Վերջին օրերի գովազդային հոլովակներին հետեւելով «Առավոտը» գտավ, որ այս կոչը խիստ այժմեական կհնչեր այսօր, քանի որ
… «Արժանապատիվ ապագայի» տեսահոլովակի դիրիժորին շատերն էին շփոթել Լորիս Ճգնավորյանի հետ։ Բայց իրականում դա կուսակցության համամասնական ցուցակի 33-րդ հորիզոնականը զբաղեցնող Զավեն Վարդանյանն է՝ օպերայի եւ բալետի դիրիժոր։ Նրան այլեւս որեւէ մեկի հետ չշփոթելու նպատակով՝ հենց էկրանին հայտնվում է այդ դիրիժորը, անմիջապես գրվում է, որ դա Զավեն Վարդանյանն է։ Եվ նմանօրինակ թյուրիմացությունից խուսափելու համար, «Արժանապատիվ ապագայի» ցուցակի թիվ 2-ին ներկայացնող հոլովակում կադրից դուրս հնչող ձայնն ազդարարեց. «Սա ակադեմիկոս Կառլեն Սահակյանն է։ Տեսնո՞ւմ եք նրա մտահոգ հայացքը»։
… «Օրինաց երկրի» մի բոլորովին անհայտ ներկայացուցիչ երեկ ազդարարեց. «Ընտրեք արժանավորին, ընտրեք ձեր սրտի թելադրածին»։ Պատգամավո՞ր ենք ընտրում, թե՞ կողակից։ Կարծեմ Համլետն Օֆելյային նման դեպքերում ասում էր՝ այդպես եք միշտ սխալվում ամուսին ընտրելիս։
… Թերեւս նեղ շրջանակի մեծ մարդ է «Ազգային պետություն» կուսակցության ղեկավար Սամվել Շահինյանը։ Եվ այդ շրջանակից դուրս գտնվողները հաստատ կզարմանային, թե ով է այս մարդը, որ երեկ իր ելույթում պնդում էր, թե առանց իրենց խորհրդարանն «անհրապույր ու դատարկ կլինի» եւ «մենք ենք լինելու այն աղը, որ օրենքն իր տեղն է դնելու»։ Շատ աղ-վոր էր, պրն Շահինյան։