Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի հավատացեք անգամ ի՛մ ասածներին»

Մայիս 11,1999 00:00
aghvan vardanyan

Պոպուլիզմով տարվելով՝ իր խոսքերն այսպես անխնա ջուրը գցեց դաշնակցական նախարար Ռոլանդ Շառոյանը։

Բայց մինչ կոչ անելը, թե մի՛ հավատացեք նախընտրական խոստումներին ու սիրուն-սիրուն խոսքերին՝ ինքն արդեն հասցրել էր ճոխ ու շքեղ մակդիրներ շռայլել իր կուսակից ընկերոջ, թիվ 2 ընտրատարածքի (Աջափնյակ) պատգամավորության թեկնածու Աղվան Վարդանյանի հասցեին։ Ու չնայած իր առաքելությունը հենց համոզելն էր թիվ 2 ընտրատարածքի բնակչությանը, որ ընտրեն Աղվան Վարդանյանին, բայց խորամանկեց. «Ես չեմ եկել այստեղ որեւէ մեկին համոզելու, թե լավ կլինի, որ ընտրեք Աղվան Վարդանյանին, դաշնակցության թեկնածուին»։ Ու անմիջապես սկսեց ՀՅԴ-ի գովքը՝ սահուն անցնելով իրենց թեկնածուի արժանիքներն ու բարեմասնությունները գովերգելուն։ Հիշեցրեց «խիզախ» Աղվան Վարդանյանի լրագրողական ու քաղաքական հարուստ անցյալը, հանուն ժողովրդի ու կուսակցության սկզբունքների մեծ-մեծ շնորհներից հրաժարվելը, «մարտիկի, հայրենիքի նվիրյալի կերպարը» շեշտվեց։ Այսքանը որպես անվճար գովազդ կրկնեցինք։ Իրականում մատուցվածն ավելի ճոխ ու շքեղ էր։ Ու իզուր էր պրն Շառոյանը համեստություն անում, թե՝ «ես գեղեցկախոս մարդ չեմ»։ Նույնիսկ օրվա «մեղավորը»՝ Աղվան Վարդանյանը, իր խոսքը սկսելուց առաջ հարկ համարեց հնչած լավ-լավ խոսքերի առնչությամբ մի քիչ արդարանալ, թե «փոքր-ինչ չափազանցրեց, բայց… ընտրապայքար է»։ Ինչին Ռոլանդ Շառոյանն արձագանքեց. «Ինձ սխալ հանեց»։

Բայց պրն Շառոյանի բախտն էլի բերեց, որովհետեւ նախորդ ու ներկա իշխանություններին պրն Վարդանյանն էնպե՜ս «սխալ հանեց»։ Պատգամավորության թեկնածուներին հատուկ թուլություններին հավատարիմ՝ Աղվան Վարդանյանն ասաց այն, ինչ ուզում է լսել ժողովուրդը. որ մեր ազգային հարստության 60-70%-ին տիրացել են մի 4-5 հոգի, որ ժողովուրդն աղքատ է, ժողովրդին աշխատանք է պետք տալ, ԱԺ-ում ազնիվ ու մաքուր մարդիկ պիտի լինեն եւ այլն եւ այլն։ Բայց, կարծում եմ, ամենակարեւորը, ու հենց ընտրվողների համար էլ, ընտրողների արձագանքն է, թեկուզ երբեմն սուբյեկտիվ, ոչ ճիշտ հասցեատիրոջն ուղղված։ Մեկը համառորեն պնդում էր, որ Ռոբերտ Քոչարյանը դաշնակացական է ու իբրեւ հիմնավորում իր խոսքի, պնդում էր, որ «մի չորս անգամ ես իմ ականջով եմ լսել, որ ինքը (ՀՀ նախագահը- Ն. Հ.) ասել է, որ դաշնակցական է»։

Սրանով մարդը, փաստորեն փորձում էր ներկայիս իշխանության մեղքերից դաշնակցականներին էլ բաժին հանել, ինչից վերջիններս հմտորեն հրաժարվում էին։ Իսկ երբ պրն Վարդանյանը խոսում էր առանձնատներ կառուցածների մասին, մեկը դահլիճից, թե. «իրանց շրջապատի մարդիկ են, էլի՛»։ «Օրինապահ երկրից» հենց խոսեց, շատ տեղին խայթեցին. «Սաղ էդ օրինապահները կերան»։ Արցախի ազատամարտում ՀՅԴ-ի մեծ ներդրման մասին խոսքի արձագանքը դժգոհությունն էր, թե որ կուսակցությունը եկավ, ասաց, որ ինքն է Արցախում կռվողը եղել։ Այնպես որ, արդեն քանի ընտրություն տեսած մեր ժողովրդին չես խաբի, ու ինչ իմանաս, գուցե ճիշտը այն մարդն էր, որ առաջարկեց Աղվան Վարդանյանին իրենց շենքի դիմացի մի փոքրիկ մասը ասֆալտապատել ու հաստատ այն կանայք, որ ամեն օր այդ քանդված հատվածի փոշին են ավլում, նրան կընտրեն։ Բայց Աղվան Վարդանյանը չգնահատեց ձայներ բերող այս հարթ «ասֆալտապատ» ճանապարհը՝ «ես ասֆալտ անող չեմ»։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31