավասար պայմաններ են ստեղծվել։ Ընտրական օրենսգրքին համապատասխան հավասար պայմաններ ստեղծվում են։
– Արտաշես Գեղամյանի այցելության օրը ձեր մրցակիցները խնդրել են տրամադրել թատրոնի դահլիճը եւ մերժում են ստացել՝ այն պատճառաբանությամբ, որ այնտեղ համերգ է։ Այդ համերգը այդ պահի համա՞ր էր նախատեսված։
– Խոսքը համերգի մասին չէ։ Արդեն 1,5 ամիս առաջ, երբ ընտրությունների մասին դեռ չէինք մտածում, «Կյորես» հայրենակցական միության խորհրդում որոշվել էր, որ մայիսի 7-9-ը մի շարք միջոցառումներ են լինելու Գորիսում. Երեւանից եկած լավագույն բժիշկները պետք է բուժեին իրենց հայրենակիցներին, ովքեր բարձրակարգ բուժման կարիք ունեն, պետք է գիտապրակտիկ կոնֆերանս լիներ, հանդիպում, համերգ եւ այլն։ Ուղղակի այդ միջոցառումների օրը համընկավ Գեղամյանի այցի հետ։ Դրանից բացի համայնքային իշխանություններից տեղեկացանք, որ դահլիճ տրամադրելու խնդրանքով դիմում չի ներկայացվել։ Իրենք համայնքային իշխանությանը դիմել էին, երբ արդեն համերգը սկսվել էր, անձրեւ էր գալիս, եւ նրանք ուզում էին տեղափոխվել դահլիճ։
– Եթե համերգը չլիներ, դահլիճը կտրամադրվե՞ր։
– Անպայման։ Օրինակ՝ Դաշնակցության եւ Կոմկուսի հանդիպումներն անցան այդ դահլիճում։ Համայնքային իշխանությունները լիարժեք պայմաններ են ստեղծել բոլորի համար։
– Դուք չորս տարի խորհրդարանում խոսափողի չեք մոտեցել…
– Սովորաբար ինձ դրա համար շատ են մեղադրում, մասնավորապես՝ ձեր թերթը, բայց պառլամենտը միայն խոսելու տեղ չի, պատգամավորի ֆունկցիան միայն խոսափողին մոտենալն ու ճառ արտասանելը չէ։ Գիտեք, որ այնտեղ կան հանձնաժողովներ, որտեղ մենք աշխատում ենք, օրենսդրական նախագծերի մշակմանը ես ակտիվ մասնակցում եմ, դրանից բացի, մի մոռացեք, որ ես այս տարածքից ընտրված պատգամավոր եմ եւ այս տարածքի հետ կապված բազմաթիվ խնդիրներ եմ պարտավոր լուծել։ Ես կարողանում եմ Գորիսի ձայնը տեղ հասցնել։ Ինչ վերաբերում է քաղաքական հարցերին, ես խմբակցության անդամ եմ, եւ մեր խմբակցությունում շատ ավելի լավ հռետորներ կան, որոնք ներկայացնում են մեր տեսակետը։ Եվ եթե մեկը չի տիրապետում հռետորական արվեստին, չի նշանակում, որ նա պիտանի չէ ԱԺ-ին։ Հարցրեք ցանկացած գորիսեցու՝ եղե՞լ է մի բան, որ ես տեղ չհասցնեմ եւ իմ խոստումը չկատարեմ։
– Ձեր կարծիքով, Սամվել Հարությունյանի քաղաքապետ եղած ժամանակ ի՞նչ լավ բան է կատարվել։
– Հարցրեք գորիսեցիներին։ Մենք այն ժամանակ դիրքերում էինք եւ հիմնականում զբաղված էինք սահմանների պաշտպանությամբ։ Միայն մի բան եմ հիշում, որ այն ժամանակ մեծ ծախսերի գնով մի մեծ պատվիրակություն մեկնեց Ֆրանսիայի Վիեն քաղաք։ Դա այն դեպքում, երբ Գորիսում տներ էին ավերվում։ Ես դեմ չեմ, որ Գորիս-Վիեն կապերն ամրապնդվեն, բայց հիմա ավելի կարեւոր հարցեր ունենք լուծելու։
– Իսկ դուք ե՞րբ եք Ֆրանսիա գնալու։
– Առայժմ չենք պատրաստվում, պետք է քաղաքի եւ գյուղերի բազմաթիվ հարցերը լուծել, եւ այդ միջոցները այդ ուղղության վրա օգտագործել։ Մտածում ենք՝ ֆրանսիացիներին հրավիրել Գորիս եւ առայժմ մեր փոխհարաբերությունները այդպես կառուցել։
– Կարո՞ղ եք ձեր մրցակցի մասին որեւէ դրական բան ասել։
– Ինքն ընդամենը լավ խոսում է, իսկ ինչ վերաբերում է նրա դրական եւ իմ բացասական կողմերին, դրա ռեալ գնահատականը կստանանք մայիսի 30-ին։
– Ձեր շանսերն ինչպե՞ս եք գնահատում։
– Ես հավատում եմ ժողովրդին, համոզված եմ՝ ժողովուրդն էլ ինձ է հավատում։ Գորիսեցին պրագմատիկ մտածողություն ունի, եւ այստեղ գեղեցիկ ճառերն ու էժան, երբեմն ծայրահեղության հասնող քննադատությունը մեծ դեր չեն կարող խաղալ։ Մեր ժողովրդի ամենամեծ հատկությունն այն է, որ նա երբեք աշխատող, ստեղծող մարդուն չի դավաճանի։
– Դուք ընտրակաշառք ի՞նչ ձեւով եք բաժանում։
– Ես ինչով կարողացել, օգնել եմ, ինչ կարողացել, ստեղծել եմ՝ թե՛ պաշտոնի բերումով, թե՛ ժողովրդիս ծառայելու ցանկությամբ։ Անկախ նրանից՝ ընտրություններ են, թե ոչ, հիմա էլ հաճույքով կանեմ, եթե միջոցներ հայթայթեմ, լինի այս պահին, թե ընտրություններից հետո։ Գորիսեցուն, միեւնույն է, այդքան հեշտ չես խաբի, իրենք շատ լավ գիտեն՝ ով է իսկական գորիսեցին
։ – Ասում են, ձեզանից վախենում են, եւ ձեզ ձայն են տալու վախից դրդված։
– Եթե կան մարդիկ, որ ինձնից վախենում են, ուրեմն վախենում են նաեւ իմ մրցակցից։ Բայց չեմ կարծում, որ գորիսեցիները պատերազմ տեսնելուց հետո վախենան ինչ-որ մեկից։ «Գրադից» չվախեցողը ոչ մեկից էլ չի վախենա։
Սամվել Հարությունյան.
– Պարոն Հարությունյան, Գորիսում լուրեր են պտտվում այն մասին, որ ձեր կողմնակիցները ծեծել են ձեր մրցակցի թիմակցին, ինչը որոշակի լարվածություն է առաջացրել։
– Գորիսում ես երբեք լարվածություն չեմ ստեղծել, եւ ես անցած 10 տարիների ընթացքում ինձնից կախված ամեն ինչ արել եմ, որպեսզի այդ լարվածությունը վերանա։ Իսկապես, Գորիսում անցած տարիների ընթացքում լարվածություն եղել է, որի մեղավորները, ցավոք, ոչ միայն պատասխանատվություն չեն կրել, այլեւ օգտվել են պետության ղեկավարների հովանավորությունից։ Ահաբեկչություն կիրառվել է շատ մարդկանց նկատմամբ, որոնցից մեկն էլ ես եմ։ Ինչ վերաբերում է ձեր թվարկած դեպքերին, ապա կարող եմ ասել, որ ես տեղյակ չեմ եղել, մեր կողմից նախաձեռնություն չի դրսեւորվել։ Կոնկրետ Գորիսի Ավանգարդ թաղամասում ձեր նշած դեպքի կապակցությամբ կասեմ, որ հարձակում է եղել իմ համակիրներից մեկի ընտանիքի վրա, ինչպես նաեւ այնտեղի իմ նախընտրական շտաբի վրա, որից հետո կարճ ժամանակ անց Գորիսում գտնվել են մարդիկ, որոնք արժանի պատասխան են տվել բռնության հեղինակին։
– Պարոն Հարությունյան, դուք անկուսակցական եք, բայց ձեր թեկնածությունն ակտիվորեն պաշտպանում են ԻՄ-ը եւ եթե չեմ սխալվում՝ Սամվել Բաբայանը։
– Իմ թեկնածությունն առաջադրվել է քաղաքացիական նախաձեռնությամբ, պաշտպանվել ԻՄ-ի կողմից։ Մինչ այդ՝ նաեւ կոմկուսի կողմից։ Հարցրեք այդ կազմակերպություններին, թե նրանք ինչու են իմ թեկնածությունը պաշտպանում։ Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին, ապա, այո, ես կարծում եմ, որ ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարները պետք է մասնակցեն քաղաքական գործընթացներին, եւ շատ նորմալ եմ համարում, որ Սամվել Բաբայանը ցանկանում է, որ Հայաստանում վերջապես տեղի ունենան արդար ընտրություններ եւ ընտրվեն նախկին ընտրությունների կեղծիքների փորձառություն ունեցող մարդիկ։ Իմ թեկնածությունը պաշտպանվել է, եւ ես շատ շնորհակալ եմ, որ ԼՂՀ ՊՆ Սամվել Բաբայանը ծանոթանալով անցած 10 տարիների իմ գործունեությանը եւ գաղափարներին, պաշտպանել է իմ թեկնածությունը՝ հավատալով, որ ժողովուրդն այս ընտրություններում հաղթելու է։
– Ձեր մասին այն կարծիքը կա, որ դուք անսկզբունքային եք եւ հաճախակի մի կուսակցությունից մյուսն եք անցնում։
– Ես մի կուսակցությունից մյուսը չեմ անցել, եղել եմ ժամանակի երկու մեծագույն կուսակցությունների անդամ՝ Կոմկուսի եւ ՀՅԴ-ի։
– Ասում են, որ դուք 89 թվականին առաջինն եք պատռել ձեր կուսակցական տոմսը։
– Դա չի համապատասխանում իրականությանը։ Ես դիմում եմ գրել, որտեղ նշել եմ, որ չեմ կարող լինել մի կուսակցության անդամ, որը ղեկավարվում է Գորբաչովի եւ Վեզիրովի կողմից։ Ես հեռացել եմ այն մարդկանցից, որոնք հակահայ քաղաքականություն են վարել։
– Ձեր շանսերն ինչպե՞ս եք գնահատում։
– Կարծում եմ, այս անգամ մեր ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն եւ ձայնը տալու է պրոֆեսիոնալ ԱԺ պահանջներին համապատասխան թեկնածուի օգտին։ Մազաչափ չեմ կասկածում, որ հաղթելու եմ։
– Որեւէ դրական բան կարո՞ղ եք ասել ձեր մրցակցի մասին, չե՞ք գտնում, որ նա այս քաղաքի համար ինչ-որ բան արել է։
– Որոշակի աշխատանքներ, անկասկած, քաղաքում կատարվել են։ Եվ դա բնական է, որ ցանկացած իշխանություն պարտավոր է ինչ-որ աշխատանքներ կատարել։ Սակայն քաղաքապետի իմ պաշտոնից դուրս գալուց հետո քաղաքում գրանցվել է լուրջ նահանջ։
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում ձեր աշխատանքը որպես քաղաքապետ։
– Մենք ստեղծեցինք արտաբյուջետային ֆոնդ, որի հաշվին բոլոր աշակերտների համար ձեռք էին բերում դասագրքեր։ Դրանից բացի Ֆրանսիայի Վիեն քաղաքի հետ ստեղծել էինք եղբայրական հարաբերություններ, ստորագրել էինք բարեկամության եւ համագործակցության համաձայնագիր։ Ցավոք, սպասվող հեռանկարները չիրականացան։ Դրանից բացի, իմ քաղաքապետ աշխատած ժամանակ, գործում էր Զորզոր-Գորիս ջրատարը, որը պոմպակայանների օգնությամբ ջուր էր հասցնում քաղաքին։ Ինձ պաշտոնանկ անելուց հետո ջրատարը չաշխատեց։ …
– Ձեր ընտրվելու դեպքում ո՞րն է լինելու ձեր կրեդոն։
– Լավագույնս ներկայացնել Գորիսի հավաքական կամքը։ Ես պետք է լինեմ մեր ժողովրդի պատգամախոսը։ Ես միշտ ձգտել եմ ներկայացնել իմ կարծիքը, եւ կարծում եմ, այն միշտ համընկնում է մեր ժողովրդի ցանկություններին։ Չի եղել մի դեպք, որ իմ հրապարակային ելույթների համար ես արժանանամ ժողովրդի բացասական կարծիքին։ Լինելով պատգամավոր, կարծում եմ, շատ օգտակար կլինեմ ե՛ւ Գորիսի ե՛ւ ընդհանրապես մեր ժողովրդի համար։
ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ