Թեժ ընտրապայքար է ծավալվել թիվ 41 ընտրատարածքում (Գավառ), որտեղ գրանցված է պատգամավորության 7 թեկնածու։ Սոցապ նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը անապահով խավերին խոստացել է հետ պտտեցնել էլեկտրաէներգիայի հաշվիչները՝ ասելով, որ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերել էլեկտրացանցի հետ։ Իսկ սոցապ նախարարության ներկայիս աշխատակազմի ղեկավար Ռուբեն Տիտանյանը ժամանեց Գավառ եւ տիտանական ջանքեր գործադրեց հանուն «Եվրոստան ույուտի» տնօրեն, դեմիրճյանական Սամվել Բադեյանի։ Պրն Տիտանյանը սպառնաց սոցապ բաժնի աշխատակիցներին ազատել աշխատանքից, եթե սույն բիզնեսմենը չդառնա ԱԺ պատգամավոր։ Հաճելի է, երբ մարդիկ նման տիտանական ջանքեր են գործադրում՝ հանուն ժողովրդի ույուտի։
ՎԱՏ ԼՈՒՐ
«21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցությունը թռուցիկ է տարածել, որում հիմնավորելով ընտրությունները բոյկոտելու իր քաղաքականությունը, երեք հարց է առաջարկում ՀՀ քաղաքացիներին. «Կթեթեւանա՞ ժողովրդի վիճակն այսպիսի ընտրություններով։ Կբարելավվի՞ կյանքը, քանի դեռ գործում են ներկայիս իշխանությունները։ Համարո՞ւմ եք առաջնահերթ՝ գործող նախագահի պաշտոնանկությունը, նրա վարչախմբի հեռացումը եւ ՀՀ նախագահի արտահերթ ընտրությունները»։ «Երախտապարտ կլինենք,- ասված է այնուհետեւ թռուցիկում,- եթե աջակցեք մեզ, զանգահարեք 58-50-91 եւ հայտնեք ձեր տեսակետներն ու առաջարկները»։ Հարցերն այնպես են դրված, որ, մեր կարծիքով, երեքն էլ բացասական պատասխան են պահանջում։