Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԵԿԵԼ ԵՄ ԱՀԱ, ԴԵ, ԿՐԱԿԵՑԵՔ»

Մայիս 11,1999 00:00
Trchunich

Աջափնյակի ժողովրդի հետ հանդիպման ժամանակ կոմունիստ Խորեն Թռչունիչ Սարգսյանն իհարկե, այսպիսի խոսքեր չասաց, բայց՝ ժողովուրդը կազմ ու պատրաստ սպասում էր։

Ու հենց որ Թռչունիչը իր մինի-ելույթն ավարտեց, բնակիչները պատգամավորին եւ պատգամավորության թեկնածուին թիրախ դարձնելով, հարց-հարցի հետեւից, առանց դադարի կրակահերթ սկսեցին։ Թռչունիչը դրանից դժգոհ չէր։ Նրա պարագայում են ասում՝ եկավ, ժողովրդի հետ խոսեց ժողովրդի լեզվով, իրեն սիրել տվեց ու հեռացավ։ Ով ինչ ուզում է, թող ասի, սակայն մեր ժողովուրդը կոմունիսների ժամանակվա աշխատավարձը, թոշակն ու բանվորա-գյուղացիական պլանավորված կյանքը լավ է մտապահել ու զզվում է, ուղղակի զզվում է «էս կյանքից, էս նախագահից, էս իշխանությունից, էս պառլամենտից, էս հարուստներից, թալանչիներից…»։ Շարքը անվերջ շարունակվող է։ Ընտրողների հետ հանդիպման սկիզբն ազդարարելուց առաջ Մաշտոցի շրջկոմի քարտուղարն ասաց. «80 կուսակցություն կա, որից 79-ը լոբի բաժանող են, եւ միայն մեկն է աշխատանք տվող, ու այդ մեկը կոմունիստական կուսակցությունն է»։ Երկարատեւ ու բուռն ծափահարություններ չեղան, մարդիկ դեռ սպասում էին։ Իսկ երբ ասացին, թե պատգամավորության թեկնածուն ծնունդով մարտունեցի է, աջափնյակցիք վախեցան՝ «ուտող-խմող կլինի»։ Վախն անմիջապես փոխվեց հարգանքի, երբ հնչեց, թե Խորեն Թռչունի Սարգսյանը վեց երեխայի հայր է՝ «մալադե՛ց»։

Թռչունիչը իր խոսքը սկսեց. «հիմա կհարցնեք՝ 4 տարի պատգամավոր ես եղել, ի՞նչ ես արել, որ հիմա էլ ես ուզում ընտրվել»։ Ներկաները գլուխները տմբտմբացրին՝ «կամաց-կամաց կծանոթանանք»։ Հայկոմկուսի պատգամավորական խմբակցությունն, իհարկե, որոշ բան արել է՝ օրինակ, թույլ չի տվել, որ 600 դպրոց փակվի, բայց, ավա՜ղ, չի կարողացել կենսաթոշակը բարձրացնել։ Իսկ մյուսներն ի՞նչ են արել՝ ոչինչ, մտել են իշխանության օղակների մեջ եւ… «Բա մաֆիան ո՞նց է լինում»։ Տեղից մի ընտրող լրացրեց. «Ոնց թե ոչինչ չեն արել՝ խորհրդարանում ուրիշների կոճակներ են սեղմել ու չաղացել են»։ Մի անատամ տատիկի Վանոյի հարցը խիստ էր մտահոգում։ Թռչունիչին այդ հարցը բոլորովին «ծանր չթվաց»։ Ասաց, որ Վանո Սիրադեղյանն իր աշխատանքային ընկերն է եղել եւ այլն։ Սակայն մեր խորհրդարանը ի սկզբանե սխալ է եղել, «91-ին պառլամենտի կեսը դատված է եղել, 95-ին էլի լիքը դատված մարդ կար։ Պառլամենտը կառավարության թաշկինակն է դարձել, կառավարությունը երբ ուզում է, ճակատի մուրը պառլամենտով է սրբում»։

Հետո էլ կոչ արվեց, գնալ եւ ընտրել կոմունիստներին, նրանք են միակ ճիշտը, քանի որ կադրեր պատրաստելու փորձ ունեն, մի պաշտոնի հասնելուց առաջ «լուրջ շկոլա էին անցնում»։ իսկ եթե այս նոր խորհրդարանն էլ պետք է հնի նման լինի, ապա Թռչունիչը չի ուզում այնտեղ լինել։ Երբ հերթը հասավ ընտրակաշառքին, Թռչունիչը հետաքրքիր հայտնագործություն արեց. «Ինձ որ մնա, կուզեմ ընտրությունները վեց ամիսը մեկ լինեն, որ ընտրակաշառք բաժանողներն ամեն անգամ մի փողոց ասֆալտապատեն, ջրի հարց լուծեն, ժողովրդին փող բաժանեն»։ Բայց ժողովուրդը հոգնել է ընտրություն կոչվող թատրոնից՝ չի ուզում. «մեղք են, սրանք էլ են մեղք (թեկնածուները- Մ. Ե.), մենք էլ։ Ում էլ ընտրում ենք, այլեւս երեսը չենք տեսնում, մեկ էլ տեսնում ենք խորհրդարանում քնած»։ Խորեն Սարգսյանն առաջադրվել է թիվ 2 ընտրատարածքում, որտեղ թեկնածուներ են առաջադրված ի թիվս այլոց նաեւ Աղվան Վարդանյանը (ՀՅԴ), Աղասի Արշակյանը (ԳիԱրՔՄի), Ավետիք Իշխանյանը (ԱԺՄ), Հովիկ Թոքմաջյանը («Հայրենիք»)։ Ի դեպ, այս խորհրդարանում Հ. Թոքմաջյանն ընտրվել է նույն ընտրատարածքից։ Բայց Թռչունիչին լսելու եկածների ասելով, նրա երեսն ընտրվելուց հետո չեն տեսել։

«Միասնություն» դաշինքի մասին Թռչունիչի կարծիքը հետեւյալն էր. «Երկու գլուխ մի ղազանի մեջ չի եփվի»։

Դե, քանի որ թեկնածուն կոմունիստ էր, նրան լսելու եւ տեսնելու եկածներն էլ կենսաթոշակառուներ, գործազուրկներ, հոգնած ու հիասթափված մարդիկ էին, այսինքն՝ ժողովուրդը, ինչպես որ կա։ Հասկանալի է, որ հարցերի շրջանակներից դուրս չմնացին աշխատանքի, չեղած աշխատավարձի, ողորմություն հիշեցնող թոշակի, արտոնությունների, էլէներգիայի, ջրի, հեռախոսի սակագների, մի խոսքով պետության տվածի եւ վերցրածի վերաբերյալ հարցերը։ Թռչունիչն էլ Թռչունիչ չէր լինի, եթե չասեր. «Մենք ձեր գլխին լույս չենք անջատել, ձեզ 120 ռուբլի ռոճիկ ենք տվել, լավ էլ ապրել եք։ Հիմա իշխանությունը տվել եք սրանց, ինձնի՞ց եք պահանջում։ Եթե պահանջում եք, գնացեք եւ ընտրեք կոմունիստներին»։ Թռչունիչի փափագն է այսօրվա 7-ի փոխարեն 30 կոմունիստ պատգամավոր ունենալ խորհրդարանում. «այդ դեպքում մենք ահագին գործ արած կլինեինք»։ Փառք Աստծո, չասվեց. «Երկու օրում աշխարհը կսարքենք, կդնենք ձեր առաջ»։ Բայց ի՞նչ իմանաս, եթե իշխանության գան՝ հնգամյակ-հնգամյակի հետեւից ոնց ենք հասնելու։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Մի փոքրիկ շեղում, սակայն ոչ իմ մեղքով. գրեթե յուրաքանչյուր նախադասությունից հետո Թռչունիչը լրագրող Մարգարիտ Եսայանին «ի ցույց էր դնում» ասելով ՝ «հիմա Մարգարիտան կգնա, կգրի ու կծաղրի, բայց մեկ է, ասելու եմ»։ Ու բնակիչները մեկ մարդու պես շրջվում էին իմ կողմը՝ դու ես ծաղրում մեր ընկեր կոմունիստների՞ն, դաշնակի մեկը։

Առիթն օգտագործելով ասեմ, որ որեւէ կուսակցության անդամ ոչ եղել եմ, ոչ էլ կլինեմ, եւ որեւէ կուսակցություն իմ «հենարանը» չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31