Լրահոս
Օրվա լրահոսը

«Փրկեք մեզ մեր մարզպետից»

Մայիս 11,1999 00:00
Hovik Abrahamyan

«Արարատի մարզի ողջ ժողովրդի» անունից «Առավոտը» մի հաստափորնամակ է ստացել։ Նամակի գլխավոր թեման Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանն է։ Ինչպես նամակագիրներն են նշել (ի դեպ, վերջիններիս տվյալները խմբագրությունում են), պրն Աբրահամյանն «ամեն տեղ պարծենում է, որ դոլարով բոլորին առնում է»։ Իբր, գնվածների թվում է նաեւ «Առավոտը»։

Ամենեւին չկասկածելով պրն Հովիկ Աբրահամյանի գնողունակության մասշտաբներին, մարդկայնորեն հասկանալով նման խոսքուզրույցների նպատակները, տպագրում ենք վերոնշյալ նամակի մի քանի դրվագներ։ Այսպես՝ 1999 թ. հունվարի 24-ին, Աբովյան քաղաքում իր ծննդյան օրը նշելիս պրն Աբրահամյանը «մասնավորապես» ասել է. «Հլա ու Վազգեն Սարգսյանը չկանգնի իմ մեջքին։ Ինձ որ մարզպետ է նշանակել, մի սպիտակ «Մերսեդես-660» եմ իրեն նվիրել, որը հիմա Զավենը՝ իրա հայրն է քշում։ Էնքան բան եմ տվել, չհաշված, որ ամեն շաբաթ իմ ֆազենդայում խորոված եմ ուտացնում»։ Ապա հպարտացել է, թե «Վարդան Աբրահամյանին ես եմ դատարանի նախագահ դարձրել։ Կարամելի Հարութի հետ (պատգամավոր Հարություն Ղարագյոզյան) մտանք Դավիթ Հարությունյանի մոտ (արդարադատության նախարար), 200 հազար դոլար տվինք, ասինք՝ պիտի անես, Վազգեն Սարգսյանն էլ է տեղյակ»։

Նամակի մի քանի էջ նվիրված է Հովիկ Աբրահամյանին՝ որպես պատգամավորի, որը մարզի համար ոչինչ չի արել։ Ապա՝ «… նա պատգամավոր է ուզում սարքել իր եղբորը՝ Ջոնիկ-Հենրիկ Աբրահամյանին, որը Արտաշատի գինու գործարանի տնօրենն է։ Հովիկ Աբրահամյանի ծննդյան օրը կենացներից մեկն էլ ուղղված է եղել հենց նրա եղբորը։ Նրան շնորհավորել են պատգամավոր դառնալու կապակցությամբ՝ ասելով՝ ճիշտ է, դեռ շատ ժամանակ կա, բայց Ջոնիկը համարվում է ընտրված պատգամավոր»։

Այստեղ նամակագիրները ամոթանքի մի հսկա բաժին էլ ուղղում են «Առավոտին», որն իր համարներից մեկում գովել է Հենրիկ Աբրահամյանին։ Բանն այն է, որ նամակագիրներն ուշադիր չեն ընթերցել նյութը. այն տպագրվել է որպես նախընտրական, վճարովի գովազդ։ Ինչեւէ։ Նամակի մոտ 40 էջերում նկարագրված է Հովիկ Աբրահամյանի կենսագրությունը՝ բոլոր մանրամասներով։ Էթիկայի առումով հարմար չենք գտնում այն առավել ընդարձակ ներկայացնել։ Անձամբ պրն Հովիկ Աբրահամյանին պատրաստ ենք տրամադրել նամակը՝ ընթերցելու նպատակով։ Ամեն դեպքում, արժե իմանալ, թե ինչ անուն ու հեղինակություն ունես քո մարզում։

Պատ. Լ. ԱՎԱԳՅԱՆԸ

Հ. Գ. Նամակում մեջբերված են բարձրաստիճան պաշտոնյաների անուններ։ Ամեն դեպքում պատրաստ ենք տպագրել նաեւ նրանց ասելիքը այս առիթով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31