Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀՆ՝ ԻՄ-ԻՆ, ԻՄ-Ը՝ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Մայիս 11,1999 00:00
Paruyr Hayrikyan

Հիմնավորելով՝ թե որքան տեղին ու հայ ժողովրդի համար շահեկան է «ԱԻՄ+» դաշինքի գոյությունը, ԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը երեկ լրագրողներիս ասաց նաեւ, որ «Հայրենիք-Սփյուռք միության» գոյությունն իրենց համար հայտնության պես մի բան էր։ Էլ ո՜ւր մնաց, թե նրա հետ դաշինք կազմելու հնարավորությունը։ Իսկ ընդհանրապես Հայրիկյանը լավատես է։

«Եթե Հայաստանում այսօր լինեին ընտրություններ, մենք շահեկան վիճակում կլինեինք, չնայած չեմ բացառում, որ վաղը մեր վիճակն ավելի շահեկան կլինի»։ Թեեւ այս միտքը մի քիչ մշուշոտ էր ու դժվար ընկալելի, բայց Հայրիկյանի շուրթերից վատ չէր հնչում։ Իսկ հայ ժողովուրդը գիտի՞, որ «էնպիսի կարեւոր ռազմավարական գաղափարներ, ինչպիսիք են մեր դարաշրջանի համար էական համարվող ձեռքբերումները՝ ազգային պետականության վերականգնում, ժողովրդավարության մասին պատկերացումներ, ի վերջո դրանք անմիջականորեն կապված են ԻՄ-ի հետ»։ Ո՛չ, չգիտի։ Չգիտի նաեւ, որ ԻՄ-ը ոչ թե անփորձ, այլ փորձված մածուն է։ Ըստ պրն Հայրիկյանի համոզման, Հայաստանի «վերին իշխանություններն անմասն են» բոլոր նախընտրական նախնական խախտումներից։ Իսկ ԻՄ-ը նախընտրական այս շրջանում «շատ շահեկան» վիճակում է, քանի որ «մարդիկ սիրում են կայունություն եւ տեսնում են, որ ԻՄ-ը կարող է կայունության կռվան լինել։ Որեւէ արտաքին գործոն ԻՄ-ի կայունության վրա չի ազդում»։ Այս միտքն ընդգծելու նպատակով պրն Հայրիկյանը մի գեղեցիկ պատմություն պատմեց Արաքս գետի, ձկնիկների եւ կաղնու մասին։ Պատմության մեջ կաղնին ԻՄ-ն է։ «ԱԻՄ+» դաշինքը հայտարարել է, որ երկրի վրա կուռքեր չի պատրաստվում ստեղծել։ Աստված մեկն է։ 21 կուսակցություններից, ըստ Հայրիկյանի՝ միայն իրենք են առաջնորդվում քրիստոնեական սկզբունքներով (այս տողը հանկարծ Արտաշես Գեղամյանի աչքով չընկնի։ Հաստատ արյուն կթափվի- Լ. Ա.)։ Տիրոջը վկայակոչելով՝ պրն Հայրիկյանն իրեն ու իր կուսակիցներին երջանիկ համարեց, որ ունեն շնորհ հասկանալու՝ Աստծուց դուրս ոչինչ չկա։

Դուրս չգալով Աստծո պատվիրանների շրջանակներից, մնալով համեստության ակունքներում՝ Հայրիկյանը իր մասին հիշեցրեց. «Հայրիկյանին կսազեր Աժ ղեկավարության մեջ լինել։ Դա մեզ շատ էին ասում»։ Գտնելով, որ ԻՄ-ը իշխանություն չունի (՞), բայց կարողանում է պետական համակարգում փոփոխություններ կատարել, Հայրիկյանը վկայակոչեց Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի աշխատանքի արդյունք-փաթեթը։ «Մոտ մի տարի ԱԺ-ն պիտի աշխատի այդ ձեռքբերումները ժողովրդին մատուցելու նախապատրաստելու ուղղությամբ»։

Հաջորդ մտքին անցնելուց առաջ պրն Հայրիկյանը հիշեցրեց «Մի դատիր, որ չդատվես» պատվիրանը։ «Չնայած,- անմիջապես նկատեց հռետորը,- մեր հիմնական մրցակիցների վերաբերյալ պատրաստի փաթեթներ (դոսյե) ունենք, մեր աշխատակիցներն են ներկայացրել (մեր՝ այսինքն ո՞ւմ, նման դոսյեները կագեբեի «մենաշնորհն» են- Լ. Ա.)»։ Հայրիկյանը մեծահոգաբար (եւ առայժմ) ասպարեզ չի հանում «շատ հայտնի քաղաքական գործի մասին դոսյե, որը վերջերս ապացուցեց, թե քաղաքական գործիչ չէ»։ Համաձայն «դոսյեի»՝ այդ գործիչը 77-ին աշխատում էր հայ ժողովրդի դեմ։ ԻՄ-ը որոշել է «բարեկիրթ» կեցվածք ընդունել՝ զբաղվել սեփական գործերով։

Մայիսի 9-ին առեւանգվել է ԻՄ-ի աշխատակցուհին, իսկ ամսի 10-ին Դեմիրճյանի շտաբից են առեւանգել Գասպարյան ազգանունով մեկին, 2 ժամ պահել են։ «Նա հիմա շոկի մեջ է»։ Այս պատահարները ներկայացնելիս՝ Հայրիկյանը տեղեկացրեց, որ որեւէ մեկի «չափն անցնելուց» հետո իրենք էլ ադեկվատ քայլի կդիմեն։

Այն հարցին, թե ինչպես է Հայրիկյանը գնահատում նախագահի խորհրդականներ Արամ Սարգսյանի, Վահան Հովհաննիսյանի, Դավիթ Վարդանյանի իրենց պաշտոնում մնալը այն դեպքում, երբ ինքը՝ Հայրիկյանը, ընտրություններից առաջ հրաժարվեց խորհրդականի իր պաշտոնից, պատասխանեց. «Եթե դու հավատում ես, որ պիտի դառնաս պատգամավոր, պիտի խորհրդական չլինես։ Ծանր կորուստ կլինի մեր հասարակական կյանքի համար, եթե ԻՄ-ը ԱԺ-ում չլինի»։ Իսկ նախագահն ԻՄ-ը պաշտպանում է այն պատճառով, որ նա ԻՄ-ի համագումարում հայտարարել է, թե ընդունում է այդ կուսակցության ծրագրահենքի գրեթե բոլոր հիմնադրույթները։

Վերջում, եւս մեկ անգամ զարգացնելով գործակալների թեման, պրն Հայրիկյանը նշեց, որ Հայաստանում կան ռուսական շատ գործակալներ։ Մեր կողմից ավելացնենք, որ արեւմտյան գործակալներն էլ քիչ չեն։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31